Այսօր Պարոնյանի անվան պետական թատրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի հյուրերն էին ռուս ճանաչված դերասաններ Տատյանա Արնտգոլցը, Գրիգորի Անտիպենկոն և պրոդյուսեր Ալբերտ Մոգինովը, ովքեր խոսեցին մարտի 6-ին և 7-ին Այս թատրոնի բեմում խաղացվելիք «Երկուսը ճոճանակի վրա» ներկայացման մասին:
Դերասանները խոստովանեցին, որ լարված են , անհամբեր սպասում են ներկայացմանը և հայ հանդիսատեսի արձագանքին: Նրանք նշեցին, որ ներկայացման մեջ եղել են փոփոխություններ, նաև իմպրովիզացիաներ՝ ներկայացմանը նոր շունչ տալու համար: «Ներկայացումը արժանի չէր մոռացվելու, քանի որ այն ակտուալ է բոլոր ժամանակների համար, քանի գոյություն ունեն կինը և տղամարդը, քանի գոյություն ունի Երկիր մոլորակը»:- հիացմունքով արտահայտվեց Տատյանա Արնտգոլցը ներկայացման մասին:
Նրանք նաև նշեցին, որ երբեք այնպիսի դեր չեն խաղա, որն իրենց հետաքրքիր չէ և չեն անի այն, ինչ իրենց հաճույք չի պատճառում:
Այն հարցին, թե ո՞րն է իրենց համար ավելի հարազատ և սիրելի՝ թատրո՞նը, թե՞ կինոն, դերասանները պատասխանեցին, որ այդ երկուսը անհամեմատելի բաներ են, տարբեր աշխարհներ, սակայն նաև խոստովանեցին, որ կինոյում իրենք սպառվում են, իսկ թատրոնում լիցքավորվում: «Հարկ է նաև նշել, որ թատրոնում ամեն ինչ անում ես առաջին և վերջին անգամ, առանց ընդհատումների» :
Կարդացեք նաև
Հարցին, թե իրենք ինչպե՞ս են համատեղում կինոն և թատրոնը՝ մեկը մյուսի հետ չխառնելով, դերասանները պատասխանցին, որ լավ դերասանի համար մեկը մյուսին չպետք է խանգարի, լավ դերասանը պետք է կարողանա ինքն իրեն վերակառուցել:
«Երկուսը ճոճանակի» վրա ներկայացման իրենց կերպարներին սիրում են, սակայն նաև խոստովանեցին, որ կան շատ դերեր, որոնք իրենք կցանկանային խաղալ:
Նշենք, որ ներկայացումը Ուիլիամ Գիբսոնի 1962 թվականին գրված «Երկուսը ճոճանակի վրա» պիեսի բեմադրությունն է : Մարտի 6-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնում տեղի կունենա ներկայացման պրեմիերան:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ