Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ընտրական համակարգերին անվստահություն հայտնելու կոչ

Մարտ 06,2013 19:20

ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը չի ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված այն մեղադրանքները, որ նա անակնկալի է եկել ընտրությունների արդյունքներից եւ ծրագիր չունի: «Դեկտեմբերի վերջերին-հունվարի սկզբներին մենք հանդիպել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, զրուցել ենք. ով-ով, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ պատկերացնում էր ստեղծված իրավիճակը, այլապես մենք իր կողքին չէինք կանգնի: Երկար զրուցել ենք, հնարավոր հետեւանքներն էլ ենք պատկերացրել, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավատում էր այս գործի հաջողությանը, ինչպես եւ ես»,- ասում է Մովսես Շահվերդյանը՝ հավելելով, որ ճիշտ չէ իրադարձությունների հետագա ընթացքը միայն Րաֆֆի Հովհաննիսյանի անվան հետ կապելը, քանի որ որեւէ անհատ միայնակ ի վիճակի չէ իր վրա վերցնել այդ բեռը: Թեեւ մեր զրուցակիցը միաժամանակ նշում է, որ շատ բան կախված է լինելու նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կայացրած որոշումներից, քանի որ այսօր նա է լիդերը:

Շահվերդյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում դաշտում կշիռ ունեցող կուսակցությունները՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Հանրապետություն» եւ այլն, պետք է լրջորեն վերլուծեն ստեղծված քաղաքական իրավիճակը. «Եթե քաղաքական գործընթացները համեմատենք շարժվող գնացքի հետ, ապա՝ ով կհասցնի էդ գնացքին՝ տեղ կունենա, ով չի հասցնի՝ դուրս կմնա գործընթացներից: Ձեր նշած բոլոր կուսակցությունները պետք է իրենց համար հստակեցնեն՝ ուզում ե՞ն մտնել այս գործընթացների մեջ, թեկուզ ուշացած, թե՝ ընդհանրապես դուրս են մղվելու, որովհետեւ, եթե դեպքերը զարգանան բնականոն ընթացքով եւ իսկապես Հայաստանում, իշխանությունների մեջ տեղի ունենա լուրջ, արմատական փոփոխություններ, իրենք մի կողմ կմղվեն: Դատավորը ժողովուրդն է եւ եթե իրենք ժողովրդի «աչքից ընկան»՝ դժվար կլինի վերականգնվելը: Ժողովուրդը հիմա շատ ուշադիր նայում է՝ ո՞վ եւ ի՞նչ է անում: Ժամանակը քիչ է, պետք է արագ մտածեն եւ որոշումներ կայացնեն»:

Ի՞նչ արդյունք է սպասվում այս շարժումից՝ Aravot.am-ի հարցին պատասխանելով, Մովսես Շահվերդյանը կանխատեսեց. «Իմ հաշվարկներով մենք ունենք 2-3 ամիս ժամանակ, որպեսզի ժողովուրդն արդեն լուծումները  տեսնի: Հաշվի առնելով, որ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, ինչը ինչ-որ դերակատարում կունենա այս գործընթացների վրա, որոշ ուժեր, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ օրերս պետք է որոշումներ կայացնեն: Պետք է վերաբերմունք դրսեւորվի, քանի որ, իմ կարծիքով, ավագանու ընտրությունները բավականին ռիսկային են ընդդիմադիր ուժերի համար: Եթե «Ժառանգությունը» եւ իրենց ընդդիմադիր համարող մյուս ուժերը մտնեն այս ընտրությունների մեջ եւ անհաջողության մատնվեն, դա նրանց համար կարող է քաղաքական տեսանկյունից կործանարար հետեւանքներ ունենալ: Պետք է հստակ հաշվարկներ անել եւ ճշգրիտ որոշումներ կայացնել»:

Մեր զրուցակցի կարծիքով, ճիշտ կլինի, եթե քաղաքացիական հասարակության խմբերը նախաձեռնություն ցուցաբեն՝ պահանջելով, որպեսզի այն մարմինները, որոնք մինչ այժմ անց են կացրել ընտրությունները եւ գնահատել դրանք, այլեւս դա չանեն: Այսինքն, անվստահություն հայտնեն ԿԸՀ-ին, տեղական հանձնաժողովներին, ՍԴ-ին, քանի որ ամեն անգամ ընտրությունները կողծվում եւ գրանցվում են, որպես իրականություն, ուստի անիմաստ է հերթական  անորակ ընտրության անցկացումը: «Նախագահական ընտրություններով ժողովուրդը պարզ ցույց տվեց, որ չի վստահում այն պետական համակարգին,որտեղ մոնոպոլ դիրք ունի ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն ամբողջովի՞ն դուրս կմղվի պետական համակարգից, թե՝ մասամբ, մտածելու բան է: Կարելի է բանակցել: Բայց ժողովուրդը իրավունք ունի անվստահություն հայտնելու Հայաստանի ընտրական համակարգին, որպես չկայացած եւ անորակ համակարգի ու նրան զրկի այդ գործառույթն իրականացնելուց: Նման զարգացման դեպքում, կլրանա Երեւանի ավագանու ընտրության ժամկետը, ընտրությունը չի կայանա, եւ ժողովուրդն ինքը հնարավորություն կստանա իր ձեռքը վերցնել եւ Երեւանի, եւ հանրապետության կառավարումը»,- ասում է ՀԱՍԿ նախագահը:

Մեր դիտարկմանը՝ այդ պարագայում ի՞նչ իմաստ ուներ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ դիմելու քայլը, Շահվերդյանն ասաց, որ դա հերթական  քաղաքական քայլ էր, որը քաղաքական, քարոզչական  արձագանք է ենթադրում. «Մինչ օրս իր կայացրած որոշումներով ՍԴ-ն հասարակության մոտ վստահություն չի կարողացել ձեռք բերել: Միաժամանակ, չդիմելու դեպքում էլ կլինեին մեղադրողներ, ինչպես հիմա: Այս պահին այսպես ենք հարմար գտել, եւ այդ քայլն ենք արել, ու դրանից շատ հեռու գնացող հետեւություններ անել պետք չէ»:

Մովսես Շահվերդյանը քաղաքական-պետական գործիչներին սթափության կոչ է անում՝ ներկայիս իրավիճակը համեմատելով 19-րդ եւ 20-րդ դարերում Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններում ստեղծված իրավիճակին. «Արտաքին աշխարհի կողմից այսօր Հայաստանի նկատմամբ ստեղծված վերաբերմունքը վտանգավոր է: Հայաստանին համարում են, կարծես իրենց ձեռքի խաղալիքը: Համարում են, որ Հայաստանին կարող են օգտագործել այնպես, ինչպես ժամանակին օգտագործեցին Արեւմտյան հայաստանը, հայկական հարցը, իսկ մենք գիտենք թե դա ինչ տխուր հետեւանքներ ոնեցան հայ ժողովրդի համար: Բոլոր նրանք, ովքեր այս պահին որոշակի ռեսուրսներ եւ կշիռ ունեն, պետք է պատասխանատվություն զգան երկրի եւ ժողովրդի առաջ, լինի դա Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այլոք: Այստեղ անձնավորված հաաբերություններ, դուր գալ-չգալու խնդիր, համակրանք-հակակրանք չի կարող լինել, պետք է առաջնահերթ մի բան լինի՝ այնպես անել, որ մեր պետություն ու ժողովուրդը չտուժեն ստեղծված իրավիճակում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031