Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վիճաբանություն Մուկուչյանի հետ. «Պարոն Մուկուչյան, դուք հանձնաժողովի նիստը իջեցրել եք բեսեդկայի խոսակցության մակարդակի» (Տեսանյութ)

Մարտ 06,2013 19:02

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննեց ու մերժեց նախագահական ընտրություններին «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/ կ-ի արձանագրած  ընտրախախտումների վերաբերյալ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը բողոքարկելու վերաբերյալ  դիմումը:

Հ/կ-ն  դիմումի հետ ԿԸՀ-էր ներկայացրել ընտրախախտումներն արձանագրող 47 սկավառակ:

Հանձնաժողովի քարտուղար Ա. Սմբատյանը ասաց, որ  դիմումն ու սկավառակները հանձնաժողովն ուսումնասիրել ու  չի հասկացել,  թե տեսանյութերի որ հատվածը դիմումի որ հատվածին է վերաբերում : Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ պնդեց, որ սկավառակները նույնաբովանդակ են ու հարցրեց. « Ի՞նչն է պատճառը, ուղղակի ստեղծել իմիտացիա շատ սկավառակների…կան սկավառակներ, որոնց առանձին տեսանյութեր տարբեր սկավառակներում կրկնվում են»:

Հանձնաժողովում այսօր մեկ ժամից ավելի պարոն Մուկուչյանը ցուցադրեց սկավառակներից լուսանկարներ կամ տեսանյութերից ընտրված հատվածներ, որոնք տեղամասից դուրս դիտորդի զրույցն էր ձայնագրել եւ  ընտրախախտումի մասին ոչինչ չկար:

Նա նաեւ պնդեց, որ երեք սկավառակ պետք է հաշվի չառնվեն, որովհետեւ նույնաբովանդակ ու ոչինչ չասող են:

Հ/Կ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն էլ բացատրեց, որ տեխնիկական հնարավորություններ չեն ունեցել մոնտաժել, ինչ նկարել են, այդ էլ ներկայացրել են:

Հ/կ մեկ այլ ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն էլ հանձնաժողովականներին առաջարկեց. «Ժամանակն ինչի՞ համար է ծախսվում : Դուք ասացիք, բոլոր նյութերն ուսումնասիրել եք, եթե  տեսել եք 47 սկավառակից 3-ում կրկնություն կա, դրեք մի կողմ այդ երեք սկավառակը: Եկեք խոսենք 44-ի մասին»:

Պարոն Մուկուչյանը նաեւ ցուցադրեց տեսանյութերից մեկից առանձնացված այն հատվածը, որտեղ դիտորդը հեռախոսազրույցի ժամանակ պատմում էր, որ հոգնել է ու ընտրողների մասին, ինչպես պարոն Մուկուչյանն ասաց, այսկերպ է արտահայտվել. «բերում են ոչխարներին, ոչխարների պես գալիս են, ընտրում են»: «Դուք իրավունք ունե՞ք սովորական քաղաքացուն անվանել ոչխար»,- դիտորդին հարցրեց պարոն Մուկուչյանը:

«Պարոն Մուկուչյան, դուք մեր ժամանակն անտեղի վատնում եք ինչ-որ պարզաբանումների վրա»,- հակադարձեց Վ. Գրիգորյանը:

«Դուք տեղյակ չեք մետաֆորաներից, նույն ընտրատարածքում բոլոր մարդկանց ուղղորդում են, եւ դա մետաֆորիկ ձեւով ես ասել եմ»,- պատասխանեց ոչխարների համեմատությունը կատարած դիտորդը:

Պարոն Մուկուչյանը շարունակեց  հարցերը դիտորդին. «Եւս մի նյութում դուք փորձում եք խաթարել մի ընտրողի իրավունքը` նրան համարելով  հոգեկան հիվանդ: Դիտորդը իրավունք ունի՞ խոչընդոտելու անձին կատարել իր քվաերակությունը»:  Միջամտեց կրկին Վ. Գրիգորյանը. «Այստեղ խոչընդո՞տ եք տեսել: Ունե՞ք ապացույց: Հանձնաժողովի արձանագրություն կա՞, որ խոչընդոտ է տեղի ունեցել… հանձնաժողովի նիստը դուք բեսեդկի խոսակցության մակարդակի եք հասցրել: Անցեք կոնկրետ հարցերին»: Վիճաբանությունից հետո հանձնաժողովի նիստում այդպես էլ չքննարկվեցին ընտրախախտում արձանագրած տեսանյութերը: Հանձնաժողովի անդամ պարոն Սմբատյանը միանգամից կարդաց որոշումը`

Մերժել բողոքարկվող դիմումը` հիմնավորելով, որ պահանջը հստակ ձեւակերպված չէ: ԿԸՀ-ն որոշեց նաեւ դիմումով բերված նյութերն ընդունել որպես հաղորդագրություն եւ հասցեագրել գլխավոր դատախազություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031