Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետդեպարտամենտ. «Հարավային Կովկասում Հայաստանը թմրամիջոցների առումով ամենաբարվոք վիճակում է»

Մարտ 07,2013 12:15

Թե՛ Վրաստանը եւ թե՛ Ադրբեջանը շատ ավելի լուրջ խնդիրների են բախվում, ասված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում։

Հարավային Կովկասի պետություններից Հայաստանը թմրամիջոցների արտադրության, օգտագործման եւ հատկապես տարանցման առումով ամենաբարվոք վիճակում է: Սա են վկայում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում տեղ գտած տվյալները:

«Հայաստանը թմրամիջոցների արտադրության ասպարեզում լուրջ դերակատարություն չունի, իսկ թմրադեղերի չարաշահման մակարդակն այստեղ կարելի է չափավոր գնահատել», – նշված է Պետքարտուղարության «Թմրամիջոցների վերահսկողության միջազգային ռազմավարություն» անունը կրող զեկույցում:

Վաշինգտոնում հրապարակված այս փաստաթղթի հեղինակների պնդմամբ` Հայաստանը լուրջ դերակատարություն չունի նաեւ թմրամիջոցների տարանցման առումով: Դրա հիմնական պատճառը երկրի աշխարհագրական մեկուսացվածությունն է: «Հայաստանը չունի ելք դեպի ծով, իսկ ցամաքային չորս սահմաններից երկուսը` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, փակ են: Այդ ամենը նվազեցնում է Հայաստանի` որպես թմրամիջոցների տարանցման ուղու գրավչությունը», – նշում են ամերիկացի մասնագետները:

Արձանագրելով, որ Հայաստանում ամենատարածված թմրամիջոցը շարունակում է մնալ մարիխուանան, զեկույցի հեղինակները նշում են, որ միայն 2012 թվականին հայաստանցի իրավապահները շուրջ 82 տոննա մարիխուանա են ոչնչացրել: «2012-ին, սակայն, առգրավված թմրամիջոցների ծավալը Հայաստանում նվազել է, ինչը հայաստանցի իրավապահները բացատրում են 2011-ի վերջին եւ 2012-ի սկզբին նարկոթրաֆիքով զբաղվող մի շարք խմբերի վնասազերծմամբ», – ասված է զեկույցում։

Ինչ վերաբերում է թմրամիջոցների տարանցման ուղիներին, ապա Հայաստանի ոստիկանությունը պնդում է, որ դրանք հիմնականում երկուսն են` Աֆղանստանից` Իրանով դեպի Հայաստան, եւ Թուրքիայից դեպի Հայաստան` Վրաստանի տարածքով: «Թմրամիջոցների տեղափոխման փորձերի համար Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը լիովին փակ է», – նշված է Պետքարտուղարության զեկույցում:

Փոխարենը, տարեցտարի ակտիվանում են Մեղրիով թմրամիջոցներ ներկրելու փորձերը: Զեկույցի հեղինակները պատմում են թմրամիջոցների Հայաստան տեղափոխման` անցած տարի բացահայտված մի նոր մեթոդի մասին: «Թմրամիջոցները տեղադրվում են պլաստիկ գնդակների մեջ, որոնց վրա լուսադիոդներ կան: Գիշերն այդ գնդակները նետվում են Արաքսի հայկական ափ: Ստացված թմրամիջոցի համար վճարումը իրականացվում է նույն կերպ», – հայ – իրանական նարկոթրաֆիքի տեխնոլոգիական մանրամասներն է բացահայտում  Պետքարտուղարության զեկույցը:

Ինչ վերաբերում է հարեւան պետություններին, ապա, զեկույցի հեղինակների պնդմամբ, թե՛ Վրաստանը եւ թե՛ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի լուրջ խնդիրների են բախվում: Միջազգային նարկոթրաֆիքի հիմնական ուղիներից մեկը, որ մեկնարկում է Աֆղանստանում, ապա Իրանով շարունակվում է դեպի Եվրոպա եւ Ռուսաստան, անցնում է թե՛ Վրաստանի եւ թե՛ Ադրբեջանի տարածքով:

«Ադրբեջանի տարածքով տարեկան 11 տոննա հերոին է տեղափոխվում: Վրաստանը նաեւ աչքի է ընկնում սեփական ընդհատակյա արտադրության թմրամիջոցների առկայությամբ: Վերջին շրջանում դրանցից առավել մեծ տարածում են ստացել հատկապես ամֆետամինների հիմքի վրա ստեղծված «Ջեֆֆ» եւ «Վինտ», ինչպես նաեւ «Կրոկոդիլ» տեսակի թմրամիջոցները», – նշում են զեկույցի հեղինակները:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031