Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ հնարավորություն

Մարտ 07,2013 14:15

Նախագահական ընտրությունների հետ կապված հետընտրական պրոցեսները դանդաղ, բայց անկասելիորեն վերածվում են Երեւանի ավագանու նախընտրական պրոցեսների: Դա բնական է՝ ցանկացած նորմալ երկրում գրեթե անընդհատ պետք է տեղի ունենան ընտրությունների եւ հանրաքվեների հետ կապված գործընթացներ: Մասնավորապես, տարբեր համայնքներում շարունակվելու են ՏԻՄ ընտրությունները, որոնց նշանակությունը պետք չէ թերագնահատել, քանի որ համապետական ընտրություններում կեղծիքներն իրականացվում են հիմնականում հենց գյուղապետարանների, քաղաքապետարանների, ինչպես նաեւ Երեւանի վարչական շրջանների աշխատակիցների ջանքերով: Ի դեպ, միանգամայն իրատեսական է, որ մենք մոտակա 1-2 տարում կունենանք նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, եթե, իհարկե, ընդդիմադիր ուժերը դրսեւորեն մտքի որոշակի ճկունություն:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել Երեւանի ավագանու ընտրություններում 4 կուսակցությունների՝ ՀԱԿ-ի (որն, ըստ երեւույթին, կհասցնի դառնալ կուսակցություն), ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»՝ ընտրություններում միասնաբար հանդես գալու միանգամայն կառուցողական առաջարկով: Այս առումով իրավիճակն իսկապես նպաստավոր է մի քանի պատճառներով: 1/ Երեւանի ընտրական բոլոր տեղամասերում այդ կուսակցությունները կարող են նշանակել հանձնաժողովների հուսալի անդամների եւ վստահված անձանց՝ չկա հեռավոր գյուղեր հասնելու եւ այնտեղ վերահսկելու խնդիրը: 2/ Չորս կուսակցություններից երկուսը, ըստ էության, ունեն հեռուստաընկերություններ, որոնց առջեւ իշխանությունը, որքան հասկանում եմ, լուրջ սահմանափակումներ չի դնում: Մնացած հեռուստաընկերությունները, մասնավորապես՝ Հանրայինը, ընդդիմության դեմ հակաքարոզչություն չեն իրականացնում, ինչպես որ դա եղել է 2008 թվականին: 3/ Հավաքների եւ ընդհանրապես ընդդիմադիր գործունեության ազատության առումով Հայաստանի այսօրվա վիճակը անհամեմատելի է նախորդ ընտրական ցիկլերի հետ: Գիտեմ, որ հարգարժան ընդդիմադիրներն այս հարցում ինձ հետ համաձայն չեն լինի, բայց պարզապես արձանագրեմ, որ այս ընթացքում ես չեմ հանդիպել հաղորդագրություններ այն մասին, որ ընդդիմադիր հանրահավաքների մասնակիցներին տանում են ոստիկանություն «զրույցի» կամ ենթարկում են վարչական կալանքի, ինչը որ չափազանց տարածված էր 2003-2004 թվականներին: 4/ Համացանցը, կայքերը, սոցիալական ցանցերը դարձել են քարոզչության գործուն միջոց եւ որեւէ ձեւով չեն վերահսկվում իշխանության կողմից, իսկ Երեւանում դրանք միանգամայն մատչելի են:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի գաղափարը միանգամայն իրագործելի է՝ նաեւ այն պատճառով, որ խոսքն այստեղ մայրաքաղաքը ղեկավարելու մասին է, եւ կուսակցությունների միջեւ զուտ գաղափարական տարաձայնությունները նահանջում են երկրորդ պլան: Եթե գաղափարը չիրագործվի, ապա մեղավորը հաստատ իշխանությունը չի լինելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Tigran says:

    Ձեր ասածը տրամաբանական է,և այս պահին միակ ճանապարհը…Բայց այն ունի մի խոցելի կողմ-ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններում վճռական դեր են խաղում վարչական ռեսուրսը և ընտրակաշառքը,իսկ նախագահականում-ով ուզում է ընտրվի,միայն ոչ գործող նախագահը- սկզբունքը:Էնպես որ ընդդիմությունը հիմա ցուգցվանգի մեջ է-չմասնակցելը կնշանակի քաղաքական պրոցեսներից դուրս մնալ,մասնակցության դեպքում պարտությւնը ապահովված է…

    • Հրանտ Պապիկյան says:

      “Ով ուզում է ընտրվի, միայն թե գործող նախագահը չլինի” սկզբունքը ինքնին ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ է, այդպես նույնիսկ մեքենա գնելն է սխալ: Այդ ալիքի վրա ձայներ հավաքած մարդիկ եթե նույնիսկ վստահելի վստահված անձիք չունեն, որոնք տեր կանգնեն իրենց ձայներին, ընտրակաշառքով չվաճառվող ընտրազանգված չունեն… ԵԿԵԼ ԵՆ ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ?
      Հեղինակի վերլուծությունը երկաթյա տրամաբանությամբ է` պարոնայք ՀԱՂԹՈՂՆԵՐ, այս անգամ ավելի շատ նախադրյալներ կան հաղթելու, մի հատ էլ հաղթեք…
      Բայց մի բան կա, որ կարող է խանգարել: Կուսակցությունների միջեւ զուտ գաղափարական տարաձայնությունները միգուցե և նահանջեն երկրորդ պլան,տեղ տալով “միայն թե այսինչը չլինի” հզոր գաղափարին, բայց զուտ անձնական ամբիցիաների ետին պլան մղելու մակարդակին մեր հայ գործիչները դեռ գաղափարապես չեն հասել: “Ով ուզում է լինի”-ն այստեղ իրոք չի աշխատելու:

  2. Մարգար Մախսուդյան says:

    ՛՛Եթե գաղափարը չիրագործվի, ապա մեղավորը հաստատ իշխանությունը չի լինելու՛՛, եթե անգամ մեղավորը հաստատ իշխանությունը լինի:
    Ինչպես նկատեցիք, հեղինակի պնդման ավելի խիստ ձևակերպման կողմնակիցն եմ: Հաշվի առնելով մեր քաղաքական կյանքի վերջին 15 տարիների կենսափորձը, հնարավոր չեմ համարում, որ իշխանությունը փորձ չկատարի խարդավանքների և առանձին գործիչների դհոլացման միջոցով պառակտում մտցնել նոր ձևավորվող ոչ իշխանական կոալիցիայի մեջ, բայց եթե դա նրան այնուամենայնիվ հաջողվի, ուրեմն ընդդիմադիրները պարզապես փորձում էին իշխանությունը զավթած անձանց փոխարինել վերազավթողներով:
    Ներքին համոզում ունեմ, որ որ այս վերջին տարբերակն այլևս հավանական չէ, ավելին՝ որ նոր կոնսոլիդացիան դրականորեն հանգուցալուծելու է նաև նախագահի պաշտոնի փոխանցման հարցը:

  3. Մուրադ says:

    Բա նախագահական ընտրություննե՞րը… Էդ էջն արդնե փակվա՞ծ ա: Հա, Րաֆֆին նախագահ չդարձավ, պատգամավոր չուզեց դառնալ, ավագանի… Մեկ էկ տեսար:

  4. Maxim says:

    Գուշակ չեմ, բայց իրադրությունների զարգացումը ունենալու է հետևյալ ընթացքը: Զորքի և տանկերի շրջափակման մեջ, նախագահի երդման արարողությունը ընդանալու է խայտառակ սցենարով:
    Ռաֆֆիի հորդորները զերծ է պահելու ժողովրդին ընդարումներից: Ավելի մեծ հակակրանքով լցված
    ժողովուրդը պատրաստվելու է քաղաքապետի ընտրություններին, որտեղ բացարձակ առավելությամբ
    հաղթելու է,՝ ,, Ժառանգություն,, կուսակցության կողմից առաջադրված,՝ Արմեն Մարտիրոսյանը:
    Հունիսին կամ հուլիսին,՝ սս-ը տեսնելով իր բացահայտ պարտությունը, գնալու է պրովակացիայի և
    հայտարարելու,՝ արտակարգ դրություն: Այստեղ սիրտս լավ բան չի գուշակում,՝ բայց օգոստոսի
    սկզբին ավազակախումբը վերջնականապես տապալվելու է: Իսկ այս օրերին պետք է համախմբվել:

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելի Մաքսիմ, Ձեր պատկերացրած ընթացքը իրոք իրատեսական է, սակայն պակաս հավանական չեմ համարում նաև Սահմանադրական դատարանի կողմից երկրորդ փուլի հայտարարումը, քանի որ փաստերն ու փաստարկներն այնքան համոզիչ են, որ ՍԴ-ն դրանք չտեսնելու համար առնվազն փլավքամիչով պիտի կարդա հայցադիմումը. https://www.aravot.am/2013/03/08/212359/
      Համոզված եմ, որ ստեղծված իրավիճակում ԺՈՂՈՎՐԴԻ ակտիվությունը վճռորոշ է լինելու:

  5. Հայկ says:

    Ընդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին կարող է գնալ և այդ սահմանադրական հարթակը նույնպես օգտագործել իր նպատակներին հասնելու համար: Նախընտրական քարոզչության ժամանակ կարելի է օգտվել եթերից, հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունից և այլն ու միաժամանակ չշեղվել ժողովրդի բուն պահանջից…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031