Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրփաթեթներն ու հյուրանոցները թանկացել են

Մարտ 06,2013 16:31

«Տուրպատվերները գնում են Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա, համապատասխան հյուրանոցներ չունենալու պատճառով»

Այս տարի հյուրանոցային համալիրների ծառայությունների արժեքները առնվազն 20%-ով ավելացել են, քանի որ սննդի մասով կիրառվել է ավելացված արժեքի հարկ: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Ճամփորդական գործակալների հայկական միության» փոխնախագահ Եղիշե Թանաշյանը: Նրա ներկայացմամբ, սրա հետեւանքով 10-20%-ով ավելացել են նաեւ զբոսաշրջային փաթեթները, որոնք այս թանկացման պատճառով տարածաշրջանի համեմատ անմրցունակ են դառնում:

Պարոն Թանաշյանի ներկայացմամբ` որպեսզի կառավարության նախատեսած զբոսաշրջիկների 1 միլիոն թիվն իրականություն դառնա, շտապ գործողություններ են հարկավոր: Հարցին, թե այդ դեպքում անմրցունակ լինելով, այդ թիվն ինչպե՞ս պետք է ապահովի կառավարությունը, եւ արդյոք ԱԱՀ-ն կհանի, պարոն Թանաշյանը պատասխանեց. «Զբոսաշրջային ոլորտի նկատմամբ որեւէ հատուկ արտոնություններ չեն արձանագրվել, միայն ներքին զբոսաշրջության նկատմամբ ԱԱՀ-ից ազատելու այդ օրենքը, կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ գործնականորեն եւ հիմնականորեն որեւէ զբոսաշրջային օպերատորի կողմից չի կարողանում կիրառվել, որովեհետեւ կան տեխնիկական խնդիրներ եւ օրենքի այդ կետը դեռեւս բարելավված չէ: Զբոսաշրջությունը դիտվում է գերակա ոլորտ, սա փոքր գործարարության հատված է, լինելով գերակա ոլորտ, որը նաեւ ներդրումներ է անում արտերկրում գովազդելու համար, բնականաբար, ավելի տարանջատված մոտեցում է պահանջում` հարկային եւ բոլոր առումներով: Իսկ 1 միլիոնի սահմանը կարելի է հատել նոր շուկաներ ձեռք բերելով, որոնք ավելի վճարունակ են, նաեւ զարգացնել հյուրանոցային  համալիրների կառուցումը, որոնց սենյակները 150-200 պիտի լինեն, որոնք ունենան առնվազն 8-15 հանդիպումների դահլիճներ»:

Չունենալով նման պահանջի հյուրանոցներ, ըստ Եղիշե Թանաշյանի, Հայաստանը մեծ քանակությամբ զբոսաշրջիկների խմբեր է կորցնում եւ այդ պատվերները գնում են հարեւան երկրներ` Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա: Պարոն Թանաշյանի դիտարկմամբ` նման հյուրանոցներ կառուցողներին պետությունը պետք է արտոնություններ տա:

Զբոսաշրջության ոլորտում մեծ խնդիրներ առաջացան նաեւ, երբ մի քանի արտերկրի ավիաուղիներ դադարեցրին չվերթները:

Եղիշե Թանաշյանի ներկայացմամբ` բրիտանական, լեհական եւ բալթյան ավիաուղիներն այլեւս չվերթներ չեն իրականացնում, դրանք մատչելի եւ հարմարավետ չվերթներ էին եւ զբոսաշրջիկների համար ձեռնտու, սակայն օդանավակայանի ծախսերի եւ այլ պատճառներով այլեւս չեն աշխատում: Մասնավորապես, հենց լեհական ավիաուղու աշխատանքի դադարեցման հետեւանքով, պարոն Թանաշյանի խոսքերով ասած` մեծ պրոյեկտներ են սառեցվել. «Իսկ հիմա Արեւելյան Եվրոպայի ավիատոմսերը 20-25 %-ով ավելացել են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031