Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական ծառայությանը փորձում են վարկաբեկել

Մարտ 07,2013 14:27

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ իր պաշտոնական կայքէջում արձագանքել է 2013թ. մարտի 5-ին լրատվամիջոցներով տարածված «Իրավունքի Եվրոպա միավորում» եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների հայտարարությունը՝ 2013թ. փետրվարի 18-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքում Արտաշատի թիվ 17/5 ընտրական տեղամասում քվեաթերթիկների լցոնման փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով Ծառայության ներկայացուցիչների կողմից գործով վկա Նարինե Իսմայիլի նկատմամբ իբրեւ ճնշում գործադրելու վերաբերյալ հարցին։

Հայտարարության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունը հավաստիացրել է, որ դրանում շարադրված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը եւ նպատակ են հետապնդում հասարակության եւ միջազգային կառույցների մոտ թյուր կարծիք ստեղծել ընտրական խախտումների բացահայտման եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ տարվող ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես՝ Հատուկ քննչական ծառայության աշխատանքների վերաբերյալ։

Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում նախապես հարցաքննված վկաներ՝ թիվ 17/5 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Անահիտ Սուլթանյանի եւ դիտորդ Նարինե Իսմայիլի ցուցմունքներում եղած էական հակասությունների կապակցությամբ առերեսում կատարելու նպատակով գործը քննող ՀԿԳ քննիչ Գ.Հովակիմյանը 2013թ. մարտի 1-ին վերջիններիս հրավիրել է Հատուկ քննչական ծառայություն։

Նարինե Իսմայիլը հարցաքննության է ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Վերջինս փորձել է ձայնագրառել առերեսման ընթացքը, ինչի դեմ առարկել է մյուս առերեսվողը, որի մասին համապատասխան նշում է կատարել նաեւ առերեսման արձանագրությունում։ Քննիչը նույնպես առարկել է քննչական գործողության ընթացքը փաստաբանի կողմից ձայնագրառելու դեմ՝ իրավացիորեն պատճառաբանելով, որ ձայնագրառումը կարող է խախտել առերեսվող մյուս անձի իրավունքներն ու օրինական շահերը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը փաստաբանին նման իրավունք չի վերապահում, իսկ նույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի ներկա գտնվել վկայի հարցաքննությանը եւ կարող է հայտարարություններ անել միայն վստահորդի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու դեպքերում, որոնք ներառվում են քննչական գործողության արձանագրության մեջ։

Բացի այդ, փաստաբանին արգելվել է կատարել ձայնագրառում, քանի որ նման դեպքում կարող էր խախտվել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի պահանջը։

Տեղեկանալով վերը նկարագրված միջադեպի մասին՝ Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը մտել է քննիչի աշխատասենյակ եւ փաստաբանի պատճառաբանությունները լսելուց հետո վերջինիս առաջարկել է մեկ անգամ եւս ընթերցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ վկայի հարցաքննությանը ներկա գտնվող փաստաբանի իրավունքների շրջանակը սահմանող նորմերը, պահանջել է չխոչընդոտել քննչական գործողության կատարմանը եւ դադարեցնել ձայնագրառումը, ապա՝ հավաստիանալով, որ օրինական պահանջը կատարված է՝ հեռացել է աշխատասենյակից, որից հետո քննչական գործողությունը շարունակվել է օրենքով սահմանված կարգով եւ հանգիստ մթնոլորտում։

Ի դեպ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցել քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը։

Բացարձակ սուտ է հասարակական կազմակերպությունների հայտարարությունում հնչեցրած այն պնդումը, թե քննչական գործողության ընթացքում քննիչի կողմից պարբերաբար ճնշում է գործադրվել վկայի նկատմամբ՝ փորձելով թույլ չտալ նրան ցուցմունքում ներկայացնելու ընտրատեղամասում տեղի ունեցածի ճիշտ պատկերը, եւ իբրեւ ձայնագրառումն անհրաժեշտ է եղել ապօրինի քննչական գործողությունների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար։

Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ մինչեւ Անահիտ Սուլթանյանի հետ առերեսվելը, վկա Նարինե Իսմայիլը հարցաքննվել է երկու անգամ՝ փաստաբան Տիգրան Եգորյանի ներկայությամբ։ Վկայի խնդրանքով՝ նրա ցուցմունքն արձանագրել է քննիչը համակարգչի միջոցով, եւ հարցաքննության արձանագրությունը կազմվել է բառացի Նարինե Իսմայիլի խոսքերից, որպիսի փաստն իրենց ստորագրություններով հաստատել են ինչպես վկան, այնպես էլ փաստաբանը։ Ընդ որում՝ վերջիններս քննիչի կողմից վկայի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չեն արել։

Ինչ վերաբերում է հայտարարությունում վկայակոչված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին, ապա այն մեկնաբանված է յուրովի եւ ներկայացված է ենթատեքստից դուրս։

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հիշատակված հոդվածը թեեւ նախատեսում է, որ փաստաբանն իրավունք ունի օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու եւ ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ, այդ թվում՝ օգտագործելու տեխնիկական միջոցներ, դրա հետ մեկտեղ՝ նախատեսում է այդ իրավունքի իրականացման սահմանափակում, «…եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը», բացի այդ, այն կիրառելի չէ քրեական գործով կատարվող քննչական գործողությունների ժամանակ։

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031