Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով էպոսագետ Վարդան Սեդրակյանը երկու ամսով կալանավորվել է։ Դատարանն այդ որոշումն ընդունել է ԱԱԾ քննչական վարչության միջնորդությամբ։
«ՉԻ» – Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել այսպես. Վարդան Սեդրակյանին հրավիրել են ԱԱԾ պետի աշխատասենյակ եւ թեյ առաջարկել։ Նա նստել է գորգին, որ թեյ խմի, բայց ընկել է հորը, ավելի կոնկրետ՝ ԱԱԾ նկուղը, որից հետո հորի բերանը փակվել է քառասուն ջրաղացքարով եւ Հնդկաստանից ներմուծված գոմեշի կաշվով։
Ընդ որում՝ պատահական չէ, որ հայ ազգի դեմ իրականացված սույն դավադրությունը տեղի է ունեցել հենց մարտի 5-ին։ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Վարդան Սեդրակյանը մասնակցելու է Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ 81 տոկոս ձայն է հավաքելու, դրա համար էլ նրան ձերբակալել են այդ ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ։
Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, որ եթե Փոքր Մհերը դուրս գա Ագռավաքարից ու գա Հայաստան, ԱԱԾ-ն իսկույն նրան կձերբակալի՝ ՀՀ սահմանն ապօրինի հատելու համար։
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»