Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորը` երիտասարդական մայրաքաղաք

Մարտ 06,2013 16:50

Շուտով վանաձորցիներն իրենց հարազատ քաղաքում ավելի հաճախակի կհանդիպեն եվրոպացիներին: Դա հնարավոր կլինի շնորհիվ Եվրախորհրդի կողմից ֆինանսավորվող 4 ծրագրերի 39 հազար եվրո արժողությամբ, որոնք կիրականացվեն Վանաձորում ապրիլ, մայիս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին: Համաձայն այդ ծրագրերի` այս տարվա ընթացքում Վանաձորում կկազմակերպվեն ամառային եւ ձմեռային ճամբարներ եվրոպական երկրների երիտասարդների համար:

Ինչպես մեզ պատմեց «Լոռեցիների միավորում» կազմակերպության նախագահ Մենուա Բրուտյանը, ապրիլի 22-28-ը երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների վերապատրաստման դասընթացներ են լինելու, որին կմասնակցեն 15 եվրոպական երկրներից 2-ական ներկայացուցիչ: Մյուսներն էլ համանման ծրագրեր են` առավելագույնը մինչև 80 մասնակցով:

Այս ամենին ընդառաջ հայաստանյան մի շարք երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ Վանաձորում երիտասարդական կազմակերպությունների ֆորում էր կազմակերպվել, որի ժամանակ Վանաձորը հռչակվեց համահայկական երիտասարդական մայրաքաղաք: «Վանաձորի` երիտասարդական մայրաքաղաք լինելն առաջացնում է դրական էմոցիաներ: Վերնագիր է, որի տակ կարելի է ինչ-որ բան ներկայացնել: Մենք պետք է կարողանանք ներկայանալ աշխարհին, և դրա համար պետք է քո լեյբլը ունենաս»,- ասում է Մենուան:

Վանաձորը երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նախաձեռնության մասին տեղեկացել է նաև Արևմտյան Եվրոպայի և Կովկասի «ՍԱԼՏՈ» ռեսուրսային կենտրոնը, որը փետրվարի 19-ին Վանաձորում հասարակական կազմակերպությունների աշխատանքային տոնավաճառ էր կազմակերպել, որ Հայաստանի և եվրոպական հասարակական կազմակերպությունները ծանոթանան, փորձեն համագործակցել: Եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչները հետաքրքրվեցին Վանաձորում երիտասարդական ճամբարներ կազմակերպելու գաղափարով:

«ՍԱԼՏՈ» ռեսուրսային կենտրոնի կոորդինատոր Թոմաշ Շոփան ասաց, որ հետաքրքրված են տեղական կազմակերպությունների հետ ծանոթությամբ և հետագա համագործակցությամբ: Մենուա Բրուտյանն ասաց, որ սա շատ լավ առիթ է տեղական կազմակերպությունների համար` առավել ևս, որ Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին է, իսկ շփումները և համագործակցությունն ինտեգրման լավագույն միջոցն են: «Սա մի մեծ եվրոպական ընտանիք է, բարով եք եկել»,- նշեց նա:

Այս համագործակցությունները հետաքրքիր կլինեն նաև վանաձորցի երիտասարդների համար, ովքեր հնարավորություն կունենան շփվելու եվրոպացի հասակակիցների հետ, կծանոթանան միմյանց մշակույթին: «Նախատեսում ենք հնարավորինս շատ միջոցառումներ կազմակերպել, որ արդյունքում Վանաձոր այցելուների թիվը մեծ լինի: Բնականաբար, այցելուն ենթադրում է նաև ֆինանսական հոսքեր, արդյունքում դա կբերի Վանաձորի զարգացմանը, կաշխատեն հյուրանոցները, խանութները, տաքսի ծառայությունները, առողջարանը, վարսավիրանոցները, որը անմիջականորեն բնակչի վրա կանդրադառնա: Մենք նախատեսում ենք տարեկան 10-12 հազար այցելու ունենալ»,- ասում է Մենուան:

Նա վերհիշում է, որ «նախկինում Վանաձորը եղել է տուրիստական և առողջարանային քաղաք` կային ճամբարներ, հյուրանոցներ, առողջարաններ, հրաշալի բնություն, իսկ կլիման մեղմ է և’ ամռանը, և’ ձմռանը»: Նրա խոսքերով, ներկայումս Վանաձորն ունի  թատրոններ, թանգարաններ, «Հորովել» երգի-պարի համույթ եւ ընդհանրապես շատ բան ունի ցույց տալու, հատկապես եվրոպացիների համար:

Տիրան Մանուչյան՝ (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031