Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Եղեռնն առաջին անգամ ճանաչել ու դատապարտել են թուրքերը

Մարտ 06,2013 14:32
gevorg danielyan

Վերջին շրջանում, մասնավորապես, Ֆրանսիայում սահմանադրական խորհրդի որոշմամբ՝ խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու առնչությամբ, աննախադեպ արդիականություն է ձեռք բերել Հայոց Եղեռնը դատական ակտով ճանաչելու հարցը: Խնդրի հետազոտմամբ զբաղված իրավագետները (ոչ միայն հայրենի) պնդում են, որ Հայոց Եղեռնը, որպես ցեղասպանություն, ճանաչված է նաեւ դատական ակտերով:

Եղե՞լ են դատավարություններ, կա՞ն դատական ակտեր հարցով էլ սկսվեց հարցազրույցը Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի հետ:

– Դատելով Թուրքիայի հայատյաց քաղաքականությունից, վերջինս հազիվ թե իր նախաձեռնությամբ փորձեր պատասխանատվության կանչել Եղեռնի կազմակերպիչներին ու իրականացնողներին, այնուամենայնիվ, անցյալ դարասկզբին կայացած դատական գործընթացները եղել են բացառություն: Հետազոտողներից շատերը պնդում են, որ դրանում վճռորոշ դերակատարում են ունեցել առաջին համաշխարհայինում հաղթած գերտերությունները:

Այս հարցը չարչրկվածներից է, ինչի արդյունքում էլ այն անխուսափելիորեն եւ արդեն օրինաչափորեն դարձել է թուրքական քարոզչության հերթական կեղծիքների թիրախ: Թուրքամետ աղբյուրների պնդմամբ՝ Մուդրոսյան հաշտության համաձայնագրից հետո Թուրքիան հարկադրված ձեռնամուխ է եղել հիշյալ դատավարություններին, ընդ որում, զրկված է եղել ինքնուրույն դատավարություն իրականացնելու նվազագույն հնարավորությունից եւ գործել է բացառապես գերտերությունների թելադրանքով:

Ինչ խոսք, սա թուրքական գաղափարախոսության համար չափազանց գրավիչ մեկնաբանություն է եւ, որպեսզի այն առավել հավաստի թվա, հընթացս շեշտվում է, որ դատավարությամբ հետազոտված բոլոր ապացույցները (հայերի բնաջնջման վերաբերյալ հրամանները, հեռագրերը, նամակները, վկաների, այդ թվում՝ թուրք պաշտոնյաների ցուցմունքները, ռազմական գործողությունների սխեմաները եւ այլ գաղտնի փաստաթղթերը) հայերի կողմից միտումնավոր ոչնչացվել են:

Ներկայումս մատչելի փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ գերտերությունները հիմնականում պահանջել են դատավարություններ սկսել Թուրքիայի կողմից գերի վերցված իրենց զինվորների նկատմամբ կատարված ոճրագործությունների հիմքով, ինչ վերաբերում է հայերի բնաջնջմանը, ապա այն ներկայացվել է իբրեւ լրացուցիչ հարց: Ընդ որում՝ Բրիտանիան սկզբնական շրջանում առաջ էր քաշում բացառապես բրիտանացի զինվորների նկատմամբ ոճրագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ միայն հետագայում համաձայնեց, որպեսզի գոնե դրանից հետո քննության նյութ դառնա նաեւ Եղեռնի կազմակերպիչների հարցը:

– Պարոն Դանիելյան, Դուք ասացիք, որ սակավաթիվ մարդկանց նկատմամբ են նշանակվել մահապատիժներ: Այդ ինչպե՞ս են այդ անձինք խուսափել պատժից: Եվ, ընդհանրապես, ինչպիսի՞ պատիժներ են նշանակվել մյուս ոճրագործների նկատմամբ:

– Ձեր հարցի առաջին մասի առնչությամբ նկատեմ, որ այդ անձինք ոչ թե պատիժ նշանակելուց հետո են փախուստի դիմել, այլ՝ մինչեւ դատավարության սկսվելը, այսինքն՝ դրանց նկատմամբ հեռակա կարգով է սահմանվել մահապատիժ:

Բոլոր այն անձինք, ովքեր այս կամ այն պատճառով չեն հասցրել փախուստի դիմել, ստացել են ցեղասպանության համար ակնհայտ անհամաչափ, խորհրդանշական պատիժներ: Խիստ սակավ դեպքերում է սահմանվել 10, 15 տարվա ազատազրկում: Այսպես, օրինակ, «Երիտթուրքերի» կուսակցության Խարբերդի տեղական կոմիտեի քարտուղար Ռեսնելի Նազիմը՝ մի քանի տասնյակի հասնող բնակչության սպանությունը, գույքի զանգվածային հափշտակությունը եւ բռնաբարությունները կազմակերպելու համար դատապարտվել է 15 տարվա տաժանակիր աշխատանքի: Ընդ որում, ուսումնասիրությունները վկայում են, որ պատժվածները, հիմնականում, «չեն հասցրել» կրել իրենց պատժաչափերի անգամ կեսը, տարբեր հիմքերով ազատ են արձակվել ու հապճեպ հերոսացվել: Մասնավորապես, արդեն 1923թ. օգոստոսի 1-ին հայտարարվել է համաներում, ինչն անխտիր տարածվել է բոլոր դատապարտյալների վրա:

– Այնուամենայնիվ, ստացվում է, որ կան դատավճիռներ, սակայն չեն պահպանվել դրանց հիմքում դրված արխիվային փաստաթղթերը: Ընդ որում, թուրքական կողմն ու դրանց համակիրները պնդում են, որ դրանց ոչնչացման մեջ մեղավոր են հենց հայե՞րը:

– Որեւէ լուրջ հետազոտող ի վիճակի չէ ենթադրել, որ այդ արխիվային փաստաթղթերը ոչնչացրել են հայերը, դա այնքան անհեթեթ դատողություն է, որին չարժե անդրադառնալ: Վերջին հաշվով, տարբեր դատական ատյաններում քննվող քրեական գործերում առկա պետական խիստ պահպանության ներքո գտնվող փաստաթղթերը, մեծագույն ցանկության դեպքում, չէին կարող հափշտակվել ու ոչնչացվել մասնավոր անձանց կողմից:

Ինչ վերաբերում է արխիվային փաստաթղթերին, ապա ներկայացնենք որոշ նկատառումներ: Նախ՝ դրանց հիմնական ու առավել առանցքային նշանակություն ունեցող հատվածի կորուստը (ես սա պայմանական եմ ասում, որովհետեւ դեռեւս վստահ չեմ, որ դրանք ոչնչացվել են) պետք է որ սթափեցներ մեր այն ազգային որոշ գործիչներին, որոնք մի պահ հրապուրվել ու պատմական փաստաթղթերը համատեղ ուսումնասիրելու համար հանձնաժողովներ ստեղծելու քայլեր էին փորձում ձեռնարկել:

Մյուս կողմից՝ դատավարության մասնակիցները հանգամանորեն հետազոտել են կոնկրետ փաստաթղթեր, ինչի առնչությամբ կազմվել են արձանագրություններ, իսկ հետագայում դրանց բացակայությունը չի կարող որեւէ կերպ խոցելի դարձնել բուն դատավճիռների իրավաչափությունը:

– Պարոն Դանիելյան, բոլոր դեպքեում առկա են օրինական ուժ ունեցող դատավճիռներ: Ինչպե՞ս են վերաբերվում դրանց թուրքական կողմը եւ բոլոր այն պետությունների օրենսդիր իշխանության մարմինները, որոնք դեռ մերժում են Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը:

-Վերաբերվում են այնպես, ինչպես Ալիեւ կրտսերը վերաբերվեց Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Հունգարիայի դատավճռի հետ. միանշանակ հերոսացվում են իրենց ազգային դատական ատյանների կողմից մահապատժի դատապարտված անձինք, բերելով այնպիսի ցինիկ ու սնանկ պատճառաբանություններ, որպիսիք մեր օրերում պաշտպանվում են իրենց անաչառ հետազոտող հռչակած լեւինների, պրոխանովների, գեյդար ջեմալների կողմից:

Ինչ վերաբերում է արտասահմանյան երկրների խորհրդարաններին, ապա, ցավոք, դեռ այդ հարցում չի ձեւավորվել դատական ակտերով ղեկավարվելու անհրաժեշտ պրակտիկա: Անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ պետություններ հիմնվել են միայն պատմական փաստերի վրա, մինչդեռ՝ իրավական տեսանկյունից արժեր նաեւ հիմքում դնել դատական ակտերը: Այս դեպքում իրեն զգացնել է տվել նաեւ ոչ բավարար իրազեկվածության խնդիրը:

– Լավ, մի՞թե նշված դատավճիռներով միանշանակ հավաստվում է ցեղասպանության փաստը:

– Եթե անցյալ դարի սկզբներին ցեղասպանությունը ճանաչված լիներ, որպես մարդկության դեմ ուղղված ինքնուրույն ծանր հանցագործություն, հստակ ամրագրված լիներ դրա հանցակազմը՝ դրանից բխող բոլոր քաղաքական-իրավական հետեւանքներով հանդերձ, ապա Թուրքիան ոչ մի պայմանով այդպիսի «սխալ» չէր գործի: Մյուս կողմից, դրան նպաստել է Թուրքիայի ներքաղաքական բարդ իրավիճակը. մասնավորապես նոր ձեւավորված կառավարությունը դրանով փորձել է էլ ավելի ամրապնդվել իր դիրքերում՝ միաժամանակ ձեռք բերել արտաքին աշխարհում անհրաժեշտ հեղինակություն: Ինչ վերաբերում է դատավճիռներում արտացոլված իրավական գնահատականներին, ապա դրանք նույնությամբ համընկնում են ցեղասպանության հանցակազմին, պարզապես, հասկանալի պատճառներով, այդ եզրույթը չի օգտագործվել: Այսպես, արդեն 1919թ. մայիսի 3-ին գլխավոր դատախազը դատարան է ներկայացրել փաստեր, որոնք վկայել են այն մասին, որ հայ բնակչության զանգվածային սպանությունները հիմնականում իրականացվել են խիստ կազմակերպված եղանակներով, ինչը հետապնդել է նրանց զանգվածաբար ոչնչացնելու միանշանակ նպատակ: Ավելին, դատարանում միանշանակ հերքվել է պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, թե իբր հայ բնակչության, այսպես կոչված, տեղափոխությունները բխել են ռազմական գործողությունների անհրաժեշտությունից: Ապացուցված է համարվել այն, որ տեղափոխությունները եւս համարվել են կազմակերպված եղանակով հայ մարդկանց ոչնչացման միջոց, իսկ եղանակն ինքնին դիտվել է մի կողմից՝ որպես հնարավոր դիմադրությունը բացառելու, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը շփոթության մեջ գցելու «լավագույն» հնարք:

– Բազմաթիվ երկրների խորհրդարաններ, Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը իրավաչափ չե՞ն համարում օրենսդիր մարմնի կողմից Հայոց Եղեռնը ճանաչելը:

– Ձեր հարցը տեղին է: Ավելին՝ թուրքական կողմն արել է ամեն ինչ, որպեսզի վերը նշված դատավճիռները լայն քննարկման նյութ չդառնան, պարզապես չհայտնվեն տեսադաշտում, փորձելով միջազգային հանրության ուշադրությունից հեռու պահել այն իրողությունը, որ հենց իր ազգային դատական ատյաններն են անցյալ դարասկզբին դատապարտել հայերի ոճրագործությունը: Եվ բավական է, որ որեւէ հետազոտող փորձի այդ թեման արդիականացնել, անմիջապես գործի է դրվում Լեւինի նման հերքողներին կանաչ ճանապարհ հարթելու մեթոդաբանությունը:

Սակայն, եթե զուտ գիտական չափանիշներով հիշյալ դատավճիռները դեռ կարող են հետազոտման նյութ լինել, ապա նույնը չի կարելի ասել իշխանության այս կամ այն ճյուղը ներկայացնող մարմնի գործունեության դեպքում: Ցավոք, Ձեր կողմից նշված զգուշավորությունը մեծամասամբ պայմանավորված է արտաքին քաղաքականության գործոններով, իսկ մասամբ էլ՝ ոչ բավարար իրազեկվածությամբ, ինչին արդեն անդրադարձանք: Վերջին հաշվով, Հայոց Եղեռնի փաստն արձանագրվել է նաեւ Ռուանդայի միջազգային դատարանի հայտնի դատավճռով, մասնավորապես, այս դատական ակտը, անդրադառնալով ցեղասպանության, այդ թվում՝ Ռուանդայում արձանագրված նույնաբնույթ դեպքերի պատճառներին, եւս փաստել է, որ միջազգային հանրությունը համարժեք հետեւություններ չի արել Հայոց Եղեռնի փաստից, ինչն էլ նպաստել է այդպիսի երեւույթների տարածվածությանը:

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից նշանակալից քայլեր են ձեռնարկվում (այդ թվում՝ կապված Ֆրանսիայի պետական խորհրդի որոշման առնչությամբ) միջազգային հանրության ու իրավասու կառույցների կողմից այդ փաստաթղթերի վերաբերյալ իրազեկվածության նիշը բարձրացնելու եւ անհրաժեշտ մեկնաբանություն ապահովելու ուղղությամբ:

– Ինչպե՞ս եք պատկերացնում թուրքական դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի նկատմամբ մեր պետության անելիքները:

– Կոնկրետ իմ պատկերացմամբ, սա գերկարեւոր հարցադրում է, ինչն էլ հաշվի առնելով, մշակել եմ այդ դատական ակտերը համակողմանի ուսումնասիրության, դրանց հիմքում դրված արխիվային փաստաթղթերի համալիր հետազոտության, արդյունքներով միջազգային դատական ատյաններին, կազմակերպություններին ու պետությունների խորհրդարաններին դիմելու խնդիրների լուծմանն ուղղված թեմատիկ ծրագիր եւ ներկայացրել Երեւանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան, պարոն Գ. Ղազինյանին՝ այն սահմանված կարգով գիտությունների կոմիտեի քննարկմանը հանձնելու նկատառումով: Հուսամ, որ առաջիկայում այդ աշխատանքները կդրվեն պետական հոգածության հարթակի վրա:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031