Այսօր Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց իր եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ զրույցը: Նրա խոսքերով՝ կարեւոր չէ, թե ում նախաձեռնությամբ է եղել հանդիպումը, որովհետեւ դա սովետական մտածողություն է. «Կարեւոր չէ, թե ով է նախաձեռնել: Մամուլի հաղորդագրությունները մեկ-մեկ ճիշտ չեն ներկայացնում իրականությունը: Եղել է մոտ մեկուկես ժամ, ոչ թե երեք:Ես քննարկեցի, որ նոր վիճակի մեջ է Հայաստանի Հանրապետությունը, ով ուզում է ինքնամաքրվել, ով ուզում է ենթարկվել օրենքին, ով ուզում է սեփական հետագիծը վերանայել, այս բոլորը բոյկոտեցին ընտրությունները: Իրենք չհավատացին ժողովրդին: Ես հավատացի: Դրա համար այս բոլոր մարդկանց ես ասացի, որ դուք եւս ունեք ներդրում, եթե ուզում եք: Բայց պիտի վերանայեք ձեր հետագիծը եւ պիտի որոշեք՝ կեղծվա՞ծ են այս ընտրությունները, թե՞ չէ: Ժողովրդի հաղթանակը պիտի ճանաչե՞ք, թե՞ չէ: Երկխոսությունը պատկանում է բոլորին: Ես ոչ մեկի հավատաքննիչը չեմ, բայց եղավ շատ շիտակ հանդիպում: Իմ մասնավոր եւ հանրային օրակարգերը չեն տարբերվում: Ինչ ասում եմ հրապարակավ, ասում եմ նաեւ մասնավոր հանդիպումների ժամանակ: Ինչ ասում եմ Մոսկվայում, ասում եմ նաեւ Վաշինգտոնում, որովհետեւ ես առաջնորդվում եմ ազգային շահով, ժողովրդի Սահմանադրական իրավունքով: Ես այդ հանդիպման ժամանակ ասացի, որ ով պատրաստ է ընդունել ժողովրդի հաղթանակը, վերանայել սեփական հետագիծը, ինքը տեղ ունի այս ընդհանուր շարժման մեջ: Որոշումը ձերն է»:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ պարոն Ծառուկյանը կանգնի ձեր կողքին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա իրեն պիտի հարցնեք: Ոչ մեկը թող հարթակին չկանգնի: Բայց եթե իրենք ասում են, որ ժողովրդի կողքին են, տեսնենք: Հիմա ժամանակը եկել է»:
Մենք խնդրեցինք, որ պարոն Հովհաննիսյանը պատմի, թե հանդիպման ընթացքում ինչ խոստում է առհասարակ տվել Գագիկ Ծառուկյանը, սակայն նա չմանրամասնեց՝ ասելով, որ Գագիկ Ծառուկյանին հարցնենք:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ