Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Հովհաննես Ավոյանը կարծում է, որ ոլորտի աճն ուղիղ համեմատական է ոլորտում ներգրավված մասնագետների թվի հետ: Այսօր «Նովոստի» լրատվական կենտրոնում, խոսելով ոլորտում 2013 թվականի համար նախատեսված ծրագրերի եւ ապագա անելիքների մասին, Հ. Ավոյանը նշեց.
«Եթե մենք կարողանանք ոլորտի մասնագետների քանակը կրկնապատկել, ապա ոլորտի ծավալը նույնպես կկրկնապատկվի: Խոսքը գնում է միլիոնավոր դոլարների եկամուտի մասին, եւ այն անմիջական ազդեցություն է ունենալու նաեւ տնտեսության զարգացման վրա»:
ԻՏՁՄ նախագահի խոսքով՝ իրենց միությունն ու գործընկեր կազմակերպությունները ունեն աշխատանքային ծրագիր, որով 2013-ին մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես կրթական ոլորտին:
«Ունենք բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, որոնք ուղղված են այն գերխնդրին, որ ունենք ոլորտում, այսինքն՝ տարեկան մի քանի հազար նոր մասնագետներ պետք է բերենք ոլորտ, որպեսզի ոլորտի ծավալները մեծացվեն»,- ասաց ոլորտի ներկայացուցիչը ու հավելեց, որ կներդրվեն մի շարք դպրոցական, ինչպես նաեւ բուհական ծրագրեր, որոնք կխթանեն ոլորտի հանդեպ հետաքրքրությունը:
Aravot.am-ի այն հարցին, թե տարեկան մի քանի հազար նոր մասնագետներ ոլորտ բերելուն հետ մեկտեղ, արդյոք կապահովվի նույն մասնագետների որակական հատկանիշները՝ ՏՏ ոլորտի ԻՏՁՄ նախագահը պատասխանեց.
«Եթե մենք ունենք հազարից ավելի շրջանավարտ, մենք հասկանում ենք, որ այդ հազարից որակյալ մասնագետների թիվը շատ ավելի ցածր է: Քանակը շատ քիչ ավելացնելու ենք, բայց հիմնական շեշտը դրվելու է որակի վրա: Շրջանավարտների շատ ցածր տոկոսն է մտնում ոլորտ ու աշխատում՝ 10%-ից էլ ցածր: 1000 շրջանավարտներից երեւի 100-ն են պատրաստ միանգամից աշխատելու, որովհետեւ մնացածի վրա պետք է աշխատել, որպեսզի դառնան մասնագետ: Մեր բուհերում տալիս են տեսական գիտելիքներ, մինչդեռ ծրագրավորման մեջ կարեւոր է, որ մարդը կարողանա իր ձեռքերով ստեղծել այդ ծրագրերը»:
Մյուս բանախոս՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը այլ ոլորտներում խրախուսելու նպատակով նոյեմբերի 8-10-ը Դիլիջանում կազմակերպվելու է «Բիզնես ինովացիոն ֆորումը», որի հիմնական նպատակը կլինի ՏՏ ոլորտ ներգրավել տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ներկայացուցիչներին:
Բանախոսները վստահություն հայտնեցին, որ ՏՏ ոլորտի ապագա մասնագետներին պետք է պատրաստել դեռ դպրոցից : Ըստ նրանց՝ Երեւանի եւ մարզերի շուրջ 50 դպրոցներում նաեւ կներդրվեն ռոբոտաշինության ծրագրեր:
Աշոտ ԱԹԱՅԱՆ