Լրահոս
Օրվա լրահոսը

«Առկա տեսաձայնագրությունից էլ ակնառու է, որ գործ ունենք հանցակազմի հետ»

Մարտ 07,2013 14:19

ՀՔԱՎ-ի իրավաբանն անհիմն է համարում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի հիվանդներին շահագործելու փաստն ապացուցող տեսաձայնագրության պայմաններում հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճելը:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 հիվանդներին շահագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

2012թ. սեպտեմբերի 18-ին «Հետք» ինտերնետային թերթում տպագրվել էր «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» վերնագրով հոդվածը:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է. «Վարդենիսի հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը հոգեկան հիվանդներին տարել է բարձրադիր Ներքին Շորժա գյուղ եւ ստիպել անասուն պահել: Անասունների մի մասը հոգեբուժարանինն է, մյուսը մասը՝ տնօրենինը եւ նրա բարեկամներինը: Հոգեկան հիվանդներն այստեղ կովեր եւ ոչխարներ են պահում, խնամում նրանց, կթում»: Իրավապահ մարմինների կողմից տուն-ինտերնատի տնօրենի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ:

Հարուցված քրեական գործի կարճման պատճառաբանությունը՝ հանցակազմի բացակայությունը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը անհեթեթ ու անհիմն է համարում: Նա նշում է, որ «Հետք» ինտերնետային լրատվամիջոցով բարձրաձայնված փաստերը ինքնին բավական են ու առկա տեսաձայնագրությունից էլ ակնառու է, որ գործ ունենք հանցակազմի հետ:

Արայիկ Զալյանը նկատում է, որ եթե անձին շահագործում են, ու կա համապատասխան տեսաձայնագրություն, ապա հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը չէր կարող կարճվել: «Դեպքը ինքնին հանցակազմ է: «Հետք» լրատվական միջոցի կողմից ոչ միայն նյութ էր տարածվել, այլ նաեւ տեղադրված էր տեսաձայնագրություն, որտեղից երեւում է, որ հոգեբուժարանի հիվանդները, ովքեր շատ անմխիթար վիճակում են՝ քաղցած, ոչ պատշաճ հագնված, գտնվում են լեռներում՝ հոգեբուժարանից կիլոմետրերով հեռու տարածքում, եւ կատարում են անասուններին պահելու աշխատանք: Նրանք լրագրողից խնդրում են ծխախոտ, սնունդ, խմելու ջուր, ապա եւ դիմում իրենց այդտեղից տեղափոխելու խնդրանքով՝ բացատրելով, որ սարերում շատ վատ է, իրենք իրենց կամքով չեն եկել, «զաստավիտով» են բերել: Ինչպե՞ս կարող է այս դեպքում հանցակազմ չլինել: Նախաքննության մարմնի՝ հանցակազմի բացակայության հիմնավորումը անհիմն է, հանցակազմի բացակայության հիմքով չէր կարող կարճվել, քանի որ այդտեղ հանցադեպը առկա է, դեպքը առկա է, փաստերը կան, որ անձը հոգեբուժարանում գտնվելու փոխարեն գտնվում է սարերում՝ սոված, ծարավ: Էլ ինչ ապացույց է պետք ներկայացնել մեր իրավապահ մարմիններին, որ իրենք կարողանան մարդու իրավունքները պաշտպանել»,- ասում է Արայիկ Զալյանը: Նշենք, որ մինչ քրեական գործի կարճվելը, հոդվածի կապակցությամբ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե նյութի հիման վրա, արդյոք, հարուցվե՞լ է քրեական գործ, ներգրավվա՞ծ են, արդյոք, մեղադրյալներ, եւ որո՞նք են նրանց պաշտոնները եւ անուն -ազգանունները: ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել էր պատասխան գրություն այն մասին, որ կազմակերպության գրությունը ուղարկվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ նյութեր պատրաստելու համար:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված գրության համաձայն՝ նյութի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որպես մեղադրյալ ներգրավվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը: 2013թ. փետրվարի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին գրություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ տեղեկատվություն ստանալու այն մասին, թե քրեական գործի շրջանակներում ինչ մեղադրանք է առաջադրվել, ում նկատմամբ եւ ինչ խափանման միջոց է կիրառվել մեղադրյալներից յուրաքանչյուրի նկատմամբ:

2013թ. փետրվարի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից հայտնել են, որ քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031