Դեռեւս մայիսի 31-ին տեղեկացրել էինք, որ մայիսի 30-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցի իր բնակարանում դաժանաբար սպանվել էր 85-ամյա Հրանտ Ծատուրյանը: Իսկ Կապանի ոստիկանության բաժինը տեղեկացրել էր, որ 85-ամյա բնակչին ծեծելով եւ խոշտանգելով սպանել էր նախկինում 3 անգամ դատապարտված, 1983թ. ծնված Կարեն Նավասարդյանը (լուսանկարում):
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Կապան քաղաքի բնակիչ, 1927թ. ծնված Հրանտ Ծատուրյանին առանձին դաժանությամբ սպանելու համար Կարեն Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման:
Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզի դատախազությունից` Կարեն Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել` առանձին դաժանությամբ սպանություն կատարելու համար եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. մարտի 1-ի դատավճռով` վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 14 տարի ժամկետով:
«Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Կարեն Նավասարդյանն, օգտվելով Հրանտ Ծատուրյանի միայնակ բնակվելու և տարեց լինելու հանգամանքից, վերջինիս բնակարանում բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, իսկ իր մոտ եղած դանակով, ֆիզիկական տառապանքներ պատճառելու նպատակով մի շարք հարվածներ է հասցրել գլխին, այնուհետև` առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով և ոտքերով հարվածները` կոտրելով Ծատուրյանի վեց կողոսկրերը և պատճառելով գանգուղեղային փակ տրավմա: Պատճառված վնասվածքների հետևանքով Ծատուրյանը տեղում մահացել է»,-հաղորդում են Սյունիքի մարզի դատախազությունից:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ