Նախագահական ընտրությունների օրը «Մետաքս» թաղամասում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մոտ «Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նախօրեին Հատուկ քննչական ծառայություն առերեսման են ներկայացել միջադեպի գլխավոր եւ երկրորդական հերոսները:
Պարզվում է գլխավոր հերոսը Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը, որի ով լինելը լրագրողներին հայտնի է դարձել առերեսման ընթացքում: Վերջինս երկար տարիներ զբաղեցնում էր պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի պաշտոնը եւ պաշտոնանկ եղավ ոլորտում հայտնաբերված չարաշահումների պատճառով: Փաստորեն, պաշտոնանկ լինելուց հետո Հակոբ Բեգլարյանը, ով շինանյութի բիզնեսով է զբաղված, նաեւ ընտրությունների օրը անվտանգության գործառույթներ է իրականացնում իրենց թաղամսի նախընտրական շտաբներում: Ուշագրավ է, որ գործով առերեսվել է նաեւ պետական գնումների աջակցության կենտրոնի ներկայիս ղեկավար Արթուր Առաքելյանը, ով տվյալ պաշտոնը զբաղեցրեց Բեգլարյանին ազատելուց հետո:
Այսինքն, թափուր տեղը դարձյալ Բեգլարյանների մերձավորն է զբաղեցրել: Ընդ որում Արթուր Առաքելյանին մեր թղթակիցը ճանաչել է ոչ թե միջադեպից, այլ զբաղեցրած պաշտոնից, քանի որ վերջինս միջադեպի ժամանակ որեւէ գործողությամբ աչքի չի ընկել: Հիշեցնենք, որ այդ օրը լրագրողները փորձել են մուտք գործել շտաբ, սակայն մի տղամարդ, որը հետգայաում պարզվեց Հակոբ Բեգլարյանն է եղել, մոտեցել է նրանց ու պահանջել հեռանալ: Ավելին, երբ ներկայացել են, որ լրագրողներ են եւ հարցազրուցներ անելու նպատակով են ուզում ներս մտնել, Հակոբ Բեգլարյանն ավելի ագրեսիվ, ոչ կոռեկտ բառապաշարով պահանջել հեռանալ՝ պատճառաբանելով, թե ներսում ղեկավարություն չկա: Նշենք, որ միջադեպի ժամանակ խլել էին լուսանկարչական ապարտները, որոնք վերադարձնելուց հետո էլ արգելել նկարել Հակոբ Բեգլարյանի եւ մյուսների անօրինական գործողությունները, որի մասին փաստող ձայնագրություն կա:
«Հրապարակ»
Կարդացեք նաև