Ըստ media.am-ի, հեռուստա- եւ ռադիոընկերությունները սահմանել են 2013 թվականի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով քաղաքական գովազդի մեկ րոպեի գինը:
Ըստ ՀՀ «Ընտրական օրենսգրքի»՝ այն չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:
Քաղաքական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 1 րոպե քաղաքական գովազդի համար պահանջելով 120.000 դրամ, իսկ ամենաէժանը՝ «Երեւան» եւ «Լայմ» հեռուստաընկերությունները՝ 15.000 դրամ:
«հ2» հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության համար սահմանել է 60.000 դրամ երկուշաբթիից շաբաթ 18:00-24:00 եւ կիրակի 10:00-24:00 ժամանակահատվածի եւ 30.000 դրամ եթերաժամային մյուս գոտիների համար:
«Շանթ», «Արմենիա», «Արմնյուզ», «Աթիվի», «Ար» եւ «Լայմ» հեռուստաընկերությունները Երեւանի ավագանու յուրաքանչյուր թեկնածուին նախընտրական քարոզչության ամբողջ ժամանակահատվածում օրական տրամադրում են առավելագույնը 7 րոպե վճարովի եթերաժամանակ, «հ2» եւ «Երեւան» հեռուստաընկերությունները՝ 10:
Օրական տրամադրված եթերաժամանակը չսպառելու դեպքում այն չի ավելանում հաջորդ օրվա եթերաժամանակին:
Ռադիոընկերությունների շրջանում քաղաքական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է FM 105.5-ը՝ 3120 դրամ, ամենաէժանը՝ «Ռադիո Հայ»-ը՝ 2400 դրամ:
Հեռուստա- եւ ռադիոընկերությունների սահմանած սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը՝ բացառությամբ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության սակագնի:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 4-ին եւ կավարտվի մայիսի 3-ին ժամը 24:00-ին: