Լրահոս
Օրվա լրահոսը

Յո՞ երթաս, Հայաստան

Մարտ 07,2013 10:53
tigran torosyan

«Բազմակուսակցական համակարգի փլուզումը». ԱԺ նախկին նախագահ քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի բացառիկ հոդվածը՝ «168 Ժամ»-ին: 

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում քաղաքական քննարկումների գրեթե միակ թեման 2013-ի նախագահական ընտրւթյուններում հնարավոր առաջադրումների անձնավորված կանխատեսումներն էին` առանցքում ունենալով երկրի երկու նախկին և ներկայիս նախագահներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահին: Իրավիճակի ձևական գնահատականը հաստատում է այդ մոտեցման իրավացիությունը, քանի որ հիմնական թեկնածուների շարքում դիտարկվում էին 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթած և երկրորդ ցուցանիշն ունեցած կուսակցությունների ղեկավարները, ինչպես նաև նախորդ չորս տարիներին հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժի դերակատարությունը ստանձնած Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը: Ընդ որում, առաջին հայացքից կարող էր թվալ, որ քաղաքական իրավիճակը բարենպաստ է այդ հնարավոր թեկնածուների միջև ակտիվ մրցակցություն ակնկալելու համար. մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում տեղեր էին ստացել բոլոր քիչ թե շատ կազմակերպված վեց քաղաքական ուժերը, խորհրդարանում քաղաքական մեծամասնություն և կոալիցիոն կառավարություն ձևավորեցին դրանցից միայն երկուսը` ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի հինգ կուսակցություններից չորսի, խորհրդարանում ունեցած տեղերի թվով երկրորդ քաղաքական ուժը հրաժարվեց կոալիցիայում ընդգրկվելուց, և այլն:

Մինչդեռ խորհրդարանական ընտրություններին նախորդած և հաջորդած մի շարք իրադարձություններ վկայում էին, որ այդպես էլ չի լուծվում ցանկացած ժողովրդավարական կամ ժողովրդավարության ձգտող երկրի համար համակարգաստեղծ նշանակություն ունեցող բազմակուսակցական համակարգի կայացման խնդիրը: Ավելին, նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը ցույց տվեց, որ հեռանկարային առումով իրավիճակը բարդ է և խիստ վտանգավոր. բազմակուսակցական համակարգը փլուզվել է` անցած երկու տասնամյակում այդպես էլ լիարժեքորեն չկայանալով: Այդ առումով, ինչպես նաև այն պատճառով, որ 2013-ի նախագահական ընտրությունները եզրափակում են անկախության վերականգնումից անցած առաջին քառորդ դարը (որը սովորաբար գնահատվում է` որպես մեկ սերնդի շրջան), այդ ընտրություններն ունեին բացառիկ հետաքրքրություն և նշանակություն երկրի հետագա ընթացքի տեսակետից:

Ընտրություններըորպես բազմակուսակցական համակարգի հայելի

Նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման արդյունքները շատերի համար անակնկալ եղան, թեև բազմակուսակցական համակարգի վիճակի արտացոլման առումով միանգամայն համապատասխան էին: Որպես հիմնական մրցակիցներ ակնկալվող վերոհիշյալ քառյակից առաջադրվեց միայն երկրի գործող նախագահը: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին խորհրդարանական վեց խմբակցություններից միայն երկուսի` ամենամեծի և ամենափոքրի ներկայացուցիչները: Գրանցված թեկնածուների կեսը քաղաքական գործունեության հետ ընդհանրապես կապ չունեցող անձինք էին, իսկ մյուս երկուսի կուսակցությունները Հայաստանի քաղաքական կյանքում որևէ դերակատարություն կամ ազդեցություն չունեն: Ավելին, քիչ թե շատ հայտնի կուսակցությունները (բացառությամբ ՀՀԿ-ի), այդ թվում և` Ազգային ժողովում իրենց մեծությամբ երկրորդից չորրորդ խմբակցություններն ունեցողները, երկրի քաղաքական կյանքում մեծ նշանակություն ունեցող գործընթացում` նախագահական ընտրություններում, թեկնածու չառաջադրեցին, հայտարարեցին, որ որևէ թեկնածուի չեն պաշտպանում` փաստելով իրենց անգործունակությունը և անորոշության մեջ թողնելով ոչ միայն իրենց ընտրազանգվածին, այլև կուսակիցներին: Այս իրավիճակը լիովին բացահայտեց բազմակուսակցական համակարգի աղետալի վիճակը և դրանից բխող վտանգները: Ստորև փորձ է արվում բացահայտել այդ վտանգներն ու նոր բազմակուսակցական համակարգի ձևավորման հնարավորություններն, առանց որի անհնարին է ակնկալել Հայաստանում որակական փոփոխություններ:

2007 թվականի խորհրդարանական ընտրությունների և դրան հաջորդող ժամանակահատվածի առանցքային նշանակությունը երկրի զարգացման համար ընդգծվում էր դեռևս 2005-2006 թվականներին1: Ըստ այդմ, քանի որ արդեն «խորհրդարանում լուրջ ազդեցության հայտ էին ներկայացրել խոշոր ֆինանսատնտեսական շրջանակները, հնարավոր էր հետագա զարգացումների երկու այլընտրանքային ուղղություն. խորհրդարանական խճանկարի հիմնովին փոփոխություն, որի արդյունքում կոչնչացվեին բազմակուսակցական համակարգի թույլ հիմքերը, և քաղաքական կյանքի հիմնական դերակատարներ կմնային ոչ ֆորմալ խմբերը, կամ, օգտագործելով սահմանադրական փոփոխությունների հնարավորությունները բազմակուսակցական համակարգի զարգացման համար, այդ գործընթացը Հայաստանում կդառնար անշրջելի»: Ցավոք, այս լուրջ մարտահրավերի կարևորությունն ըստ արժանվույն չգիտակցվեց ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից: 2007թ. խորհրդարանական ընտրությունների հանդարտ ընթացքը և միջազգային դիտորդների աննախադեպ դրական կարծիքը թերևս խաբուսիկ ազդեցություն ունեցան շատերի համար, և Հայաստանի քաղաքական կյանքի իրական մարտահրավերները ստվերվեցին 2008-ի նախագահական ընտրություններում երկրի առաջին նախագահի առաջադրմամբ և ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձություններով: Առաջին նախագահի նման վերադարձն արդեն իսկ խնդրահարույց էր և վկայում էր, որ դրա հիմքում հստակ քաղաքական ծրագիր չկա: Կարելի է ենթադրել, որ հաշվարկներն արվել էին 1995-ին ընդունված սահմանադրության նորմերի հիման վրա, որոնք նախագահին օժտել էին երկրի քաղաքական կյանքը գրեթե միանձնյա տնօրինելու լիազորություններով: Մինչդեռ 2005թ. սահմանադրական փոփոխություններով հիմնովին շտկվել էր պետական կառավարման մարմինների հակակշիռների ու զսպումների համակարգը, ինչի արդյունքում խորհրդարանում մեծամասնություն չունեցող նախագահը կարող է ունենալ միայն խորհրդանշական ազդեցություն երկրի ներքաղաքական կյանքում: Բավական է թվարկել միայն մի քանի փոփոխություն: Նախագահն այլևս կարող է արձակել Ազգային ժողովը միայն այն դեպքում, երբ երեք ամիս շարունակ այն չի կարողանում որոշումներ ընդունել, մինչդեռ նախկինում բավարար էր միայն Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ երկրի նախագահի խորհրդակցելը: Ավելին, նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող թեկնածուին և չի կարող արձակել կառավարությունը, մինչդեռ փոփոխություններից առաջ կարող էր վարչապետ նշանակել իր ընտրյալին և ցանկացած ժամանակ արձակել կառավարությունը: Նախագահը գրեթե ազդեցություն չունի կառավարության որոշումների վրա, քանի որ կարող է միայն վիճարկել դրանք Սահմանադրական դատարանում, մինչդեռ նախկինում առանց նրա վավերացման` դրանք իրավական ուժ չէին ստանում: Ըստ փոփոխված սահմանադրության, եթե Նախագահը խորհրդարանում մեծամասնություն չունի, ապա սահմանադրական հակակշիռների ու զսպումների համակարգը, փաստորեն, երկրի կառավարումը դարձնում է խորհրդարանական (ճոճանակային կառավարում): Ակնհայտ է, որ իշխանության համար լուրջ պայքարի տրամադրված ուժերը պարտավոր են այդ պայքարը սկսել ոչ թե նախագահական, այլ խորհրդարանական ընտրություններից: Մինչդեռ Լ. Տեր-Պետրոսյանը բաց թողեց 2007-ի խորհրդարանական ընտրությունները, և նրա վերադարձը մեկնարկեց մի քանի ամիս անց` նախագահական ընտրություններով:

Հետագա իրադարձությունների ընթացքը` մարտիմեկյան դեպքերի ու տարեվերջին ծավալված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորը ազդեցությամբ, տևական ժամանակով ստվերեց երկրի քաղաքական համակարգի խորքային հիմնախնդիրները: Եթե բազմաթիվ իրավիճակային լուծում պահանջող ներքին և արտաքին խնդիրներով զբաղված իշխանության համար դա ինչ-որ կերպ հասկանալի էր (թեև այդ ընթացքում կուտակված մարտահրավերներն առաջիկայում ստիպված կլինի հաղթահարել, առաջին հերթին, հենց իշխանությունը), ապա խորհրդարանում և ընդդիմության ճամբարում իրադարձությունների զարգացումն ավելի ու ավելի էր ընդգծում այդպես էլ չկայացած բազմակուսակցական համակարգի դեգրադացիան: 2007-ին ձևավորված կոալիցիոն մեծամասնության մեջ հինգ խորհրդարանական ուժերից իրենց մեծությամբ առաջին չորսի ընդգրկումն արդեն իսկ բազմակուսակցական համակարգի անառողջ վիճակի ցայտուն նշան էր:

Պատահական չէ, որ 2008-ի աշնանից խորհրդարանում սկսեցին ընդունվել իշխանության թևերի միջև հակակշիռների ու զսպումների համակարգը խախտող օրենքներ: Մասնավորապես, Ազգային ժողովը, փաստորեն, հրաժարվեց կառավարության վարկային քաղաքականության վերահսկողությունից` հինգ անգամ մեծացնելով բյուջեի պակասուրդի թույլատրելի ծավալը: Երկրի համար բացառիկ նշանակություն ունեցող հարցերի քննարկման ժամանակ հաճախ բացակայում էր քաղաքական ուժերի տեսակետը: Այդ առումով խիստ բնութագրական է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրի քննարկման ժամանակ արձանագրվեցին միայն որևէ խմբակցության չպատկանող երեք պատգամավորների ելույթներ, և որևէ խմբակցության տեսակետ չարտահայտվեց: Հատկանշական է նաև, որ խորհրդարանական հինգ կուսակցություններից չորսը հայտ էին ներկայացրել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելու համար, ինչը վկայում է ոչ թե այն մասին, որ Հայաստանի բազմակուսակցական համակարգի առաջատար ուժերը դավանում են քրիստոնեա-դեմոկրատական արժեքներ, այլ, որ այդ չորս խորհրդարանական ուժերից առնվազն երեքը որևէ արժեք չի դավանում: Խորհրդարանական ընդդիմության գրեթե իսպառ բացակայությունը չէր կարող լրացնել վերջին չորս տարիներին որպես գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացող արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս քաղաքական հոսանքը ոչ թե որևէ գաղափարախոսության, այլ մեկ անձի շուրջ հավաքված անհատների ու վաղուց իրենց սպառած ու առաքելությունն ավարտած մեկ և կես տասնյակ տարաբնույթ կուսակցությունների համախումբ էր և Հայաստանի քաղաքական կյանքում նոր որակ չէր բերելու: Պատահական չէ, որ ՀԱԿ-ի հավատամքը կառուցված էր «իշխանությունը վերցնենք, հետո կանդրադառնանք մյուս հարցերին» մոտեցման վրա, որը երբեք որևէ մեկին հաջողություն չի բերել, անգամ, եթե իշխանությունը «վերցրել է»: Իր գործունեության չորս տարիների ընթացքում ՀԱԿ-ի «ծրագրային» գործողությունները (արտահերթ ընտրությունների անցկացում, օրակարգ չունեցող «երկխոսություն» իշխանությունների հետ, նախընտրական ռազմավարություն` ԲՀԿ-ն օգտագործելու անտրամաբանական մարտավարության հիման վրա, և այլն) ոչ միայն չունեին միմյանց հետ կապ և որևէ տրամաբանություն, այլև անշեղորեն տապալվեցին: Ավելին, երբ հերթը հասավ ինչ-որ բան բաժանելուն (համամասնական ընտրական ցուցակի հերթականություն, ապա` Ազգային ժողովում տեղեր), անգամ ամենալավատեսներին պարզ դարձավ, որ գաղափարներին ու սկզբունքներին առնչվող ակնկալիքները միանգամայն անտեղի են: Դրան հետևեցին ՀԱԿ-ի ներսում փոխադարձ մեղադրանքներն ու պառակտումները: Թեև ՀԱԿ խմբակցության ղեկավարն առաջադրվեց, սակայն ՀԱԿ-ը նրա թեկնածությունը չպաշտպանեց: Այս ընթացքին միանգամայն արժանի էր վերջին ակորդը. տևական մտորումներից ու ձգձգումներից հետո հայտարարվեց` ՀԱԿ առաջնորդը չի առաջադրվի, քանի որ 68 տարեկան է: Իրական ծրագրերի, գաղափարների ու սկզբունքների բացակայության դեպքում իրավիճակը չի կարող փրկել անգամ հռետորական ձիրքը կամ ՀՀՇ-ի անվանափոխման միջոցով ՀԱԿ-ի վերակենդանացման փորձը:

Ակնկալվող մյուս հիմնական թեկնածուն ԲՀԿ նախագահն էր: Արդեն իսկ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն հայտնվել էր տարօրինակ իրավիճակում: Թեև կուսակցությունը զգալիորեն մեծացրել էր խորհրդարանում իր տեղերի թիվը, սակայն քաղաքական ասպարեզում արդյունավետ դիրքավորման հնարավորություն չուներ: Նախորդ հինգ տարիներին կոալիցիոն կառավարություն ձևավորած երկրորդ ուժ լինելուց և վերջին երկու-երեք ամիսներին այդ կառավարության գործունեությունը «ձախողված» գնահատելուց ու չափազանց կոշտ մեղադրանքներ ներկայացնելուց հետո` ԲՀԿ-ն չէր կարող կրկին փաստորեն նույն կառավարության մաս կազմել: Միաժամանակ, խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ խմբակցություն ունեցող կուսակցությունը հստակ ընդդիմադիր կեցվածք չէր կարող ունենալ` մի շարք բարդությունների չբախվելու պատճառով: Փորձ արվեց միջանկյալ դիրք գրավել` որդեգրելով անորոշ քաղաքական կարգավիճակ` «այլընտրանք»: Իհարկե, քիչ թե շատ կայացած բազմակուսակցական համակարգի առկայության դեպքում արագորեն ակնհայտ կդառնար դրա անհեռանկարայնությունը, քանի որ լիարժեք քաղաքական կյանքում կա ընդամենը երկու կարգավիճակ` իշխանություն կամ ընդդիմություն: Վերջինիս բուն ֆունկցիան հենց իշխանությանն այլընտրանքային ծրագրերի, գաղափարների ու առկա խնդիրների համար լուծումների առաջադրումն է: Ընդ որում, խորհրդարանական այն ուժերը, որոնք չեն մասնակցում կոալիցիոն կառավարության ձևավորմանը, ինքնին դառնում են ընդդիմություն, անկախ այն բանից` դրա վերաբերյալ հատուկ հայտարարություն անո՞ւմ են, թե՞ ոչ: Հարկ է նշել, որ 3-4 տասնամյակ առաջ «այլընտրանք» կարգավիճակը փորձ է արվել օգտագործել Եվրոպայում, սակայն կարճ ժամանակ անց այն մի կողմ է դրվել մի շարք տեսաբանների, մասնավորապես, Դանիել Բելի հստակեցում պահանջող հարցադրումների ազդեցությամբ. «նրանք իրենց համարում են այլընտրանքային, բայց չեն կարողանում հստակ սահմանել, թե հանուն ինչի են իրենք հանդես գալիս»2: Չնայած այս ամենին, պետք է արձանագրել, որ խորհրդարանական ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը կարողացավ մինչ առաջադրումների ավարտն ուշադրության կենտրոնում մնալ` քաղաքական մեծամասնության հետ մրցակցությունից դուրս թողնելով մյուս քաղաքական ուժերին: Սակայն «Բարգավաճ Հայաստանն» առաջիկայում` հետընտրական կրքերը հանդարտվելուց հետո, ստիպված կլինի անդրադառնալ մի շարք հարցադրումների, որոնք ինքնաբերաբար առաջանում էին խորհրդարանական ընտրություններից հետո և չէին հնչում առաջիկա նախագահական ընտրությունների սպասման պատճառով: Միաժամանակ, ԲՀԿ-ն ևս, ինչպես խորհրդարանական այլ կուսակցություններ, ստիպված կլինի բացատրել լուրջ քաղաքական հավակնություններ ունենալու և վերջին պահին նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելուց ու որևէ թեկնածուի պաշտպանելուց հրաժարվելու դիրքորոշման ակնհայտ հակասությունը` ժխտելու համար քաղաքական անգործունակության վարկածը:

Պատկերն ամբողջական լինելու համար հարկ է դիտարկել նաև այն կուսակցությունների ընթացքը, որոնց ղեկավարներն առաջադրվել են որպես ՀՀ նախագահի թեկնածու: Դրանցից երկուսը արտախորհրդարանական են և որևէ դերակատարություն չունեն Հայաստանի քաղաքական կյանքում: Որպես դրա հետևանք` առկա է երկու հանգամանք, որոնք այդ թեկնածուների մասնակցությունը դարձնում էին պարզապես խորհրդանշական: Նախ, քաղաքական թիմի բացակայությունն այսօր բացառում է որևէ մեկի, անգամ խարիզմատիկ թեկնածուի հաջողությունը: Ավելին, եթե անգամ որևէ մեկն ինչ-որ ձևով կարողանա էլ ընտրվել երկրի նախագահ, ապա համաձայն Հայաստանի սահմանադրության, առանց խորհրդարանական մեծամասնություն ունենալու չի կարողանա լրջորեն ազդել քաղաքական գործընթացների վրա, առավել ևս` իրականացնել լուրջ բարեփոխումներ:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում միակ թեկնածուն, որը կարող էր մրցակցել գործող նախագահի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Վերջինիս օգտին էր գործում ոչ միայն այն հանգամանքը, որ Ազգային ժողովի վերջին երկու գումարումներում նրա գլխավորած կուսակցությունն ունի իր խմբակցությունն, այլև անբռնազբոսիկ պահվածքը, թեև այն հայաստանյան հասարակության համար անսովոր էր. ոմանց համար` գրավիչ, իսկ ոմանց համար` քարոզչական: Եվ Ր. Հովհաննիսյանը լիովին օգտագործեց ստեղծված բացառիկ իրավիճակն ու իր հնարավորությունները` ստանալով տպավորիչ ձայներ: Այդուհանդերձ, «Ժառանգության» ղեկավարին տրված ձայների մեջ առավել մեծ բաժին ունեցավ մեկ այլ գործոն: Քանի որ նա վերոհիշյալ թեկնածուների համեմատ ունի նշված առավելությունները, այն ընտրողների ճնշող մեծամասնությունը, որոնք ոչ մի դեպքում չէին քվեարկի իշխանության ներկայացուցչի օգտին, այլ ընտրություն չունեին, քան Ր. Հովհաննիսյանի օգտին քվեարկելն էր: Հատկանշական է, որ Ր. Հովհաննիսյանի օգտին տրված ձայները 5-6 անգամ գերազանցեցին մի քանի ամիս առաջ «Ժառանգությանը» տրված ձայներին, անգամ այն պարագայում, որ խորհրդարանական ընտրություններից հետո ի հայտ եկան մի քանի բացասական գործոններ:

Դրանցից երկուսը կազմակերպական բնույթ ունեն: Նախ, անցած գարնանը «Ազատ դեմոկրատների» հետ ստեղծված դաշինքը չափազանց թույլ գտնվեց, ու մի քանի անդամ ունեցող «Ժառանգություն» խմբակցությունը մեկ նստաշրջանի կյանք էլ չունեցավ: Երկրորդն, իհարկե, գործուն, բանիմաց, մասնագիտական հմտություններ ունեցող, բարդ պետական-քաղաքական հիմնախնդիրների լուծմանն ունակ թիմի բացակայությունն է: Երրորդ հանգամանքը ծրագրային է: Թեկնածուն, ինչպես իր մրցակիցներից շատերը, ոչ թե ընտրողներին ներկայացնում էր առկա հիմնախնդիրների բուն պատճառներն ու դրանց լուծման վերաբերյալ իր պատկերացումներն, այլ մատնանշում էր սոցիալական բարդ խնդիրները և խոստանում դրանք լուծել ստվերի ու կոռուպցիայի կրճատման և պարկեշտ, անշահախնդիր կառավարման շնորհիվ: Մինչդեռ վաղուց հայտնի է, որ տնտեսության ստվերայնության և կոռուպցիայի կրճատումը սոսկ պաշտոնյաների ազնվության ու հայրենասիրության վրա կառուցելն արդյունավետ չէ, այլ անհրաժեշտ է բացահայտել քաղաքական և պետական կառավարման համակարգերում առկա հիմնախնդիրները, ստեղծել մեխանիզմներ ու նախադրյալներ, գործարկել հակակշիռների ու զսպումների սահմանադրական նորմերը, որոնք կստիպեն անգամ շահամոլ պաշտոնյային` հրաժարվել չարաշահումներից, քանի որ այդ մեխանիզմների շնորհիվ հատուցումը կլինի անխուսափելի: Իրավիճակը չի փրկում անգամ այն հանգամանքը, որ ի տարբերություն մեկ այլ թեկնածուի` Հ. Բագրատյանի, որը ներկայացրել է գրեթե սոսկ տնտեսական բարեփոխումների ծրագիր, նա նախատեսել էր ոչ թե 100, այլ միայն 5 քայլ: Իհարկե, բնական է, որ այդ թեկնածուների թիրախը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, ու երկրի զարգացումն էլ նրանք կապում են դրանց լուծման հետ: Սակայն դեռևս 2000-ականների սկզբին պարզ դարձավ, որ ազատ շուկայի վրա հիմնված նեոլիբերալիզմի գաղափարախոսությունը` որպես հետխորհրդային տրանսֆորմացիայի հիմք, չի կարող հաջողություն ապահովել, և որպես այդպիսին` առաջարկվեց նեոինստիտուցիոնալիզմի գաղափարախոսությունը: Ակնհայտ է, որ որոշ թեկնածուների կամա թե ակամա վերադարձը նեոլիբերալիզմին, անգամ խիստ ընդգծված սոցիալական նպատակադրումների հռչակմամբ, չի կարող հայաստանյան հիմնախնդիրների լուծում ապահովել: Հատկանշական է, որ դեպի 90-ականներ վերադարձ են հիշեցնում նաև քաղաքական և պետական կառավարման համակարգերի համար թեկնածուների ճնշող մեծամասնության առաջարկած վաղուց չարչրկված մի քանի «գաղափարներ»` Ազգային ժողովի լուծարում, Սահմանադրության վերանայում` խորհրդարանական կառավարման անցնելու նպատակով, Ընտրական օրենսգրքի լրամշակում, անողոք պայքար կոռուպցիայի դեմ, և այլն: Ընդ որում` որպես երկրի Սահմանադրությունը չիմանալու կամ անտեսելու հետևանք, չպատկերացնելով, որ առանց խորհրդարանական մեծամասնություն ունենալու անգամ այդ պարզունակ քայլերն անել չի կարող որևէ նախագահ:

Զուտ նախագահական ընտրություններում հաղթելու տեսակետից` այս իրավիճակն, իհարկե, բարենպաստ էր իշխանության և գործող նախագահի համար: Որպես երկրորդ ժամկետի գնացող նախագահի, բնական կարող է ընկալվել նրա մարտավարությունը` դուք մեր մոտեցումները գիտեք, անցած հինգ տարիներին մենք արել ենք այս և այս, դեռևս չենք լուծել այս և այս խնդիրները, առաջիկա հինգ տարիներին կշտկենք առկա սխալներն ու թերությունները և կլուծենք մնացած խնդիրները: Մրցակիցների կողմից լուրջ այլընտրանքային ծրագրեր ու գաղափարներ չառաջադրվելու դեպքում այդ մոտեցումը միանգամայն կենսունակ է ընտրական գործընթացները հանդարտ ու առանց բարդությունների անցնելու տեսակետից: Սակայն կյանքն ընտրություններով ոչ թե ավարտվում է, այլ վերսկսվում: Մինչ հաջորդ խորհրդարանական ընտրություններ ընկած ժամանակահատվածի` հետագա չորս տարիների գործունեության տեսակետից բազմակուսակցական համակարգի աղետալի վիճակը լուրջ սպառնալիք ու մարտահրավեր է ոչ միայն իշխող կուսակցության, այլև երկրի համար: Կենսունակ, այլընտրանքային մոտեցումներ ու ծրագրեր առաջարկող մրցակից կուսակցությունների բացակայությունը բթացնում է ցանկացած իշխանության և, մասնավորապես, իշխող կուսակցության զգոնությունը, խորացնում է կոռուպցիան ու անօրինականությունները, նվազագույնի է հասցնում կառավարության գործունեության արդյունավետությունը: Նման իրավիճակում իշխող կուսակցությունը վերածվում է «իշխանության կուսակցության», կորցնում է գործուն կուսակցությանը բնորոշ շատ հատկանիշներ և դառնում է սոսկ իշխանատենչ ու շահամոլ անձանց ու խմբերի համար իշխանության մեջ ներթափանցելու արդյունավետ մեխանիզմ: Այդպիսի զարգացումները հասարակության խորացող դժգոհություններն ուղղորդում են ոչ թե դեպի քաղաքական գործընթացներով իրավիճակի բարելավմանը, այլ կոշտ դիմակայությունների ու բախումների, որոնք դեռևս կայացման փուլում գտնվող երկրի համար կարող են լինել կործանարար: Հետևաբար, երկրի նախագահը և նրա գլխավորած իշխող կուսակցությունը պետք է ամեն ինչ անեն հայաստանյան զարգացումների նման սցենարը բացառելու համար: Հայաստանը չի կարող ևս մեկ շրջան անցնել «ջնջենք, նորից սկսենք» նշանաբանով: Կարող է տարօրինակ թվալ, բայց ներկայումս ստեղծված և նախագահական ընտրությունների ընթացքով լիովին բացահայտված իրավիճակը միանգամայն նպաստավոր է նման զարգացումներից խուսափելու համար:

Մինչ անդրադառնալն «ի՞նչ անել» հարցին, հարկ է նշել, որ բազմակուսակցական համակարգի անառողջ վիճակով պայմանավորված մարտահրավերներն ու խնդիրները զուտ հայաստանյան երևույթներ չեն: Դրանք հատուկ են և՛ Վրաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, այն երկրներին, որոնք հետխորհրդային տրանսֆորմացիայի ճանապարհին դեռևս կանգնած են երկընտրանքի առաջ. ժողովրդավարությո՞ւն, թե՞ կարծրացած ավտոկրատիա: Ավելին, հիմնախնդիրն, իհարկե, միանգամայն այլ, բայց նույնպես վտանգավոր դրսևորումներով առկա է նաև կայացած ժողովրդավարություն ունեցող եվրոպական երկրներում:

Եվրոպական ժողովրդավարության ճգնաժամը

Ժողովրդավարության ճգնաժամի առաջին նախանշանների մասին քննարկումները սկսվեցին դեռևս 70-ականների կեսերին` ուսանողական հուզումներից մի քանի տարի անց: Ընդ որում, ոչ թե դրանք դիտարկելով որպես ժամանակի մոդայիկ ձախ քաղաքական հոսանքների ազդեցությամբ ձևավորված տարերային դրսևորումներ, այլ փորձելով բացահայտել խորքային պատճառները: Մասնավորապես, Դ. Բելը, իր հիմնարար «Կապիտալիզմի մշակութային հակադրությունները» աշխատությունում մատնացույց էր անում ժողովրդավարության հիմնարար արժեքների այլափոխումը. «Այսօր ոչ թե կարգավորումն է քայքայում ազատությունն, այլ` ազատությունն է քայքայում կարգավորումը»3:

Հետագա զարգացումները ոչ միայն լիովին հաստատեցին Բելի մտավախություններն, այլև բացահայտեցին, որ իրավիճակը դարձել է խիստ վտանգավոր ու կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այլևս անվիճելի է, որ գլոբալիզացիայի պայմաններում արևմտյան քաղաքակրթության հիմնասյուներից մեկը` ժողովրդավարությունը, որպես հասարակության քաղաքական կազմակերպման ձև, բախվել է աննախադեպ մարտահրավերների: Դժվար է մատնանշել որևէ միջազգային քաղաքական կամ քաղաքագիտական կառույց, ոըը վերջին տարիներին անդրադարձած չլինի այդ խնդրին: Հատկանշական է, որ եթե Քաղաքագիտության միջազգային ասոցիացիայի XVIII կոնգրեսը (2000թ.) քննարկում էր ժողովրդավարության կորպորատիվ մարտահրավերների հարցը, հաջորդը (2003թ.)` ժողովրդավարացման «երրորդ ալիքի» արդյունքները, ապա XX կոնգրեսի թեման էր` «Գործո՞ւմ է արդյոք ժողովրդավարությունը»: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 2004թ. ընդունեց թիվ 1407(2004) բանաձևը4:

Վեհաժողովն արձանագրել է, որ գլոբալիզացիայի գործընթացները խորացնում են ժողովրդավարական համակարգերի թերություններն ու փխրուն դարձնում դրանք: Ներկայումս ժողովրդավարությունը բախվել է վտանգավոր ճգնաժամի, որն ունի տարատեսակ դրսևորումներ` հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր մակարդակ և հետաքրքրության պակաս, առաջնորդների փոխարեն` կառավարիչների, քաղաքականություն իրականացնողների փոխարեն` տեխնոկրատների, պետական գործիչների փոխարեն` դերասանների ընտրություն, և այլն: Բացասական զարգացումներն անբավարար են դարձնում ժողովրդավարական իրավունքների ու ազատությունների դասական մոտեցումների ու հասկացությունների կիրառումն ու վկայում են նոր մոտեցումների մշակման և կիրառման անհրաժեշտության մասին: Հետևաբար կարևոր է ընկալել ժողովրդավարության էությունը. այն սոսկ օրենքների ու հաստատությունների համակարգ չէ, այլ մտածելակերպ ու կենսակերպ է, որը չի կարող մեխանիկորեն տեղափոխվել մի վայրից մյուսը, այլ պետք է զարգանա բնապատմական հիմքի վրա: Պատահական չէ, որ տարբեր մշակութային, սոցիալական, պատմական և աշխարհագրական միջավայրերում սերմանված նույն արժեքները կարող են կյանքի կոչել հասարակական վարքի տարբեր դրսևորումներ: Միաժամանակ, միևնույն կամ համատեղելի ժողովրդավարական նպատակների կարելի է հասնել տարբեր քաղաքական ուղիներով և տարբեր սոցիալական ու մշակութային նախապատմությունների պարագայում: Սակայն խնդիրը վաղուց դուրս է եկել տեսական բանավեճերի հարթությունից, և այսօր հարցադրումներն արդեն վերաբերում են եվրոպական ինտեգրման և դրա առարկայական դրսևորման` Եվրամիության ճակատագրին: Ի. Կրաստևի գնահատականն իրավիճակին կարող է չափազանցված թվալ. «Եվրոպական նախագծի արմատական գիծն է քաղաքականությունն առանց քաղաքական գործիչների` համաեվրոպական մակարդակում, և քաղաքական գործիչների առկայությունն առանց քաղաքականության` պետությունների մակարդակում»5: Դա ոչ այլ ինչ է, քան բազմակուսակցական համակարգերի այլասերում անգամ ավանդական ժողովրդավարական երկրներում: Վկայությունը` Եվրամիության մի շարք երկրներում ծայրահեղ ազգայնականների աննախադեպ ակտիվությունն ու հաջողությունները խորհրդարանական ընտրություններում: Իրավիճակն էլ ավելի բարդ է այն երկրներում, որոնք անդամակցել են Եվրամիությանը Խորհրդային Միության փլուզումից հետո: Մասնավորապես, Լիտվայում, Հունգարիայում, Չեխիայում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրություններն ու դրանց հաջորդած բարդությունները դրա վկայությունն են:

Ի. Կրաստևի ձևակերպման ադեկվատության մասին է վկայում ոչ միայն մեր օրերում և հինգ-վեց տասնամյակ առաջ եվրոպական կառույցներում որոշումներ ընդունողների կազմերի պարզ համեմատությունն, այլև վերջին տասնամյակում ի հայտ եկած մարտահրավերների թվարկումը, որոնց բախվել է, մասնավորապես, Եվրամիությունը: Մակերեսային մոտեցումներն ու հակասական դիրքորոշումները դառնում են ավելի ու ավելի գերակշռող և սկսել են վերաբերվել ոչ միայն առանձին իրավիճակների ու ընթացիկ խնդիրների, այլև հիմնարար արժեքների, որպես հետևանք` հանգեցնելով շատ լուրջ ահազանգի. «Ինստիտուտները կարող են ոչ կանխամտածված նպաստել հասարակական հիմքերի քայքայմանը»6: Եթե կայացած ժողովրդավարության երկրների համար սա մեծ մարտահրավեր է, ապա դեռևս ժողովրդավարացման ճանապարհին գտնվող, մասնավորապես, հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների համար կարող է ունենալ ծանր հետևանքներ` տևական ժամանակահատված երկրին զրկելով բնականոն զարգացումից:

Եվ, ուրեմն,

Ի՞նչ անել:

Գաղափարական հենքը: Վերջին տասնամյակի զարգացումները վկայում են, որ վերանայման կարիք ունի դեռևս 90-ականներին առաջարկված հետխորհրդային տրանսֆորմացիայի հարցույցի այն ձևակերպումը, որ «ժողովրդավարությանն անցման առանցքային տարր են ընտրությունները»:

Իհարկե, անհերքելի է, որ ընտրությունները տալիս են երկրում ժողովրդավարական գործընթացների ինտեգրալ գնահատականը: Եվ դա միանգամայն բնական է, քանի որ այն, թերևս, միակ գործընթացն է, որի մեջ ներգրավված են գրեթե բոլոր հասարակական և պետական կառույցները` հասարակությունը (որպես ընտրող), կուսակցություններն ու նրանց լիդերները (որպես թեկնածուներ), իշխանությունները (որպես կազմակերպիչ), իրավապահները (որպես օրինականության երաշխավորներ), դատարանները (որպես վեճերի օրինական լուծման ատյաններ) և այլն: Հետևաբար բնական է, որ ընտրությունների ընթացքում բացահայտվում են երկրում առկա բոլոր արատավոր երևույթները: Սակայն ակնհայտ է նաև, որ ընտրական գործընթացների բարելավումները (Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, ընտրողների ցուցակների ճշգրտումներ, այլ կազմակերպական միջոցառումներ և այլն) թեև անհրաժեշտ քայլեր են, սակայն չեն կարող ոչ միայն վերացնել այդ արատավոր երևույթներն, այլև էականորեն բարելավել ընտրությունների որակը: Դժվար չէ նկատել, որ ընտրությունների որակը պայմանավորող բոլոր կառույցներն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն կուսակցությունների հետ, քանի որ դրանք ժողովրդավարական և անգամ ժողովրդավարության ձգտող երկրներում համակարգաստեղծ նշանակություն ունեն: Բազմակուսակցական համակարգից են «ծնվում» քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմությունը, դրանց խորհրդարանական գործունեության արդյունք են օրենքներն ու սահմանադրությունը, քաղաքական մեծամասնությունն է ձևավորում կառավարությունը, վերջինիս և խորհրդարանի համագործակցությամբ են ձևավորվում մյուս պետական մարմինները, և այլն: Հետևաբար,«ժողովրդավարությանն անցման առանցքային տարր է բազմակուսակցական համակարգը»:Այստեղից է բխում այն ռազմավարությունը, որի իրագործումը թույլ կտա հաղթահարել քաղաքական կյանքի մարտահրավերները, կառողջացնի հասարակական-քաղաքական հարաբերություններն ու կապահովի երկրում արմատական դրական փոփոխություններ: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ կենսունակ բազմակուսակցական համակարգի ձևավորումը լավագույն լուծումը կարող է լինել հետընտրական զարգացումներում բոլոր հիմնական դերակատարների համար` վերջին տարիների համար աննախադեպ հանրահավաքային ակտիվություն դրսևորող հասարակության, իրադարձությունների զարգացման արդյունքում ընդդիմության առաջնորդի պարտականություններն անսպասելիորեն ստանձնած Ր. Հովհաննիսյանի և «Ժառանգության», երկրում առկա բարդ խնդիրների լուծման հրամայականի առջև կանգնած նախագահ Ս. Սարգսյանի և ՀՀԿ-ի: Անկախության վերականգնումից հետո անցած ավելի քան երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ է, որ ստեղծված հետընտրական իրավիճակը կարող է զերծ լինել պատային առճակատումից և ունի բոլոր շահագրգիռ կողմերի համար շահեկան լուծում:

Բարենպաստ մի քանի նախադրյալների առկայությունն ակնհայտ է: Ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն ու իր գլխավորած կուսակցությունը` ՀՀԿ-ն, հետագա չորս տարիների համար ստացան ամբողջական իշխանություն` զերծ տարատեսակ քաղաքական լարվածություններից, որոնք անխուսափելի կլինեին, եթե երկրի նախագահ ընտրվեր այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ: Տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանական մեծամասնության և նախագահի առկայությունը` չկայացած բազմակուսակցական համակարգի և քաղաքական մշակույթի գրեթե իսպառ բացակայության պայմաններում, հղի կլիներ լուրջ լարվածություններով ու բարդություններով: Հարևան Վրաստանում Սահակաշվիլիի և Իվանիշվիլիի դիմակայությունը նման իրավիճակի ցայտուն օրինակ է:

Երկրորդ բարենպաստ հանգամանքն այն է, որ առաջիկա հինգ տարիները լինելու են գործող նախագահի երկրորդ շրջանը, որի ընթացքում նախագահները սովորաբար գործում են ավելի անկաշկանդ և կարող են իրավիճակի փոփոխության շրջադարձային որոշումներ ընդունել` երկրում նոր որակի քաղաքական կյանք ձևավորելու ունակ քաղաքական թիմի առկայության պարագայում: Երրորդ նախադրյալը բազմակուսակցական համակարգում երկու տասնամյակի ընթացքում կուտակված քաղաքական «ուրվականների» քողազերծումն է: Վերջին երկու տասնամյակում այդպես էլ չկայացած բազմակուսակցական համակարգի փլուզումը եզակի հնարավորություն է ստեղծել նոր և կենսունակ համակարգ ձևավորելու համար: Դժվար չէ նկատել, որ եթե երկրում որակական դրական փոփոխություններ ապահովելու ցանկություն կա, ապա այդպիսի համակարգի ձևավորումն այն խնդիրն է, որի լուծման նպատակով կարող են իրապես համագործակցել երկրի նախագահն ու նախագահական ընտրություններում երկրորդ արդյունքն ունեցած թեկնածուն: Իհարկե, Ր. Հովհաննիսյանը, ինչպես ինքն է նշել, կփորձի օգտագործել սահմանադրական բոլոր հնարավորություններն` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Բայց շատ ավելի կարևոր է, որ դրանից հետո ևս գործընթացները մնան երկրի օրենսդրության շրջանակներում: Միայն այդ շրջանակում գործելով է հնարավոր ներգրավել կարող ուժերի ու դրսևորել որակներ, առանց որոնց երկրի կյանքում լուրջ փոփոխություններ ապահովելը պարզապես անհնար կլինի: Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած պատկառելի ձայներն արդեն իսկ մեծ ներուժ են պարունակում: Բայց քանի որ դրանց ճնշող մեծամասնությունը բողոքի դրսևորում էր, այն հետագայում էլ պահելու համար նա և իր կուսակցությունը հսկայական և նոր որակի աշխատանք պետք է ծավալեն: Առավել ևս, որ Ազգային ժողովում ունեն ընդամենը երեք պատգամավոր: Հաջողության դեպքում «Ժառանգությունը» կարող է առաջատար դիրքեր ստանալ` ինչպես նոր բազմակուսակցական համակարգում, այնպես էլ` առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որի ժամանակ որոշվելու է իշխանության խնդիրը հաջորդ հինգ տարիների համար և Հայաստանի զարգացման ուղենիշը: Իհարկե, նման սցենարի իրականացման համար թե՛ «Ժառանգությանը», թե՛ իշխանությանն անհրաժեշտ կլինի հաղթահարել լուրջ դժվարություններ: Ոչ միայն, որովհետև համագործակցության առաջին հնարավորությունն անհաջողության է մատնվել, կամ, որ նման համագործակցությունն ու «Ժառանգության» զորացումը չի բխում այս գործընթացում խաղից դուրս մնացած երեք խորհրդարանական ուժերի շահերից: Հայաստանի քաղաքական կյանքում ավանդական դարձող «ամեն ինչ կամ ոչինչ» պարզունակ ու արատավոր սկզբունքը, չնայած Ր. Հովհաննիսյանի խոհեմությանը, կարող է այս անգամ ևս գործել` տարատեսակ ուժերի ու արկածախնդիրների ազդեցությամբ: Այդուհանդերձ, անգամ այդ դեպքում կմնա իրավիճակի հաղթահարման ևս մեկ հնարավորություն:

Իր գլխավորած կուսակցությունում լուրջ վերանայումների իրականացման, վերոհիշյալ մարտահրավերներն ընկալող ու դրանց դիմակայելու ունակ մարդկանց առանցքային դերերը վստահելու, նոր, կենսունակ բազմակուսակցական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը կարևորելու և այդ ուղղությամբ արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում Սերժ Սարգսյանի համար եզակի հնարավորություն կստեղծվի` ցույց տալու համար, որ հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրներում ևս հնարավոր է ունենալ մինչ այժմ որևէ մեկի համար անհասանելի արդյունքներ` 1. նախագահի գլխավորած կուսակցությունը ոչ թե կվերածվի պարզունակ «իշխանության կուսակցության» և, ի վերջո, կհայտնվի քաղաքական կյանքի լուսանցքում, այլ կդառնա բազմակուսակցական համակարգի ձևավորման ու կայացման կարևոր խթանիչ ուժ, 2. հետագա հնգամյա պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո նախագահը կհեռանա դրական ակորդով` երկրի զարգացումն ապահովող ամուր և անշրջելի քաղաքական հիմքի ստեղծումից ու դրա շնորհիվ երկրում որակական բարելավումներ իրականացնելուց հետո:

Հանուն նոր, կենսունակ բազմակուսակցական համակարգի կայացման իշխանություն-ընդդիմություն սահմանադրական պայքար-մրցակցությունն է այն միակ գաղափարը, որի իրագործումը հնարավորություն կտա մոբիլիզացնել երկրում առկա կարող ուժերը և իշխանության համար պայքարը դուրս բերել այն արատավոր շրջանից, որում, կամա թե ակամա, նախկինում պարբերաբար հայտնվել են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը:

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
քաղաքական գիտությունների 
դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031