Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին է մակագրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորի դեմ գործը:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, ոստիկանության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված Ռոբերտ Հովսեփյանը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններից գողություններ է կատարում։ Ստացված տեղեկությունները ստուգելու համար իրականացվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
2012 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 22-ի սահմաններում, տեղեկանալով, որ Ռ. Հովսեփյանն իր ընկերների հետ գտնվում է Երևանի Ռոստովյան փողոցում, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը և ոստիկանության այլ աշխատակիցներ մեկնել են նշված վայր՝ վերջինիս բերման ենթարակելու։
Ժամը 22.30-ի սահմաններում, երբ Ռոբերտ Հովսեփյանն իր ընկերների հետ կանգնած է եղել Ռոստովյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող առևտրի կրպակի մոտ, Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելու հիմքերի բացակայության պայմաններում հարձակվել են Ռոբերտ Հովսեփյանի վրա, բռնության գործադրմամբ պառկեցրել գետնին, ձեռնաշղթայով կապել ձեռքերը և նստեցնելով ավտոմեքենան՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Ոստիկանության բաժին բերման են ենթարկվել նաև Ռոբերտ Հովսեփյանի հետ գտնվող Քերոբ Սիմոնյանը, Ալբերտ Ղազարյանը, Վահան Թորոսյանը և Կարեն Մովսիսյանը։
Կարդացեք նաև
Առանց արձանագրություն կազմելու և ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում գրանցելու՝ Ռոբերտ Հովսեփյանին և նրա հետ բերման ենթարկված անձանց տարել են առանձին աշխատասենյակներ՝ համապատասխան օպերատիվ աշխատանք իրականացնելու նպատակով։ Ռոբերտ Հովսեփյանի հետ օպերատիվ զրույց են ունեցել օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, հայտնել են իրենց ունեցած կասկածների մասին և Ռոբերտ Հովսեփյանից պահանջել են խոստովանել չբացահայտված գողությունների դեպքերը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ օպերատիվ զրույցի ընթացքում, երբ Ռոբերտ Հովսեփյանը հայտարարել է, որ գողություններ չի կատարել և գողություններից տեղեկություններ չունի, Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը և քննությամբ չպարզված ոստիկանության երկու աշխատակիցներ, ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Ռոբերտ Հովսեփյանին ապօրինի պահել են աշխատասենյակում, ձեռնաշղթայով կապել ձեռքերը ու ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով հարվածելով դեմքին և մարմնին, ստիպել խոստովանել նախկինում արձանագրված և չբացահայտված գողությունների մեջ նրա մասնակցությունը։
Ծեծի ժամանակ Խաչիկ Բախբուդարյանը ձեռքերի ափերով հարվածել է Ռոբերտ Հովսեփյանի ականջներին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ձախ ականջի թմբկաթաղանթի տրավմատիկ թափածակում։ Գործադրված բռնության հետևանքով Ռոբերտ Հովսեփյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Ռոբերտ Հովսեփյանը, չդիմանալով գործադրված բռնությանը, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին ու հոգեբանական ճնշումներին, խոստովանել է, թե ինքն է կատարել հիշյալ չբացահայտված գողությունները։ Դրանից հետո Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, կատարելով պաշտոնեական կեղծիք, կազմել են ակնհայտ կեղծ արձանագրություն՝ իբրև Ռոբերտ Հովսեփյանին ոստիկանության բաժին բերման են ենթարկել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15-ին, և գրանցել բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում։
Նկարագրված արարքի համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, իսկ քննությամբ չպարզված ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ։