«Իրավունքի Եվրոպա միավորում» հ/ կ-ի դիտորդներն ու ներկայացուցիչները այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրեցին մի ուշագրավ հանգամանքի վրա: Հ/կ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի խոսքերով՝ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններում իրենց արձանագրած ընտրախախտումները շատ արագ է քննել՝ 3 րոպեում ընտրախախտումներին վերաբերող երկու մեծ ծավալի արձանագրություն:
Հ/կ- ի դիտորդներից Ծովինար Նազարյանը այսօր նաեւ դժգոհեց, որ հատկապես հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը իր աշխատանքը խոչընդոտել է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԿԸՀ-ն քննեց 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/ կ-ի դիմումը մերժելու որոշումը բողոքարկող դիմումը եւ նույնպես մերժեց հ/կ-ին:
Aravot.am-ը 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են հասցրել դիտորդների մատնանաշած լայնածավալ խախտումների մասին արձանագրությունները քննել երեք րոպեում:
Կարդացեք նաև
«Պատասխանը իմ որոշմամբ եմ արտահայտել: Դիտորդները չափից դուրս շահագրգռված են: Չեմ ուզում շփվել այնպիսի դիտորդական առաքելության հետ, որոնք ընտրական տարածք եկող մարդկանց ոչխար են անվանում: Եթե մարդկանց դիտորդները անվանում են ոչխարներ, ուրեմն ժամի մեջ խառնում են: Առաջին հարցի քննումը տեւել է 17 րոպե… հետո քննել ենք մյուս հարցերը, իրենց ձեռք չի տալիս»,- ասաց պարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ դիտորդների աշխատանքը չի խոչընդոտել:
Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/ կ-ի ներկայացրած տեսանյութերից առանձնացրել էր մի հատված, որտեղ նույն հ/կ-ի դիտորդը, ինչպես պարոն Մուկուչյանն էլ հաստատեց, հեռախոսազրույցով ընտրողներին ոչխարների հետ էր համեմատում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ