Լրահոս
Օրվա լրահոսը

Արհամարհված մասնագիտությունների շարքից

Մարտ 06,2013 14:48

Օպերային թատրոնի ռեժիսորի մասնագիտությունը «վտարված» է բուհերից

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ հնչեց Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերան (համերգային կատարում): Նվագախմբի իրականացրած սիմֆոնիկ եւ կամերային ծրագրերի կողքին սա հերթական՝ 11-րդ անդրադարձն է համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներին: «Գեղջկական ասպետության» մեներգերի կատարումներով հանդես եկան Սիրանույշ Գասպարյանը (Սանտուցա), Լուսինե Առաքելյանը (Լոլա) եւ Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Նարինե Անանիկյանը (Լուչիա), Հովհաննես Այվազյանը (Տուրիդու) ու Դավիթ Բաբայանցը (Ալֆիա): Օպերայի կատարմանն իր աջակցությունն էր բերել Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» կամերային երգչախումբը:  «Առավոտի» հետաքրքրությանը, թե մեկ գործողությամբ հիշյալ օպերային հնարավոր չէ՞ր հաղորդել բեմականացման կամ բեմադրության «ձեւ», ինչպես ժամանակին իր նախաձեռնությամբ բեմադրվել են Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը», Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», Էդուարդ Թոփչյանն ասաց. «Իհարկե, լավ ցանկություն եք հայտնում, սակայն դա կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր աջակցություն եւ օպերային թատրոնին հարիր համապատասխան բեմ»: Մեր հարցը՝ արդյո՞ք օպերային բեմադրության համար խիստ անհրաժեշտ չէ հենց օպերային ռեժիսորի առկայությունը, մնաց առկախ:

Նշենք, որ բոլոր դեպքերում դասական երաժշտության հայ հանդիսատեսը գրագետ է եւ խստապահանջ, ով նույնիսկ իտալացի ճանաչված օպերային ռեժիսոր Կորադիի՝ Երեւանում իրականացրած «Աիդայի» բեմադրությունը միանշանակ չընդունեց…

«Գեղջկական ասպետությունն» առաջին անգամ Ազգային օպերային թատրոնում 1959թ. իրականացրել է դրամատիկ թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ջրբաշյանը: Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան եւս այս ներկայացմանն անդրադարձել է 3 անգամ: Ընդ որում, 1980-ականներից սկսած՝ տարբեր տարիների երեքն էլ իրականացրել են Ռուսաստանում երաժշտական թատրոնի ռեժիսորի մասնագիտություն ստացած Վահագն Բագրատունին, Վարդան Վիրաբյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ի դեպ, հայաստանյան ստեղծագործական բուհերում երաժշտական թատրոնի ռեժիսոր մասնագիտությունը մինչ օրս անտեսված է: Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ նման արհամարհական վերաբերմունք այս մասնագիտության հանդեպ, Ռաֆայել Ջրբաշյանը պատասխանեց. «Շուրջ մեկ տարի առաջ ԿԳ նախարար Աշոտյանին դիմել եմ, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել: Գուցե ես եմ մեղավոր, որ հետեւողական չեմ գտնվել այս հարցում: Հավանաբար պատկառելի տարիքս է պատճառը, որ պատասխանս մնաց օդում»:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանը երաժշտական թատրոնի ռեժիսոր մասնագիտությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, Երաժշտական կամերային թատրոնում էլ իրականացրել է 7-8 ներկայացում, իսկ օպերային թատրոնում՝ միայն «Կարմենը»: Նա խնդրի առնչությամբ նշեց. «Մշակույթի նախարարի հետ խոսել եմ այս առիթով, նա ողջունելով առաջարկությունս, ասել է, որ ես կարող եմ համապատասխան կուրս հավաքել:  Բայց մյուս կողմից էլ՝ ես բնավորության մի գիծ ունեմ, երբ որեւէ հարց «քնում» է, այլեւս դրան չեմ անդրադառնում: Իսկ եթե իսկապես պետական այրերը շահագրգիռ են, ուրեմն հարցը լուծում կստանա»:

Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց, որ տարբեր տարիների ստուդիայում բեմադրություններ են իրականացրել համապատասխան որակավորմամբ բեմադրիչներ Սուրեն Բագրատունին, Արմեն Մելիքսեթյանը, Արսեն Ղազարյանը: Ունենք նաեւ հիանալի բեմադրիչ Նաիրե Ստեփանյան, որը առայժմ զբաղված է հովանավոր փնտրելով՝ նախագծերը կյանքի կոչելու համար: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ մասնագիտությունը պետք է ձեռք բերել հենց կոնսերվատորիայում, քանի որ երաժշտական թատրոնի ռեժիսորը պետք է կարողանա ընթերցել պարտիտուր:

Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի կարծիքով՝ ցանկալի է, որ օպերային բեմադրություն իրականացնողը  գոնե «երաժշտականապես» գրագետ լինի, հասկանա երաժշտության դրամատուրգիան. «Ցանկալի է, որ նա ունենա համապատասխան կրթություն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` «Գեղջկական ասպետության» համերգային կատարումը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հիշեցնեմ, որ օպերային ռեֆորմատորներ համարվող ռեժիսորներ թե’ Կոնստանտին Ստանիսլավսկին, թե’ Վլադիմիր Նեմիրովիչ – Դանչենկոն երաժիշտներ չեն եղել, անգամ` նոտաներ չեն ճանաչել: Այնպես որ, պարտադիր չեմ համարում հատուկ օպերային ռեժիսորի առկայությունը:Մենք ունենք ռեժիսորներ` Վիգեն Չալդրանյանը, Ժիրայր Դադասյանը, Սուքիաս Թորոսյանը և այլք, որոնք, վստահ եմ, կարող են շատ լավ օպերային բեմադրություններ իրականացնեն` նոր շունչ հաղորդելով երաժշտաթատերական արվեստին: Եկեք սկզբից այս մասին մտածենք…Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031