Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով. մեկնաբանություններ

Մարտ 06,2013 16:25

«Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցություններ-ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան բանակցությունների շրջանակներում, ինչպես երեկ բացահայտել էր Հովիկ Աբրահամյանը՝ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որում կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները, այդ թվում` «Ժառանգության» և ՀՅԴ-ի: Դրան հաջորդեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, թե առաջարկությունը համարժեք չէ ստեղծված հետընտրական իրավիճակին:

Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց` Հ. Աբրահամյանի առաջարկությունն ընդդիմության պահանջների բավարարմանն ուղղված գործողություն համարե՞լ, թե՞ դրանում այլ շարժառիթներ են նկատվում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց. «Այդ առաջարկը ըստ էության մոտավորապես նույնն է, ինչ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս, ինչքան որ ես եմ տեղյակ, առաջարկը մերժել է, քանզի ընդունելով դա` միանգամից կհեղինակազրկվեր հայ հասարակության մեջ: Իշխանության և Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսությունը, կարծում եմ, մտել է փակուղի: Ինձ համար այդքան էլ պարզ չէ, թե «Ժառանգության» հետագա ծրագրերը որոնք են: Թե հիմա ինչ են իրենք առաջարկում, կարծես թե վերջին հանրահավաքի ժամանակ խոսվեց այդ մասին: Մասնավորապես այն մասին, որ իրենք պատրաստ են մասնակցել ավագանու ընտրություններին: Եթե «Ժառանգությունը» վարի այդ քաղաքականությունը, կարող է այս շարժումը մարել»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ այս առիթով նշեց, որ ինչպես ինքն էր կարծում, նախագահական ընտրությունները կանխորոշված էին և պարզ էր, թե ով է դառնալու ՀՀ նախագահ և ցանկացած մարդ, ով կմտներ այս միջոցառման մեջ, ի սկզբանե պարտվելու էր: Այնուհետև պարոն Բադալյանը մանրամասնեց. «Ի սկզբանե իշխանությունն ասել էր, որ իրեն պետք էր ցույց տալ մրցակցային ընտրություն: Իսկ եթե գնային մաքսիմալ ձայների հավաքման, ապա ձայների հարաբերակցությունը կլիներ ոչ թե 58 /37, այլ 80/20: Այդ դեպքում գործող իշխանությունը չէր կարող Արևմուտքին ներկայացնել, որ սրանք մրցակցային ընտրություններ են: Փաստորեն, ինչ ցանկություն իշխանությունն իր առջև դրել էր, դրան հասավ: Բայց դա չաշխատեց, որովհետև արտասահմանյան լրագրողներն էլ նշեցին, որ ընտրությունները մրցակցային չեն եղել: Փետրվարի 18-ին, երբ դե յուրե ներկայացվեցին նախագահական ընտրություն կոչված միջոցառման արդյունքները, դրանք այդ պահից սկսած ավարտվեցին: Նշենք, որ ընդդիմության թեկնածուի կողմից որևէ հաջողություն հնարավոր չէ»:

Հ. Աբրահամյանի առաջարկության վերաբերյալ էլ նա նշեց. «Քանի որ ժողովրդական աղմուկ կա, իշխանությունը ուզում է ժողովրդավարի հագուստով ներկայանալ: Բնականաբար, նման առաջարկություն են անում: Բայց լուրջ ներդրում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից չի կատարվի, քանի որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մեկ- երկու օրում չի աշխատի, դա երկար աշխատանք է լինելու, ու չգիտես` ինչ տեղի կունենա: Նախագահական ընտրությունները ավարտվել են և պետք է պատրաստվել Երևանի ավագանու ընտրություններին գրագետ ընտրարշավով: Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը ուղղված է ոչ այնքան գործող նախագահին, որքան հանրապետական մանր ղեկավարների դեմ` մարզպետներ, քաղաքապետեր: Ժողովրդական լավ ասացվածք կա` գնա մեռի, արի սիրեմ: Հիմա արդեն նախագահական ընտրություններն ավարտվել են, և մահանալուց հետո դրանք սիրել պետք չէ, պետք է գնալ դեպի ապագան, դեպի ավագանու ընտրություններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031