Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարոնայք կոնգրեսականներ, իսկ որտե՞ղ էիք դուք նախագահական ընտրություններին

Մարտ 07,2013 11:46

Երեկ «Հայ ազգային կոնգրես»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերին՝ «Ժառանգությանը», «Բարգավաճ Հայաստան»-ին եւ «Դաշնակցությանը» միասին հանդես գալ Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում։ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատությանն» ասել է. «Բացառիկ մի հնարավորություն 14 այս քաղաքական ուժերի համար, համախմբելով ռեսուրսները եւ համակարգելով ջանքերը, հասնել շատ կարեւոր հաղթանակի ռեժիմի նկատմամբ, ինչը ճանապարհ կբացի նաեւ հետագայում իշխանափոխության համար»։

Զուրաբյանը, իհարկե, իրավացի է, սա իրոք բացառիկ հնարավորություն է, որը, համաձայն ՀՀ Սահմանադրության, ընձեռնվում է 4 տարին մեկ անգամ։ Այլ բան, որ կոնկրետ ՀԱԿ-ի համար այդպիսի հնարավորություն կարող է եւ այլեւս չլինել, քանի որ ընդամենը կես ամիս առաջ կայացած նախագահական ընտրություններին չմասնակցելով՝ ՀԱԿ-ն իրեն, գուցե եւ անվերադարձ, դրեց քաղաքական լուսանցքում։ Եվ հիմա, լսելով «ռեժիմին հաղթելու բացառիկ հնարավորության» մասին հայտարարությունները, դժվար է չհարցնել, պարոնայք կոնգրեսականներ, իսկ որտե՞ղ էիք դուք նախագահական ընտրություններին, ինչո՞ւ հանրության սպասելիքները բորբոք պահելով մինչեւնախաամանորյան օրերը՝ ցինիկաբար հուսախաբ արեցիք բոլորին՝ այդպես էլ պատասխան չտալով ձեր քաղաքական դասալքության համար։

«Եթե իսկապես ձեւավորվում է ճակատ ընտրակեղծարարության դեմ, դա նաեւ նշանակելու է, որ այս բոլոր չորս քաղաքական ուժերը ակտիվորեն մտնում են պայքարի մեջ, ժողովրդին մոբիլիզացնում են, եւ նաեւ բոլոր ընտրատեղամասերում մենք ունենալու ենք չորսական անդամ, որոնք կարող են, գործելով որպես թիմ, բռնել ընտրակեղծարարի ձեռքը»,- շարունակել է Զուրաբյանը։ Եվ կրկին՝ անհնար է չհարցնել, բա ինչո՞ւ նույն բանը չարեցիք ընդամենը երկու շաբաթ առաջ, ինչո՞ւ չբռնեցիք նախագահական ընտրությունների կեղծարարների ձեռքերը, ինչո՞ւ ձեր սնամեջ «քաղաքական կոնսուլտացիաներով» նպաստեցիք ժողովրդի ապամոբիլիզացմանը, եւ հիմա, երբ ձեր կողմից պարբերաբար հրապարակային քամահրանքի, տարբեր պիտակների ու ծաղրի արժանացած Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ամենն արել է ձեր փոխարեն՝ պատրաստակամորեն ցանկանում եք քաղել նրա պայքարի պտուղները։

Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է նաեւ «Հայ հեղափոխական դաշնակցությանը», որն այս օրերին առանց դույզն-ինչ անհարմար զգալու՝ հարթակը կիսում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ այն դեպքում, երբ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից առաջ այդպես էլ չկարողացավ վեր կանգնել իր քաղաքական փոքրոգությունից եւ կոչ անել իր ընտրազանգվածին քվեարկել հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, որը ի դեպ, ընդունել էր դաշնակների առաջադրած քաղաքական պլատֆորմի բոլոր 7 կետերը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս ուժին չենք անդրադառնում, քանի որ այն երբեք իրեն ընդդիմադիր չի հայտարարել, հետեւաբար՝ գոնե այդ մասով անկեղծ է եղել հանրության առաջ։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031