«Բարձրակարգ տեխնիկայով բեմի վերազինման աշխատանքները ավարտական փուլում են»,- այս մասին «Առավոտին» հայտնեց Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, հավելելով, թե ամենամոտ ժամանակներում դրանք կավարտվեն, որին կհաջորդի փորձարկման փուլը: Դրա ընթացքում հնարավոր է՝ առաջանան շտկման աշխատանքներ: Մեր զրուցակիցը մեզ տրամադրեց Հայաստանում առաջին անգամ թատրոնում տեղադրված ձայնային, լուսային համակարգերի եւ այլ տեխնիկական սարքավորումների լուսանկարներ, նշելով, որ դրանք կապահովեն ու կհարստացնեն ցանկացած բեմադրություն:
Հաստատելով մեզ հասած լուրը, թե օրերս թատրոնում հրավիրվել է հերթական գեղարվեստական խորհրդի նիստ, պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Նա պատասխանեց. «Վերջին 6-8 ամիսների ընթացքում թատրոնի ստեղծագործական կոլեկտիվները (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ, մենակատարներ) իրենց «մարզավիճակի» մեջ մնալու նպատակով փորձերն անցկացնում են մշակութային այլ օջախներում: Հավաստիացնում եմ, որ թեեւ «տնից կտրված», մեր արտիստներին, բնականաբար՝ իրենց ղեկավարների շնորհիվ, դա հաջողվել է: Շատ քիչ մնաց բնականոն աշխատանքի վերադառնալու համար»:
Տնօրենը խոստացավ ստեղծագործական ծրագրերի մասին խոսել փոքր-ինչ ուշ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ