Գլոբալ-Բրիջ ուսումնական կենտրոնը Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ հայտարարել է կրթաթոշակային ծրագիր 14-18 տարեկան դպրոցականների շրջանակում՝ Անգլիայի եւ Բոսթոնի Քեթս քոլեջում ուսանելու համար:
«Ինձ հաջողվել է հանդիպել հայ ուսանողներին, ովքեր շատ մեծ տպավորություն են թողել ինձ վրա: Հիացած եմ նրանց անգլերենի իմացության մակարդակով՝ դա գլխավոր պայման է հանդիսանում Անգլիայում կամ Ամերիկայում ուսանելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Քրիս Բրոդհարթսը:
Պրն Բրոդհարթսի համոզմամբ՝ հայ ուսանողները նպատակասլաց են, ընկերասեր, նրանց հետ պարզապես զրուցելը շատ հաճելի է.
«Գտել ենք հայ սուպեր աստղեր ապագայի համար: Քոլեջը հնարավորություն է տալիս ուսանողներին դիմելու Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանները, իսկ երբ ավարտեն ուսումը, նրանք կվերադառնան Հայաստան՝ բերելով նոր գիտելիքներ»:
Հայ ծնողները ցանկանում են լավագույն կրթություն տալ իրենց երեխաներին, ինչը Քրիսին շատ է զարմացրել: Ուսանողները հանձնել են քննություն անգլերեն լեզու եւ մաթեմատիկա առարկաներից, իսկ եզրափակչում անցել են հարցազրույցի փուլը: Բանախոսի պնդմամբ՝ 100% կրթաթոշակ ստանալու համար ուսանողը պետք է լինի բացառիկ.
«Հայ ուսանողները հետաքրքրվում են բժշկությամբ, քաղաքագիտությամբ, տնտեսագիտությամբ, ի տարբերություն մյուս երկրներում ապրող երեխաների, ովքեր ցանկանում են միմիայն բիզնեսի գծով գնալ»:
100% կրթաթոշակ ստացած Թաիլանդի դպրոցի 15-ամյա աշակերտուհի Լիլիթ Բադեյանը հպարտ է, որ բազմաթիվ խելացի երեխաներից ընտրվել է հենց ինքը: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ facebook.com սոցիալական ցանցի միջոցով է տեղեկացվել մրցույթի մասին.
«Երջանիկ եմ շատ, սա մեծ պատասխանատվություն էր ինձ համար, երբ ավարտեմ ուսումս, անպայման կվերադառնամ Հայաստան՝ ընտանեկան դաստիարակությունս այնպիսին է, որ ինձ երբեք թույլ չեմ տա լքել հայրենիքս»:
Այս տարի ծրագրին դիմել եւ մասնակցել են 11 հայ աշակերտներ, որոնցից 1 լավագույնին առաջին անգամ հնարավորություն կընձեռվի ստանալ 100%, իսկ մնացած ուսանողներին մինչեւ 50% կրթաթոշակ Բոսթոնի, ինչպես նաեւ 1 ուսանողի 50% կրթաթոշակ Քենթերբերիի, եւ մինչեւ 20% կրթաթոշակ Լոնդոնի եւ Քեմբրիջի Քեթս քոլեջում ուսանելու համար: Հաջորդ ծրագիրը կիրականացվի 2013թ. սեպտեմբեր ամսին:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ