Այսօր «Հայացք» ակումբում ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը անդրադարձավ ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերություններին: Ըստ նրա` քաղաքական դաշտում ստեղծվել է յուրահատուկ վիճակ, երբ տարբեր քաղաքական սուբյեկտներ անսպասելի ստեղծված իրավիճակին փորձում են այս կամ այն կերպով արձագանքել, որովհետեւ չարձագանքելը կարող է նրանց դուրս մղել քաղաքական դաշտից. «Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների առումով օգտագործելով ֆուտբոլային տերմինալոգիան, ընդդիմությունը խաղում է առաջին համարով եւ արձագանքողն ու պաշտպանվողը իշխանություններն են, նրանք դեռեւս չեն գնում առճակատման եւ սպասում են, որ ճնշումը ժամանակի հետ մեկտեղ կթուլանա եւ իրենք կմնան իրենց դիրքերում»:
«Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու ավանդույթ չկա», -համոզված է Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով` այս անգամ ընտրություններում իշխանության զգոնությունը թուլացված էր, եւ ընդդիմությունը` Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացել է արձանագրել այնպիսի արդյունքներ, որ երբեք չենք ունեցել ՀՀ պատմության մեջ. «Իրականում հասարակությունը խորը կասկած ունի այս տոկոսների հետ կապված: Շատ քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդ որում՝ 70/30 տոկոս հարաբերակցությամբ: Նույնիսկ պաշտոնական տվյալներում Հայաստանում հասարակությունը մեծամասամբ չի վստահում իշխանություններին, չի ընդունում նրանց լեգիտիմությունը»:
Ինչ վերաբերվում է հետագա զարգացումներին, ապա Վարդանյանը կարծում է, որ դա կախված է նրանից, թե որքանով արդյունավետ ծրագիր կներկայացվի առ այն, թե ինչպես հասնել հաղթանակի. «Այսօր ընդդիմությունը տարբեր ճակատներով է փորձում ամրագրել իր հաղթանակը»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը նաեւ հավելեց, որ եթե ՍԴ-ն անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքները, ապա անպայման Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կդրվի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ