Լրահոս
Օրվա լրահոսը

Նորբերթ Լամմերթն ընդգծեց, որ Գերմանիայի խորհրդարանում խորությամբ են քննարկվում Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները

Մարտ 06,2013 16:11

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի, արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ:

Ողջունելով Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությանն ու Գերմանիայի ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերած համակողմանի աջակցության, օժանդակության համար: Նրա խոսքով՝ Ազգային ժողովում արժեւորվում են ձեւավորված հարաբերությունները, եւ պատահական չէ, որ Հայաստան-Գերմանիա բարեկամական խումբը բազմամարդ ու ամենաակտիվներից մեկն է՝ ներառելով խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը: Արտակ Դավթյանը վստահություն հայտնեց, որ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական կապերի, երկկողմ հարաբերությունների հետագա աշխուժացման ու խորացման համար:

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունները, նշեց, որ հարկ է առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունները: Նրա խոսքով՝ այն, որ երբեմն Բունդեսթագի որոշ պատգամավորների, խմբակցությունների կողմից արվում են հայտարարություններ, առաջ են քաշվում բանաձեւերի նախագծեր, որոնցում աղճատվում են թե Լեռնային Ղարաբաղի, թե տարածաշրջանային հակամարտությունները, թերեւս, հետեւանք է նաեւ ոչ պատշաճ տեղեկացվածության, ինչի բացը կարելի է լրացնել փոխադարձ ակտիվ շփումների, երկկողմ աշխատանքի միջոցով: Որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ եւ Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց այդ, ինչպես նաեւ միջազգային այլ խորհրդարանական կառուցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության ընդլայնումը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով եվրաինտեգրմանն ուղղված ՀՀ ջանքերին, կարեւորեց հանագործակցությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Բունդեսթագի եւ նրանում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Նրա խոսքով՝ երկկողմ կապերը, միջխոհրդարանական փոխգործակցությունը, ԳԴՀ՝ ժողովրդավարության ունեցած փորձը, մեծապես կարող են նպաստել օրենսդրության բարելավմանը, եվրաինտեգրման եւ ժողովրդավարացման գործընթացների խորացմանը:

ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստան կատարած այցը պետք է հիմք դառնա երկկողմ հարաբերությունների խորացման համար: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, ժողովրդավարացման ներուժի հետագա բացահայտումներին, դրանց զարգացմանը: Ներկայացնելով Գերմանիայի անցած ժողովրդավարացման, իր բնութագրմամբ, դժվարին ու դրամատիկ ուղին, Նորբերթ Լամմերթն ասաց, որ իրենք շատ զգայուն են համանման հարցերի նկատմամբ եւ պատրաստ են աջակցելու բոլոր այն երկրներին, որոնք դրա ցանկությունն ու կարիքն ունեն:

Անդրադառնալով ԳԴՀ Բունդեսթագում ադրբեջանամետ ուժերի զանգվածային գրոհներին՝ Նորբերթ Լամմերթն ընդգծեց, որ Գերմանիայի խորհրդարանում խորությամբ են քննարկվում Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները, որոնք հաճախ քննադատության են արժանանում:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանում կայացած ընտրություններին, փոխգործակցության նոր հնարավորություններին, այլ հարցերի:

 ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031