ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քաղխորհրդի ընդլայնված նիստից երեկ մամուլը արտահոսքեր էր արել, որոնք մտածելու տեղիք են տալիս:
Խորհրդարանական ընտրություններում բավական քվե հավաքած, խորհրդարանի թվով երկրորդ կուսակցության եւ նախագահական ընտրություններին չմասնակցած ուժի ղեկավարից ամիսներով առանց միջնորդության տեղեկություն չունեցող հանրությունը ԲՀԿ քաղխորհրդի նիստի` «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում հավանաբար որոնեց քաղաքական օդում առկա շատ հարցադրումների պատասխաններ ու առայժմ չստացավ: Ներկայացված հատվածում ոչ մի խոսք չկա, թե ինչ են խոսել Ծառուկյանն ու ԲՀԿ-ականները ներկայումս ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, եւ անգամ հայտնի չէ` պատմե՞լ է նա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր առանձնազրույցի մանրամասները: Ըստ մամուլային արտահոսքերի` ոչ: Կամ միգուցե` Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ տաք քննարկումներից հետո հետաձգված նիստը, որն ըստ լուրերի շարունակվելու է հանգստյան օրերին, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ էլ կպարունակի:
Իսկ ահա նախագահ Սարգսյանի երդմնակալությունից ու կառավարության սպասվող հրաժարականից առաջ քննադատական խոսքեր ուղղվել են կառավարության հասցեին. «Ժողովուրդը մեզնից մեծ սպասելիք ունի, իսկ ամենակարեւորը` մեր խոստումներից ու ծրագրերից մենք ոչ մի քայլ ետ չենք կանգնելու», ասել է Գագիկ Ծառուկյանը: Նա խոսել է ժողովրդի վիճակի մասին, եւ որ` մարդիկ իրենց աշխատանքով չեն կարողանում իրենց ընտանիքը նորմալ-բարեկեցիկ պահել (դե սա միշտ ասել է նա), ու որ` այդ մարդիկ «կոտրված, ընկճված ու հուսախաբ` երկրից հեռանում են»:
Մարդկանց վիճակից տեղեկանալով` պետք է քայլ կատարել, օգնել, մատից փուշ հանել, «քանի որ մարդիկ ձայն են տվելՙ լիարժեք իմանալով, որ այդ ձայնը տեղ է հասնում»: Իհարկե, այստեղ նոր բան չկա, սակայն եթե նկատի առնենք, որ Գագիկ Ծառուկյանի ձայնը վաղուց հանրությունը չէր լսել, ու դա ե՞րբ է ասվում, կարելի է այս խոսքերի մեջ հավասարապես երկու իմաստ էլ փնտրել, հատկապես եթե նկատի առնենք նաեւ իր կուսակիցների հետ հետագա երկխոսության բովանդակությունը նույն տեսանյութում: Առաջին, 4-5 ամիս լռելը կապվում էր նախագահական ընտրությունների հետ, դրանք անցան ու որեւէ անկանոն շարժում չարվեց ԲՀԿ-ի կողմից, իսկ հիմա այլեւս կարելի է վերահաստատել քննադատական կամ այլընտրանքային կեցվածքը, եւ երկրորդ ու ավելի կարեւոր մեսիջը գուցե այն է, որ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, անկախ նրանից, որ Ազատության հրապարակում ուրիշ մարդ է ներկայացնում քաղաքական դաշտի կարեւոր խաղացողը լինելու հայտը, երկրորդ քաղաքական ուժի սեփական հավակնություններն են հիշեցնում եւ հասցեագրում նոր կառավարություն կազմելուն ու անգամ վարչապետի պաշտոնին: Այլապես` ինչո՞ւ պետք է Նաիրա Զոհրաբյանը խոսեր այն մասին, որ փոքր ու միջին բիզնեսի մեջքն ուղղելու վերաբերյալ իրենց բոլոր օրենսդրական նախաձեռնությունները կառավարությունը մերժել է, ու եթե «ադեկվատ կառավարություն» լինի` դրանք վերստին ներկայացվելու են: Ծառուկյանն էլ իր խոսքում է նշել, թե ԲՀԿ-ն ստեղծվել է, որ կարողանա մարդկանց օգնել, պրոբլեմները կարգավորել, ու մարդիկ պայման ու հնարավորություն են ուզում ընդամենը աշխատելու եւ ընտանիքը պահելու:
Կարդացեք նաև
Իսկ ահա այն, թե ինչպես քվեարկեն ԲՀԿ-ականներըը խորհրդարանում` Ծառուկյանը ապսպրում է ԲՀԿ-ականներին թափանցիկ ակնարկներով` ուղղված խորհրդարանական գործընկեր ՀՀԿ-ին. «Քվեարկեք այնպես, որ փողոց դուրս գալով լիարժեք կարողանաք մարդկանց երեսը նայել, հպարտ քայլել, ոչ թե տեսնելուց` պախկվեք կամ վախենաք խորհրդարանի դռնից դուրս գալ», քանի որ «մենք քծնելու, ոչ էլ արտոնություն ստանալու խնդիր չունենք»:
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի ` Հայաստանից դուրս միջկուսակցական հարաբերությունների ստեղծման առաջարկին ի պատասխան, Ծառուկյանը, հանձնարարելով հատկապես Ջավախքի ուղղությամբ Վրաստանի հետ կապերն ակտիվացնել, ասում է, թե «քանի որ այնտեղ կառավարություն մերոնք են եկել» (՞), «Վրաստանը մեր անմիջական հարեւանն է` մեր կապերը պետք է շատ ամուր լինեն»:
Հետաքրքրական է Վարդան Օսկանյանի մոնտաժված խոսքի այն հատվածը, թե ստեղծված իրավիճակում կուսակցությունը պետք է հաստատի ժողովրդի կողքին լինելու հանձնառությունը, նպաստելով սահմանադրական ճանապարհով նրա իրավունքների իրացմանը: Սա թերեւս միակ վկայությունն է, որ այդ նիստում ներքաղաքական վիճակի մասին խոսք գնացել է, սակայն այդպես էլ չի հասկացվում, թե ի՞նչ է ասել Ծառուկյանն այդ առթիվ իր կուսակիցներին եւ Օսկանյանի այն ասածին, թե ԲՀԿ-ն պետք է «այսօրվանից քաղաքական պայքարի մեջ մտնի` մրցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, սկսած Երեւանի ավագանու ընտրություններից, եւ վերջապես ակտիվ ներգրավվածություն ունենա երկրում ընթացող բոլոր գործընթացներին` խորհրդարանական եւ արտախորհրդարանական, մասնակցի ազգային-քաղաքական նոր օրակարգի ձեւավորմանը եւ դրա միջոցով երկրում իրավիճակի փոփոխությանը»:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»