Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրագետ, մշակութաբան Լեւոն Աբրահամյան. «Չի կարելի այս ձեւով ներկայացնել մեր շեդեւրները»

Մարտ 07,2013 13:41

Երեկ Ալեքսանդր Թամանյանի անվան տուն-թանգարանում մշակութաբան, ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը անցկացրեց դասախոսություն՝ «Ծեսը, առասպելը եւ խորհրդանիշը Ս. Փարաջանովի ֆիլմերում» թեմայով:

Միջոցառման ընթացքում ազգագրագետն անդրադարձավ մասնավորապես Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին: Հայտնի ֆիլմի գլխավոր կերպարը միջնադարյան գուսան Սայաթ-Նովան է, սկզբնական շրջանում էլ ֆիլմը կոչվում էր հենց այդպես` «Սայաթ-Նովա»: Սակայն վերջնական տարբերակում այն ստանում է «Նռան գույնը» անվանումը:

Ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը հաստատում է այն տարածված կարծիքը, որ Սայաթ- Նովան եւ Սերգեյ Փարաջանովը համեմատական եզրեր ունեն: Եթե միջնադարյան աշուղը ստեղծագործել է երեք լեզուներով` հայերեն, վրացերեն եւ թուրքերեն, ապա Փարաջանովը իր ստեղծագործական վերջին շրջանում նկարել է երեք ֆիլմ` Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում:

Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ ներկայումս Հայաստանում հնարավորություն չկա լավ որակով դիտելու «Նռան գույնը» ֆիլմը: Վերջինիս օրիգինալ տարբերակը Մոսկվայում է, իսկ մեզ ցուցադրվող տարբերակը որակի առումով շատ է զիջում օրիգինալին:

««Հայֆիլմի» ներկայացրած տարբերակում մի շարք կադրեր հեռացվել են, երբեմն էլ կա կադրի եւ ձայնի անհամապատասխանություն: Այս տարբերակը դիտելիս ես վիրավորված զգացի ինձ: Չի կարելի այս ձեւով ներկայացնել մեր շեդեւրները, դա ուղղակի անթույլատրելի է» ,- նշում է պարոն Աբրահամյանը:

Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031