Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա Սերժ Սարգսյանը երկու քարի արանքում է

Մարտ 07,2013 11:12

Այն, որ «վերընտրվելուց» հետո Սերժ Սարգսյանի առաջին այցը Մոսկվա է, արտառոց չէ։ Հետաքրքիր է սակայն, թե Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը իրականում ինչի մասին են բանակցելու։ Ամենեւին էլ գաղտնիք չէ, որ այս պահին ամենահրատապ հարցերը երկուսն են՝ Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի շուրջ ստեղծվող Եվրասիական միությանը եւ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը։ Կարելի է հաստատապես պնդել, որ այդ երկու հարցերը սերտորեն փոխկապակցված են։ Եթե Սերժ Սարգսյանը վերջնական համաձայնություն է տալիս «ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին» լիարժեք ու անմնացորդ մասնակցելու, ապա կարող է օգտվել «ռուսական բարիքներից», այդ թվում նաեւ համեմատաբար էժան գազ ստանալու հնարավորությունից։ Բայց այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Եվրոպական ծրագրերում ավելի խորը ներգրավվելու հնարավորությունները։ Սա նույնպես գաղտնիք չէ, քանի որ արեւմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս կոշտ բացասական վերաբերմունք են արտահայտել՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվելիք այդպիսի «ինտեգրացիոն» կառույցների վերաբերյալ, համարելով դա ԽԱՀՄ վերականգնելու փորձ։

Այնպես որ, եթե Սերժ Սարգսյանը վերջնական եւ հաստատակամ համաձայնություն տա Եվրասիական միությանը, կամ դրա «նախաբանը» հանդիսացող Մաքսային միությանը անդամակցելու ռուսական առաջարկին, ապա կգրկվի «արեւմտյան բարիքներից» օգտվելու հնարավորությունից, այդ թվում էժան վարկեր, մեծ դրամաշնորհներ, ներդրումներ, առեւտրի ազատականացում եւ այլն։

Մի խոսքով, հիմա Սերժ Սարգսյանը երկու քարի արանքում է։ Նախագահական վերջին ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի դիրքերն այնքան խոցելի են, որ նշված «երկու քարերը» շատ ավելի ծանր ու վտանգավոր են դառնում։

Հ.Գ. Արդեն ամիսներ շարունակ ՀՀ պաշտոնյաները խուսափում են ասել, թե ինչպիսին կլինի՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը։ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով, արդեն 15 ամիս է, ինչ Հայաստանը ռուսական գազը ներկրում է շատ ավելի բարձր գնով, քան պաշտոնապես հայտարարվող 180 դոլարը (հազար խմ-ն)՝ մոտ 250 դոլար։ Եւ ներհայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագնի հաշվարկում ներառված է հենց 180 դոլարը։ Իսկ դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը՝ մոտ 160 միլիոն դոլարի պարտք է կուտակել ռուսական մատակարարների նկատմամբ։ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ, պետք է սպասել, որ կքննարկվի նաեւ այդ 160 միլիոն դոլարի պարտքը ինչ-որ կերպ փակելու հարցը։ Մի խոսքով, Սերժ Սարգսյանին ոչ միայն աշխատանքային, այլեւ շատ հետաքրքիր այց է սպասվում։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031