Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից եւ ելույթից հետո նրան մոտեցավ մի մարդ ու սկսեց դիտողություն անել, թե՝ մարզպետին կամ ՀՀ նախագահին ինչու է վիրավորում. «Ով ձեզ ձայն ա տվել, ձեր ձայնը հավաքել եք 30 տոկոս, ես գտնում եմ, որ չպետք է վիրավորեք էն մարդկանց, ովքեր ձեզ ձայն չեն տալիս: Եկեք հարգենք երկրի նախագահին»,- բողոքում էր իջեւանցին, սակայն նրան ընդհատեց պարոն Հովհաննիսյանն ու ուղղեց՝ 61 տոկոս: Նա թույլ տվեց, որ մարդն արտահայտվի. «Դուք խոսքում ասեիք, որ համախմբեիք շատերին, բայց վիրավորել պետք չէր»:
Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. «Ավարտեցի՞ք: Հայ ժողովուրդը որոշել է, որ ուզում է նոր Հայաստան: Դուք եթե համաձայն չեք, դուք հայտնվել եք փոքրամասնության մեջ՝ ժողովրդի կողմից»: Պատասխանը դուր չեկավ իջեւանցուն՝ «Չէի ասի»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ փոքրամասնության մեջ չի: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ոչ մեկի նատմամբ վիրավորանք թույլ չի տվել. «Եթե վիրավորանքի պահ կա, ներողություն եմ խնդրում, եթե որեւէ մեկի սիրտը խոցել եմ: Բայց բոլորս միասին պիտի պատասխան տանք»:
Սերժ Սարգսյանի եւ մարզպետի պաշտպանը մեր հարցին՝ մարզպետարանի աշխատո՞ղ եք՝ վստահեցրեց, որ՝ ոչ: Սակայն իջեւանցիները հակառակն ասացին. «Հա, հա, մարզպետարանի աշխատող ա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ