Նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե ճիշտ կլինի, որ ավագանու ընտրություններին ոչ իշխանական ուժերը մասնակցեն՝ մեկ միասնական ցուցակով։ Ըստ Ռուստամյանի, այդ հարցով քննարկումներ արդեն ընթանում են։ Նա, սակայն, ձեռնպահ էր մնացել կոնկրետ ուժերի անուններ նշել։ Երեկ սույն թեմայի շուրջ զրուցեցինք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ։
– Պարոն Հակոբյան, ե՞րբ եք սկսելու քննարկումները, Արմեն Ռուստամյանը մեր զրույցում կարծիր էր հայտնել, թե ճիշտ կլինի Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր միասնական ցուցակով մասնակցել, «Ժառանգությունը» կո՞ղմ է այդ տարբերակին, եւ ովքեր կարող են ընդգրկված լինել այդ ցուցակում։
– Ընդհանրապես մենք կողմ ենք, որպեսզի իսկապես ընդդիմությունը միասնական գնա ընտրություններին։ Ուղղակի այս պահին քննարկումների մեջ ենք, դեռ որոշում չունենք։ Իհարկե, ժամանակն էլ չի սպասում, կարճ ժամանակ է մնացել, բայց կարծում եմ, առաջիկայում այս մեր բանակցությունները, հանդիպումները կոնկրետ արդյունք կարձանագրեն։ Բոլոր դեպքերում, կարճ ժամանակ է մնացել, մենք այդ հարցը կքննարկենք, այս պահին չունենք որոշում։
– Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ օրինակ, ԲՀԿ–ն մտնի այդ միասնական ցուցակի մեջ։
Կարդացեք նաև
– Ես ոչինչ չեմ բացառում, բայց կրկնում եմ, մեր մոտեցումն է, որ ընդդիմությունը ինչքան միասնական լինի, այնքան ավելի որոշիչ կարող է լինել առաջիկա ընտրություններում ընդդիմության դերը։
– Իսկ՝ որ ուժերի հետ են բանակցությունները ընթանում։
– Այս պահին չպատասխանեմ այդ հարցին, որովհետեւ քանի դեռ բանակցությունները ավարտված չեն, նախապես հայտարարել, կարծում եմ, ճիշտ չէ եւ դա կխանգարի բանակցային պրոցեսին։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»