Այսօր «Հայելի» ակումբում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հայտնեց, որ վտանգված են բոլոր այն ծրագրերը, որոնց միջոցով հայաստանյան հ/կ-ներն աշխատում են:
«Որոշ ծրագրեր տեղափոխվում են Ստամբուլ, իսկ հիմա խոսքը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մասին է: Իսկ այստեղ վտանգ կա, Թուրքիան մեծ գումարներ է տրամադրում, որ այն տեղափոխի: Այն հ/կ-ները որոնք համագործակցում են ՄԱԿ-ի հետ, հավաքվեցինք եւ ՄԱԿ-ին նամակ գրեցինք, որի տակ ստորագրեցին շուրջ 16 հ/կ:
Եթե տեղափոխվեն, փաստորեն ստացվում է, որ մենք մեր բոլոր ծրագրերն իրականացնելու ենք Ստամբուլի օգնությամբ»:
«Ընդդեմ իրավական կամայականության» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ շատ միջազգային կոնֆերանսներ են եղել, որ Թուրքիան հատուկ չի հրավիրել Հայաստանին, իսկ հիմա այս տեղափոխումից հետո հայտնի չէ, թե ինչեր կարող են լինել: Ալավերդյանի փոխանցմամբ`«Երբ մենք հանդիպեցինք ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ, նա մեզ ասաց, թե հարցը քաղաքականացնում ենք: Բայց մենք պահանջում են արժեքների սրբորեն պահպանությունը, ինչը գրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ»:
Կարդացեք նաև
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ նշեց, որ Հայաստանը շատ վատ է աշխատում, այդ պատճառով էլ նման իրավիճակում է հայտնվում, իսկ ինչ վերաբերում է այս երեւույթին, ՄԱԿ-ը կառույց է, որը ենթակա է ընթացիկ կյանքի վայրիվերումներին:
Հարցով մտահոգվածները փետրվարի 22-ին Հայաստանում, հանդիպել են Երևանում տարածաշրջանային տնօրեն Խաոլյան Շիի հետ եւ մտահոգություն հայտնել Սլովակիայից Թուրքիա ՄԱԶԾ գրասենյակի հնարավոր տեղափոխության կապակցությամբ: Քննարկման ընթացքում խոսել են իրենց պրոբլեմների ու հեռանկարների մասին, իսկ իրենց կողմից գրված նամակով մեկ անգամ եւս հաստատում են իրենց հայտարարությունը:
Նամակում մասնավորապես նշվում է` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խորապես մտահոգված ենք ՄԱԶԾ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից, Սլովակիայից Ստամբուլ, Թուրքիա տեղափոխելու նախատեսվող ծրագրի կապակցությամբ: Մենք մեր պարտքն ենք համարում Ձերդ գերազանցությանը և ՄԱԿ-ի անդամ երկրներին տեղեկացնելու, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դրա համար լուրջ պատճառներ ունի»:
Մանրամասնելով պատճառները՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշել են. «Թուրքիան երկիր է, որտեղ իրագործվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը իր իսկ պատմական հայրենիքում, որի սկիզբը դրվեց 19դ. վերջին եւ լիովին իրականացվեց 20-րդ դարի սկզբի առաջին աշխարհամարտի տարիներին: Երիտթուրքերի իշխանության կողմից մանրակրկիտ ծրագրավորված հրեշավոր ցեղասպանությունը 1915 թ. սկիզբ առավ հենց Ստամբուլ քաղաքից, ուր այսօր ծրագրավորվում է տեղափոխել ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը: Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայում իշխանությունը ստանձնած Քեմալ Աթաթուրքի գլխավորած հանրապետությունը փաստացի ավարտին հասցրեց երիտթուրքերի սկսած ցեղասպանությունը: Ցեղասպանության ճիրաններից փրկված հայ փախստականների հետագա ճակատագիրը մեծ չափով մնաց Ազգերի լիգայի փախստականների հարցերով գրասենյակի եւ դրա համակարգող, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի վրա, ում մինչեւ այսօր երախտապարտ է հայ ժողովուրդը: Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում այդ ոճրագործությունների փաստերը եւ պատասխանատվությունը, չնայած հայ ժողովրդի ցեղասպանության փաստն ընդունվել եւ դատապարտվել է ՄԱԿ-ի անդամ մի շարք պետությունների կողմից: Մեզ խորհրդանշական է թվում, որ հայոց ցեղասպանության հարյուրամյակին Ցեղասպանությունը դատապարտող ՄԱԿ-ը իր կարեւոր գրասենյակներից մեկը ծրագրավորում է տեղափոխել այն երկիր եւ այն քաղաք, ուր ծրագրավորվել եւ սկիզբ է առել մարդկության եւ կոնկրետ ազգության դեմ իրականացված եւ մինչև այսօր անպատիժ մնացած այդ հրեշավոր հանցանքը:
Առաջին աշխարհամարտի ընթացքում Թուրքիան իրագործել է նաեւ այլ ազգային փոքրամասնությունների զանգվածային բնաջնջում, այդ թվում` հույների, ասորիների, եզդիների: Այդ հրեշավոր հանցանքների համար անպատիժ մնացած երկրի իշխանությունները 1937-1938թթ. ցեղասպանական ծրագիր իրականացրին նաեւ Թուրքիայի Դերսիմ կոչվող նահանգում ապրող ալեվիների նկատմամբ: Հանցագործությունների անպատժելիությունից խրախուսված Թուրքիան, կիսելով ֆաշիստական Գերմանիայի ռասիստական աշխարհայացքը, երկրորդ աշխարհամարտին պատրաստվում էր միանալ աշխարհակործան պատերազմին:
20-րդ դարի ողջ ընթացքում, նույնիսկ ՄԱԿ-ի անդամ դառնալով, Թուրքիան շարունակել է իր ռասիստական եւ ագրեսիվ քաղաքականությունը իր երկրի քաղաքացիների եւ հարևան երկրների նկատմամբ. վկա` հույների ջարդերը Ստամբուլում 1955թ., Կիպրոսի օկուպացիան, արդեն քառասուն տարի շարունակվող ճնշումները քրդական ինքնության պահպանության դեմ Թուրքիայում, Դերսիմի բնակչության տեղահանությունները եւ ալեվի բնակչության դիֆուզիան 1993-94թթ. (Դերսիմի դատարկված գյուղական բնակավայրերի ավերակները մինչեւ այսօր զինվորական վերահսկողության տակ են), երկրի քրիստոնյա բնակչության անձնանունների եւ բնակավայրերի տեղանունների թրքացումը, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ինքնության դեմ գործողությունները, ագրեսիվ ազգայնականության և այլատյացության խրախուսումը դասագրքերում, պատմության կեղծարարությունը և պատմագրության քաղաքականացումը, այդ երևույթների դեմ ըմբոստացող անձանց հետապնդումները (Ռագըբ Զարաքոլու, Օրհան Փամուկ, Թաներ Աքչամ և շատ ուրիշներ) եւ սպանությունները (Հրանտ Դինք): Այս երևույթները բացահայտ արհամարհանք են ՄԱԿ-ի կարեւորագույն կոնվենցիաների նկատմամբ…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ