Շիրակի մարզպետարանի մեր աղբյուրների հավաստմամբ, վաղը կառավարության նիստում կնշանակվի նոր մարզպետ, որից անմիջապես հետո` կեսօրին, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նորանշանակ պաշտոնյային կուղեկցի Գյումրի ու կներկայացնի շիրակցիներին:
Տեղի բարձաստիճան պաշտոնյաների հավաստմամբ, մարզպետը 98 տոկոսով գեներալ Ֆելիքս Ցոլակյանն է` ԱԱԾ-ի պետի տեղակալը: Նշենք սակայն, որ պաշտոնապես վաղվա օրակարգում մարզպետի հարցը ընդգրկված չէ, և կան նաև խոսակցություններ, որ մինչև նոր կառավարության ձևավորումը՝ մարզը կգլխավորի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը , որին կնշանակեն մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: Անդրադառնալով այս թեմային` Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Շիրակին ընդհանրապես մարզպետ պետք չէ : « Ես պիտի ասեմ, որ սարսափելի ոչինչ չկա, որ մարզպետ չկա: Ոչ մեկն էլ չի զգում, որ մարզպետ չկա: Շատ լավ է, որ չկա, արժի դրա վրա մի քիչ մտածել, ընդհանրապես էդ ինստիտուտը պե՞ տք է, թե՞ պետք չէ: Կարող է բացարձակապես իզուր տեղը պետության փողերը վատնո՞ ւմ են: Շիրակի մարզպետի ընտրությունը `ուժային կառույցներից գեներալ, տարօրինակ մոտեցում է կամ գուցե և իշխանությունների տրամաբանության մեջ է, եթե խոսքը ոստիկանական պետություն ստեղծելու մասին է: Եթե ընտրությունների հետ կապված միլպետ են փոխում, ուրեմն մարզպետն էլ կարևոր անձ է ընտրությունների մեջ: Բայց թե ի՞ նչ մարզպետ է պետք, ընտրովի մարզպետ է պետք, ոչ թե նշանակովի, այսինքն, եթե նույնիսկ այդ ինստիտուտը պետք է պահպանվի, ապա պետք է փոխվի ինստիտուտի ձևավորման գործընթացը՝ ով որ ընտրվեց, ով որ ունեցավ ծրագիր, ով որ ունեցավ հայեցակարգ, ում որ ժողովուրդը ընտրեց: Այլապես աննորմալ է , ընտրովի համայնքապետ, ընտրովի նախագահ և արանքը` նշանակովի մարզային իշխանություն: Մենք Հայաստանում շատ ավելի նորմալ վիճակ կունենայինք, եթե էն, ինչը եղավ ընտրությունների ժամանակ, ասենք Շիրակի մարզի վերաբերմունքը դե յուրե նույնպես արտահայտված լիներ, ոչ թե քվոտաներով, ինչերից ելնելով պորտֆելների բաժանում տեղի ունենար»,- ասաց մեր զրուցակիցը :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ