Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թո՛ղ դատի արդարությունը

Մարտ 07,2013 14:43
namak

Բաց նամակ ՀՀ նախագահի 2012թ. մրցանակը տնօրինող հանձնաժողովին

Թերթում զետեղված ձեր օպերատիվ տեղեկատվությունից իմացա, որ հանձնաժողովիդ բարձր եւ խիստ արդարամիտ տնօրինությամբ իմ «Տագնապներ» բանաստեղծական ժողովածուն դուրս է թողնվել մրցույթի հետագա ընթացքից: Պատճառաբանությունը, ըստ իս, որքան տարօրինակ, նույնքան էլ վրդովեցուցիչ է. ժողովածուիս որոշ կտորներ, իբր, «կրկնվում» են: Ա՜յ քեզ բան…

Այո, կրկնվում են՝ «Տագնապներ, III» գլխից մինչեւ «Տագնապներ, XI» գլուխը, ընդհանուր՝ ինը գլուխ (78-րդ էջից մինչեւ 288-րդ էջը), մտահղացման ամբողջականությունը պահելու նպատակով, այն է՝ «Տագնապներ» ժողովածուն, որը մեր վերջին երեք տասնամյակների բանաստեղծական արտացոլումն է, բերել կարգավորված, միասնական, ընդհանրացված տեսքի: Բայց մի՞թե դա մեղք է, մի՞թե հաղթող գրքի ընթացքը կարելի է կասեցնել նման անխիղճ կերպով՝ հանուն «կանոնակարգային»-տառակերական ինչ-որ կետի… Հակառակ դեպքում, օրինակ՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» տրիպտիխը չէր կարող ներկայացվել նույն ՀՀ նախագահի մրցանակի, որովհետեւ եռանկարի տարբեր մասերը տարբեր ժամանակներում են արվել: Բայց չէ՞ որ դա մի անքակտելի ամբողջություն է, եւ ցուցադրվում է հենց որպես մեկ ամբողջականություն, մեկ նկար: Այսպիսի օրինակները շատ են: Նույնը վերաբերում է եւ «Տագնապներ» ժողովածուիս, որը դուք ընթացքից մերժում եք հանուն ինչ-որ կանոնակարգի ինչ-որ կետի՝ զենուլ տալով գրականությունը բյուրոկրատիզմին: Եվ արդյո՞ք միշտ է հանձնաժողովը այդպիսի ջերմեռանդությամբ հետեւել այդ բյուրոկրատական կանոնակարգի վերոնշյալ կետին: Ո՛չ: Նայեք ձեր վերջին տարիների որոշ մրցանակաբաշխությունների ընթացքն ու ավարտը, եւ կհամոզվեք:

Մինչդեռ, ըստ ժամանակին ինձ հասած տեղեկության (այն, որ գիրքս պիտի ներկայացնեի մրցույթի, վաղուց գիտեին բոլորը), մրցույթի ներկայացված գրքի 30%-ը կարող է եւ կրկնվել: Ինչո՞ւ է լռում այդ տեղեկությունը հայտնած հանձնաժողովականը… Թե՞ ինչ-ինչ պատճառներով հիմա իրեն ձեռնտու է լռելը:

Ակամա ստիպում եք՝ ինձ ոչ բնորոշ բաներ ասել:

Ինչ մնում է ժողովածուիս մնացյալ երեք քառորդին, ապա դա լիովին անտիպ է: Անտիպ են ե՛ւ «Տագնապներ, I» ու «Տագնապներ, II» գլուխները, եւ՛ «Երեւանյան ամառ» գլուխը, որոնք ժամանակին այնպես էին գլխատվել ու խեղաթյուրվել, քաղհանվել ու նոսրացվել՝ հրատարակչության եւ Գլավլիտի կողմից, որ, խաթարումները վերականգնելուց հետո, լիովին կարող են անտիպ համարվել: Այդ մասին պարզորոշ գրել եմ գրքիս «Հեղինակի կողմից» առաջաբանում, բայց, երեւի՝ «չհասկացողի» համար առավել հստակեցնելու կարիք կար, ինչը եւ անում եմ: Իսկ գրքիս մնացյալ մասը՝ «Տագնապներ, XII» գլխից մինչեւ «Տագնապներ, XXIV» գլուխը (ընդհանուր առմամբ՝ մոտ 510 էջ, 720 էջանոց գրքից), անտիպ է ու անտիպ է:

Բայց մի կողմ թողնենք թվաբանությունը:

Կա նաեւ հարցի բարոյական կողմը: Ինչո՞ւ պիտի կեսից կասեցվի ընթացքը, կրկնում եմ՝ ակնհայտորեն հաղթող գրքի: Թե՞ դրանով ճանապարհ է հարթվում հանկարծահաս ինչ-որ մի հերթական գրքույկի համար: Չգիտեմ, բայց այդպիսի կասկածները չեն կարող ակամա չպաշարել ցանկացած մարդու: Հանձնաժողովականներդ ինձ լավ եք ճանաչում, մի՞թե ես այդպիսի չոր, ֆորմալ վերաբերմունքի եմ արժանի: Եվ, վերջապես՝ ո՞վ ո՛ւմ է դատում:

Ահա՛ գլխավոր հարցը: Մի կողմից՝ չես ուզում «պայծառ տքնանքիդ» դատը տալ պատահական, անհամարժեք «աբիժնիկների» ձեռքը (իսկ նման հանձնաժողովների կազմում, մեծ մասամբ, այդպիսի սուբյեկտներ են լինում), որոնք վճիռ են կայացնում յուրյանց թաքուն մարմնածալքերի ֆիզիոլոգիական ջղակծկումների արդյունքում, մյուս կողմից՝ չես ուզում հրաժարվել մրցանակի (այդ թվում՝ Նախագահի) գայթակղությունից, պատվից, ինչո՞ւ չէ՝ նաեւ դրամական պատկառելի պարգեւից: Չէ՞ որ սա քո տարիների անքուն գիշերների, հոգեւոր տառապանքի շոշափելի գնահատանքն է… Եվ վճիռ ընդունողից պահանջվում են ծայր աստիճանի պատասխանատվություն, նրբանկատություն, զգուշություն: Մարդու արժանապատվության հետ խաղալ չի կարելի:

Ի վերջո, ո՞րն է ավելի կարեւոր. հետեւել թերի կանոնակարգի առավել քան թերի կետի՞ն, թե՞ կեսից ճանապարհը չփակել մի գրքի առջեւ, որի միակ «մեղքը»… պոեզիայի առատությունն է: Կասեի՝ գերառատությունը, ինչը, խրախուսվելու փոխարեն, այպանվում, մերժվում  ու պախարակվում է: «Տագնապներ» ժողովածուիս օրինակները ձեր ձեռքի տակ են: Ետ չեմ պահանջում, պահեք, թող մնան, որպեսզի հետագայում էլ առիթներ ունենաք անդրադառնալու գրքիս «կրկնված եւ չկրկնված» էջերին, տեսնելու եւ համոզվելու համար, թե՝ հապշտապ ու հապճեպ, անխորամուխ շուտիկությամբ ի՛նչ պոեզիայի ճանապարհն եք փակում… Ձեր խղճի առջեւ ի՞նչ պատասխան եք տալու:

Ուստի առաջարկում եմ արգո հանձնաժողովիդ՝ ցուցաբերել անաչառություն, խղճի (ու պոեզիայի) մտոք ճիշտ որոշում կայացնել եւ ապակասեցնել «Տագնապներ» ժողովածուիս հետագա մասնակցությունը մրցույթին: Ժողովածուն արժանի չէ նման անհոգի, անսիրտ, անտարբեր (մեղմ ասած) վերաբերմունքի: Հիմա ես ո՞ւմ բացատրեմ, որ ոչ թե «պարտվել» եմ վերջնագծում, այլ՝ միտումնավոր (այլ կերպ չես ասի) դուրս եմ թողնվել դիստանցիայի կեսից՝ «դոպինգ-կոնտրոլի» փարիսեցիական պատճառաբանությամբ: Դա իմ անելիքը չէ: Ուրեմն՝ թո՛ղ գրական ազնիվ պայքարում որոշվի արժանավորագույնը: Ժամանակի դատին ես վստահ եմ, բայց այս կոնկրետ դեպքում թո՛ղ դատի արդարությունը: «Տագնապներ» ժողովածուն պիտի՛ հասնի մրցույթի ավարտական փուլ:

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031