Այսօր Րաֆֆի Հովհանիսյանը հանդիպում ունեցավ Թալինի բնակիչների հետ եւ հիմա շարժվում է Արթիկ, Մաստարա:
Նա թալինցիների հետ հանդիպմանը նշեց, որ երեկ ուզել են սարով անցնել Ճամբարակ՝ նախկին Կարմիր գյուղ, որովհետեւ Կարմիրի վերեւը Վահան գյուղն է՝ Արծվաշենի դիմաց, որը մենք զիջեցինք. «Ոնց որ Արեւմտյան Հայաստանը ոչ միայն թուրքը գրավեց, սպանեց եւ մենք պատասխան ենք պահանջելու թուրքից, այլ մենք հանձնեցինք: Մենք հանձնեցինք՝ սասունցի, մշեցի, եկվոր, Հայաստանի ժողովուրդը՝ մենք հանձնեցինք եւ այլեւս երբեք ոչ մի թիզ հող չենք հանձնելու:»:
Իսկ թե ինչու են երեկ փորձել Զարուհի Փոստանջյանի հետ գնալ Վահան գյուղ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պատմելով՝ «Որովհետեւ Սերժ Սարգսյանի իշխանությունը հրահանգել է սահմանը պահող մեր զինվորներին, ամենաամոթալի հրահանգն են իջեցրել: Ասել են, տղաներ, դուք պաշտպանում եք մեր սահմանը՝ Վահան գյուղը՝ Արծվաշենի դեմ դիմաց, բայց եկեք, խախտեք ժողովրդի վստահությունը, գողացեք ձայնը եւ Ճամբարակում, Կարմիրում 95 տոկոս ձայն խփեք ժողովրդի դեմ: Խփեցի՞ք, պրծա՞ք»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ուզել է գնալ այդ զինվորների մոտ, նրանց ձեռքը համբուրել, աչքերի մեջ նայել եւ ասել, որ «դուք սահման եք պահում, հայրենիք եք պահում, սակայն եղանակայինպայմանները թույլ չեն տվել. «Ձյունը մեզ թույլ չտվեց՝ հետ դարձանք: Ես ձեզ խոստացել էի, որ նահանջ չենք տալու, բայց ես նաեւ պատասխանատվություն կրում էի Զարուհու եւ բոլորի առջեւ: Մենք հետ դարձանք»:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, թե որ գյուղերում է ցածր տոկոսներ գրանցվել՝ իր օգտին. «Աշնակ, ձեր ցուցանիշներին նայեք, էդ ինչ վախկոտ, ինչ գողացան ձեզանից, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Մաստարա, ես ամոթանք չտամ, դուք որոշեք: Ես ձեր կողքին եմ, դուք որոշեք ձեր հաղթանակն ինչպես պետք է պահեք»:
Նա ընդգծեց, որ մեկ շնորհք ունի. «Իմ միակ շնոորհքն է, որ ես ձեզ հավատացի, ուրիշ շնորհք չունեմ»:
Հանդիպումը հեռարձակվում էր civilnet.am-ի ուղիղ եթերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ