Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «Հայաստանում նախահեղափոխական իրավիճակ է»

Մարտ 06,2013 17:15

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը, որի ղեկավարած կուսակցությունը նախընտրական շրջանում հայտարարեց «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը սատարելու մասին, ՀՀ իշխանությունների բազմաթիվ սխալներից մեկն է համարում այն իրողությունը, որ ակնկալում էին հարթ ընտրական ընթացք՝ չսպասելով, որ քվեարկության օրից 20 օր անց դեռ հրապարակում դժգոհ ժողովուրդ կլինի, դեռ կրքերը չեն հանդարտվի: Ըստ նրա, դա ուղիղ ապացույցն է նրա, թե ինչքանով են մեր իշխանությունները հեռու իրականությունից, ինքան են կտրված մեր ժողովրդից, հասարակության խնդիրներից եւ ապրելակերպից: Իսկ այն, ինչը որ հիմա կատարվում է, մեր զրուցակիցը համարում է «բնական գործընթաց»՝ պայմանավորված մեր հասարակության խնդիրներով եւ մոտեցումներով:

«Ընտրություններից առաջ բոլորին թվում էր, թե ամեն ինչ կլինի այնպես, ինչպես իշխանությունն է ցանկանում, իրենց գծած սցենարներով եւ այլն: Ընտրություններից առաջ էլ, ընթացքում էլ ես ասել եմ՝ ամեն ինչ ընթանալու է ոչ այնպես, ինչպես ներկայացվում է, լինելու են անսպասելի, հետաքրքիր զարգացումներ, որովհետեւ, երբ քաղաքական ուժերն ու գործիչները, ինչու՝ ոչ, նաեւ իրենց քաղաքական վերլուծաբան համարողները սկսում են «վերլուծություններ» անել, ինչ-որ մեկին հաճոյանալու, ծառայելու համար: Ժողովրդի գործոնը միշտ դուրս է մղվում, առաջ է բերվում, այսպես ասած, քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների գործոնը: Արդեն իսկ կան բավականին որակյալ քաղաքական գործիչներ, բայց այսօրվա մեր քաղաքական դաշտը համահունչ չէ պետության եւ ժողովրդի առջեւ դրված խնդիրներին: Այն ինչ անում է դաշտում գործող սոցիոլոգը (նկատի ունի Ահարոն Ադիբեկյանին-Ն. Գ.), նա ընդամենը քարոզչի գործ է անում՝ որոշակի թիմի, որոշակի մարդու համար. նա կարող է հրապարակայնորեն քարոզել, դա իր գործն է, բայց դա ոչ մի կապ չունի սոցիոլոգիայի հետ: Դրա համար էլ այսպիսի պատկեր է ստացվում՝ նրանք մի բան են կանխատեսում, իրականում՝ այլ է ու դա նորություն չէ. դա եղել է 1996-ին, 1998-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին: Դա պարբերաբար կրկնվում է եւ ցույց է տալիս, որ մեր վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները չեն ուզում հետեւություններ անել, որ հիմնական գործոնը ժողովուրդն է, գործիչներն այդ պահին կարող են ընկալել ժողովրդի տրամադրությունները եւ համահունչ քայլեր կատարել»,- ասում է Մովսես Շահվերդյանը՝ հավելելով, որ, որ պահին ՀԱՍԿ-ն ում կողքին կանգնել է՝ նա հաջողություն է ունեցել՝ անկախ ներդրումների եւ կատարված աշխատանքի ծավալից:

«Շատ եւ արդյունավետ աշխատելը շատ աղմկելու հետ կապ չունի»,-գտնում է Շահվերդյանը՝ հիշեցնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ առումով իր գնահատականներն արդեն հնչեցրել է՝ ընդգծելով, որ ՀԱՍԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը կանգնել է իր կողքին: «Եվ այսօր նրանք, ովքեր փորձում են նորից ակտիվանալ՝ թող հիշեն ընտրություններից առաջ, ընտրություների ժամանակ ի՞նչ գնահատականներ էին տալիս՝ թե երեւույթներին, թե գործընթացներին, թե նույն Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորություններին»,- խորհուրդ է տալիս մեր զրուցակիցը՝ նշելով, որ ինքը զարմացած չէ ներկայիս իրադարձություններով, դրանք բնական եւ ճիշտ գործընթացների արդյունք են եւ ովքեր կփորձեն անտեսել ժողովրդին ու պետությանը, նրանց խնդիրները՝ կմատնվեն անհաջողության:

Այս համատեքստում Շահվերդյանը իշխանություններին կոչ է անում ճիշտ հետեւություններ անել: Նախ՝ ճիշտ գնահատել իրավիճակը, ապա նոր գտնել լուծումներ. «Այսօր Հայաստանում նախահեղափոխական իրավիճակ է, որը շատ արագ կարող է վերաճել հեղափոխական իրավիճակի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031