Բրիտանացի կինոքննադատ Յան-Հեյդն Սմիթի դիտարկումները
Բրիտանացի ճանաչված կինոքննադատ, International Film Guide-ի խմբագիր Յան-Հեյդն Սմիթը Հայաստանում է: Նա այս օրերին դասընթացներ է անցկացնում կինոլրագրողների եւ կինոսիրողների համար: Ճանաչված կինոքննադատը սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին:
Հետաքրքրվեցինք, թե սովորաբար ինչ խորհուրդներ է տալիս իր ուսանողներին՝ դասախոսությունների ժամանակ:
«Առաջինն այն է, որ պետք է ընդունել բոլոր փոքր ու մեծ հնարավորությունները, որոնք ընձեռվում են, որովհետեւ երբեք չես իմանա, թե վաղն ում կհանդիպես կամ ինչ փորձառություն կունենաս: Մյուս խորհուրդը, ինչքան հնարավոր է շատ ֆիլմ դիտելն է, երրորդը՝ անկախ ամեն ինչից՝ սեփական կարծիք ունենալը: ֆիլմերի մասին գրողներն ավելի տեղեկացված պետք է լինեն, քան սովորական կինոհանդիսատեսը»,- իր բազում խորհուրդներից մի քանիսի մասին նշեց մեր զրուցակիցը:
Կինոքննադատը թատերական քննադատի նկատմամբ որեւէ առավելություն ունի՞: Յան-Հեյդն Սմիթը որեւէ տարբերություն չի տեսնում արվեստի այս կամ այն ոլորտի քննադատության միջեւ, ասում է՝ բոլորի սկզբնակետը ժուռնալիստիկան է ու ոլորտի վերաբերյալ համապատասխան գիտելիքները. «Պարզապես լինում են վատ եւ լավ քննադատներ»:
Ինքն անձամբ ինչպե՞ս կբնորոշի 21-րդ դարի կինոն, որը բնականաբար բազմաշերտ է ու բազմաժանր: Մեր զրուցակիցն ասում է, որ թվայնացված կինոն էապես փոխում է կինոյի տրամադրությունը, այդպիսով, կինոն դառնում է հասանելի բոլորին. «Կինոյի ներկան եւ ապագան թվայնացված լինելն է, որն իր վատ եւ լավ կողմերն ունի: Դու կորցնում ես այն որակը, որ առաջ կար ժապավենի պարագայում, մյուս կողմից էլ, եթե նախկինում խնդիր էր ու ֆինանսատար՝ ֆիլմերը երկրից երկիր տեղափոխելը, թվայնացված տարբերակի դեպքում հնարավոր է թեկուզ փոքրիկ ֆլեշով երկրից երկիր ֆիլմ տանել ու հնարավորություն ընձեռել, որ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած անկյունում կինո նայի: Այսօր երիտասարդ սերունդը սովոր է youtube-ի վիդեոներին, ամերիկյան բլոկբաստերներին, որտեղ գործողությունները շատ արագ են կատարվում: Մի կողմում ունենք, օրինակ, Մայքլ Բեյի «Տրանսֆորմերը», որն ահավոր վատ է ռեժիսուրայի եւ մոնտաժի տեսանկյունից, մյուս կողմում՝ երիտասարդ կինոգործիչների մեծ խումբ, որ աշխարհն ուրիշ աչքերով է տեսնում եւ թարմ շունչ են բերում կինոյին»:
Մեր հարցին՝ արդյոք բլոկբաստերների պատճառով նահանջո՞ւմ է ինտելեկտուալ կինոն, կինոքննադատը պատասխանեց. «Իրականում ողջ աշխարհում չկա նման բան, որ մարդիկ գնան կինոթատրոն հենց լուրջ ֆիլմեր դիտելու համար: Միշտ էլ, դիցուք, Թեո Անգելոպուլոսի, Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ մեծաթիվ հանդիսատես չի եղել: Կինոն արվեստի միակ տեսակն է, որը արդյունաբերություն է համարվում: Ու դու երբեք չես կարող ստիպել մի մարդու, որ ահռելի գումար է ծախսել ֆիլմի վրա, այդ գումարը վերադարձնելու ակնկալիքներ չունենա: Պարզապես հարկավոր է պահպանել ինտելեկտուալ եւ ժամանցային կինոյի առողջ բալանսը: Այդ խնդրի լուծմանը կօգնեին կինոթատրոնները, որոնց թիվը նվազում է ողջ աշխարհում»:
Յան-Հեյդն Սմիթը կարծում է, թե ճիշտ կլիներ, որ այսպես ասած ինտելեկտուալ, հեղինակային կինոն եւ ինդուստրիալ կինոն առանձնացված լինեին եւ կինոթատրոններում յուրաքանչյուրն իր համար նախատեսված սրահում ցուցադրվեր: Նա փաստում է, որ հարցը միայն Ֆրանսիայում է որոշակիորեն օրենքով կարգավորվել. «Ֆրանսիայում այդ օրենքը որոշ չափով գործում է, պարտադրվում է, որ հեղինակային ֆիլմերը ցուցադրվեն: Մենք հաստատ կթշնամանայինք Հոլիվուդի հետ, եթե շատ երկրներ ընդունեին նման օրենք»:
Հարցրինք՝ պատահե՞լ է, որ որեւէ ֆիլմի կամ ռեժիսորի մասին կարծիք հայտնելու համար թշնամանան իր հետ: «Այո, եղել է նման բան, բայց ես չեմ բարձրաձայնի այն կինոընկերության անունը, որի հետ խնդիրներ եմ ունեցել, երբ մի անգամ բացասական կարծիք եմ գրել: Ֆիլմի մասին իմ ոչ դրական հոդվածից հետո այդ կազմակերպության PR գործակալները որոշեցին արգելել իմ մուտքը իրենց ֆիլմերի ցուցադրություններին: Նրանց այդ քայլն արդեն խոսում է այն մասին, թե ինչքան վատն էր ֆիլմը, որովհետեւ եթե հաջողված լիներ, այդքան չէին անհանգստանա»:
Քանի որ պարոն Սմիթը մի առիթով նշել էր, որ Հայաստանի հետ իր կապը Ատոմ Էգոյանի ֆիլմերի միջոցով է ստեղծվել, հետաքրքրվեցինք՝ էգոյանական ֆիլմերի հատկապես ի՞նչ գծեր կառանձնացներ:
Նա Էգոյանին բնորոշեց իբրեւ հանճարեղ ռեժիսոր, ասելով, որ շատ ռեժիսորների նման Էգոյանը եւս ունեցել է Հոլիվուդին շատ մոտենալու «վտագը», եւ որ Հոլիվուդի մեջ «ներծծվելու» արդյունքում ռեժիսորը կարող էր կորցնել իր անհատական ձեռագիրը: Սակայն, ըստ նրա, Ատոմ Էգոյանին հաջողվել է պահպանել ինքնատիպությունը եւ նկարել առանձնահատուկ ֆիլմեր: Կինոքննադատը խոսեց Էգոյանի «Էկզոտիկա», «Next of Kin», «Օրացույց» ֆիլմերից եւ հայկական ազգային հատկանիշները դրանցում ներկայացնելու կերպից: Ինչ վերաբերում է «Արարատին», այս գործի եւ Սերգեյ Փարաջանովի ոճի ու մեթոդների միջեւ մեր զրուցակիցը մի շարք ընդհանրություններ է գտել: Ասում է. «Կարծում եմ, որ Էգոյանի հանճարեղությունն այն է, որ ժամանակակից լուծումներով պատուհան է բացում դեպի անցյալ ու նախնիների ժառանգություն»: Նմանօրինակ ֆիլմեր են՝ Քենթ ՄաքՔենդզիի «The Exiles» եւ 90-ականներին նկարված
«Smoke Signals»-ը, որոնց շնորհիվ մոտիկից ծանոթացել է ամերիկյան հնդկացիների մշակույթին:
Ըստ Յան-Հեյդն Սմիթի, կինոն կարող է լինել հզոր քարոզչամիջոց, ինչպես դա արվեց 1904-ին կինոլեզվով նյուրնբերգյան պրոցեսների մասին խոսելիս, կամ Քեթրին Բիգելոուի «Զրո մթություն-30» ֆիլմով՝ իրաքյան կամպանիայի մասին բարձրաձայնելիս:
Չնայած հայաստանյան 1,5 կինոթատրոնի գոյությանը, պարոն Սմիթը տպավորված է հայաստանյան կինոմթնոլորտով, ի դեպ, նա 2009-ին եղել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ: Ասում է՝ շատ լավ հիշում է այն երեք լավագույն ֆիլմերը, որոնք ժյուրին առանձնացրեց: Խոսքը վերաբերում է Ֆայզա Ահմադ Խանի «Մալեգաոնի գերմարդիկ», Սերգեյ Բուկովսկու «Ողջերը»-ին եւ Անդերս Օսթերգորդի «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից» ֆիլմերին: Յան-Հեյդն Սմիթը նշում է, որ վերջին ֆիլմում սովորական մարդկանց տրամադրում էին տեսախցիկներ, որպեսզի նկարեն Բիրմայում մարդկանց իրավունքների խախտման դեպքերը, այնուհետեւ դրանք ուղարկվեն Սկանդինավիա, ապա կազմված ծրագրի համաձայն այդ ամենը հետ ուղարկվի եւ ցուցադրվի տեղական հեռուստաալիքներով: «Ինձ համար «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից»-ը ոչ միայն կինոփառատոների սահմաններում իմ տեսած ամենաուժեղ դոկումենտալ ֆիլմն էր, այլեւ այն, որ տեսել եմ վերջին տասնամյակում: Որովհետեւ այն որոշ չափով ցույց է տալիս կինոինդուստրիայի ժողովրդականացումը. ցանկացած մարդ կարող է ֆիլմ նկարել, էլ չենք խոսում այն մասին, թե ինչքան կարեւոր էր այն Բիրմայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու առումով»,- հայտնեց նա:
Խնդրեցինք թվարկել մի քանի ֆիլմ, որոնք աժե բոլորը նայեն:
«Դա շատ անհատական է: Ավելի լավ է յուրաքանչյուր ոք իր ամենասիրելի ֆիլմերը դիտի… Ես էլ կարող եմ խոսել՝ ելնելով իմ անձնական փորձից: Իհարկե այդ ցանկում ես անպայման կնշեմ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյն» ֆիլմը, որը շատ հաճախ ընդգծվում է որպես ամբողջ կլինոյի պատմության մեջ նկարված լավագույն ֆիլմ, ինչը հասկանում ենք միայն շատ ու շատ ֆիլմեր դիտելուց հետո: Դրա նման ֆիլմեր հիմա հաճախ են հանդիպում: Իմ պարագայում առաջին ֆիլմը, որ տեսա ու սիրահարվեցի կինոյին, դա Սերջիո Լիոնի «The Good, the Bad and the Ugly»-ն էր: Ցնցված եմ Ալեքսանդր Սոկուրովի «Մայրը եւ որդին» ֆիլմով, արժե նայել նաեւ Ալֆրեդ Հիչկոկի բոլոր ֆիլմերը: Մի հավելում եւս. բոլոր այն ռեժիսորները, ովքեր ուզում են լավ բլոկբաստեր նկարել, պետք է անպայման դիտեն «North by Northwest»-ը»,- համոզված է ճանաչված կինոքննադատը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ