Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներից մեկում անսթափ վիճակում ելույթ ունենալիս Ռուբեն Հախվերդյանը Արցախն անվանել էր «ադրբեջանական գավառ»։ Նրա այդ արտահայտությունը, բնականաբար, շատ-շատերի վրդովմունքն էր հարուցել։
Եվ ահա երեկ նա հանդիպեց լրագրողների հետ ցուցադրաբար մաստակ ծամելով։ Վերջում լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ծամոնը բերանին ասուլիս տալիս։ Հետեւեց հրաշալի պատասխան. «Ես ուզում էի իմ վերաբերմունքը ցույց տալ հայ մամուլի նկատմամբ»։
Այդ հետո միայն նա «արդարացավ», թե՝ «իմ կյանքը կերել ա հայ մամուլը, բաներ եմ ասում, շուռ եք տալիս»։ Իսկ ասուլիսից հետո մի հատ էլ «սրբագրեց», թե՝ սխտոր էր ճաշակել եւ չէր կամենում այդ բույրով տապալել ասուլիս եկած լրագրողներին ու հատկապես լրագրուհիներին՝ վերջիններիս հորդորելով հնարավորինս արագ պսակվել։
Ի դեպ, այդ արտահայտությունից հետո միանգամայն տրամաբանական ու ճիշտ կլիներ, որ «հայ մամուլի» ներկայացուցիչներն էլ իրենց համարժեք վերաբերմունքն արտահայտեին ու նույնպիսի արհամարհանքով, ցուցադրաբար լքեին դահլիճը։ Բայց «հայ մամուլը» կուլ տվեց երգչի թուքը, իսկ ասուլիսն էլ շարունակվեց ասես ոչինչ տեղի չէր ունեցել։ Ըստ այդմ, պարզվեց, որ առնվազն ասուլիսին ներկա «հայ մամուլը» հենց նման վերաբերմունքի էլ արժանի էր։
Ինչ վերաբերում է Ռուբեն Հախվերդյանի ասածներին, ապա կենտրոնանանք մի քանի դրվագի վրա։
Բնականաբար հարց հնչեց Ռուբեն Հախվերդյանի վերոհիշյալ միտինգային ելույթի ու խնդրահարույց արտահայտության վերաբերյալ։ Նա մասնավորապես պատասխանեց. «Ովքեր չեն հասկացել, էդ իրենց գործն է։ Սակայն ես կուզենամ ավելացնել, որ Սերժ Սարգսյանը, որպես քաղաքական գործիչ, կայացել է սովետական Ազրբեջանում։ Եվ նա օգնականն էր մի մարդու, որի անունն ա Կեւորկով։ Էդ Կեւորկովի պատճառով, Սովետական Միության ժամանակ, բավականին հայաթափվեց Ղարաբաղը»։
Քիչ անց Ռուբեն Հախվերդյանը, որպեսզի հարցականներ չմնան, մի հատ էլ բացատրեց. «Իմ ասածը նրանում ա կայանում, որ նա գավառամիտ մարդ է, լայնախոհ չի, իմ կարծիքով, ես իրավունք ունե՞մ իմ կարծիքը հայտնել»։
Քավ լիցի, Հայաստանում ամեն մեկն էլ իրավունք ունի իր կարծիքը ազատորեն հայտնել։ Ավելին, կարելի է լինել ոչ միայն Ռուբեն Հախվերդյանի նման հայտնի երգիչ, այլեւ ընդհանրապես անհայտ ու երգել չիմացող մեկը եւ վիրավորել ում ուզում ես։ Հայաստանում դրա իրավունքն էլ կա, որի իրացմանը կարելի է հանդիպել ամեն քայլափոխի։
Բայց եթե քո արտահայտած կարծիքը բացարձակ անհեթեթություն է, ապա գուցե արժե՞ մի քիչ մտածել՝ նախքան այն արտահայտելը, մանավանդ որ իմացածդ ոչ թե փաստեր են, այլ երեւանյան տաքսիներում ու բեսեդկաներում հյուսված «ժողովրդական բանահյուսություն», պարզ ասած՝ բամբասանք։
Այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը ԽՍՀՄ տարիներին խառատ աշխատելուն զուգահեռ Երեւանի պետհամալսարանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (սա հատուկ պարոն Հախվերդյանի համար) ու 1979-88 թվականներին աշխատել է մարզի կոմերիտական եւ կուսակցական կառույցներում, զբաղեցրել տարբեր պաշտոններ, հանրահայտ է։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը եղել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնականը, նրա «աշուղ-կենսագիրները» գիտակցաբար շրջանցում են կամ երեւի չգիտեն էլ։ Թե ո՞վ է Հենրիկ Պողոսյանը, թերեւս այստեղ ավելորդ է բացատրել։ Նա հաստա՛տ ատելի Կեւորկովը չէ։
Երկրո՛րդ։ Քաղաքական առումով բացարձակ անգրագիտություն է, երբ ասվում է, թե որպես քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանը կայացել է «սովետական Ազրբեջանում»։ Թե՛ Ռուբեն Հախվերդյանը, թե՛ որեւէ այլ ոք, իհարկե, լիովին ազատ է իր պատկերացումներն ու տեսակետն ունենալ ցանկացած պետական, քաղաքական գործչի նկատմամբ, կարող են ատել, կարող են գովերգել ու պաշտել։ Դա իրենց խնդիրն է ու խնդրի ա՛յդ կողմը չենք դիտարկում։ Հարցն այն է, որ պարզապես ակնհայտ անհեթեթություն է ասում շատերի, ի դեպ, նաեւ տողերիս հեղինակի կողմից սիրված երգիչը։
Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հայաստանի քաղաքական էլիտայի մի ահռելի մասը, բացառությամբ անկախականների, որպես քաղաքական գործիչ կայացել են 1988-ից սկսած՝ Արցախի ազատագրական շարժումով ու պայքարով։ Սա՛ է հարցը։
Ինչ վերաբերում է կոնկրետ Սերժ Սարգսյանին, ապա նա 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ մինչեւ 1993 թվականն էլ ղեկավարել է անկախացած ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն։ Հե՛նց դա է որպես քաղաքական գործիչ կայանալու հայտը։
Ռուբեն Հախվերդյանը, մի տեսակ չուզելով, ծուռբերան, բայց այնուամենայնիվ ընդունեց, որ Արցախի անկախության ու ազատագրության համար պայքարում Սերժ Սարգսյանն էլ է ներդրում ունեցել (ինչպիսի՜ մեծահոգություն երգչի կողմից)։ Բայց տվյալ դեպքում խոսքը Հախվերդյանի դատողություների մեջ եղած տրամաբանական փոխբացառող հակասության մասին է։ Նա անընդհատ շեշտում էր Կեւորկովի հայատյաց լինելը, Արցախը հայաթափելը, հասկանալի է՝ դրա ստվերը նետելով «նրա օգնականի» վրա։
Մի քիչ տարօրինակ չէ՞, որ նման սրիկա մարդու «աջ ձեռքն» իբր թե եղած անձնավորությունը պայքարում է հանուն Արցախի ազատության, դեմ է գնում նույն այդ «Ազերբայջանին», ավելին՝ ղեկավարում է ինքնապաշտպանության կոմիտեն, իբր դա քիչ է՝ նույն պատերազմի ընթացքում՝ 1993-95 թվականներին, ղեկավարում է ամբողջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ծամոնը ցուցադրաբար ճպպացնելու միջակայքերում նման մի դատողություն հնարավո՞ր է, որ թեթեւակի հպվեր երգչի մտքերի սխտորասահ ընթացքին։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»
Չեմ կարծում, որ հհկ-ն, բհկ-ն,օեկ-ը, լիքը խաշի տաշտակից օգտվելուց, սխտոր չեն օգտագործում: Հախվերդյանը ասում է այն,՝ ինչը, որ շատերս մտածում ենք: Ռուբեն Հախվերդյանը մեկն է,՝ մենք
միլիոնավոր, դրա համար էլ այս օրին ենք: Դուք ավելի լավ է հետևեք այդ կեղծ Նժդեհականների մտածողությանը, մի՞ թե ավելի բացահայտ ապացույց կարող է լինել Ռուբեն Հախվերդյանի ասածին,
քան այդ համատարած դեմադոդիաի ամենազզվելի դրսևորումը: Ախր, ո՞ր մեկը ասես: