Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դատավարությունը, վկայություն տվեցին «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության 7 աշխատակիցները: Նրանք նկարագրեցին անցյալ տարվա ապրիլի 21-ին Հմայակ Հովհաննիսյանի եւ իրենց ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի միջեւ ծագած վեճը: Վկաները ցուցմունքներ էին տալիս գլխավորապես այն մասին, թե ինչ նպատակով են հավաքվել ընկերության մուտքի առաջ, թե ինչպես է հայտնվել Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես է հրել Սենիկ Ջուլհակյանին, ինչպես է Հմայակ Հովհաննիսյանը վիրավորել իրենց:
Մասնավորապես՝ Սուսաննա Սարգսյանը, որը 45 տարի աշխատում է որպես հաշվապահ, ասաց, որ տուժողը եւ ամբաստանյալը կանգնած են եղել ընկերության հարթակի վրա, Հմայակ Հովհաննիսյանը, ըստ այդ վկայի՝ «բրթել» է Ս. Ջուլհակյանին, որն ընկել է ձեռքի վրա: Այս վկան ասաց, որ Հմայակ Հովհաննիսյանը վիրավորել է իրեն՝ կանանց, ասելով՝ «Լֆիկի, թե Լֆիկի կանայք»: Նա չի հասկացել, թե ինչու են վիրավորվել իր գործընկերուհիները, սակայն հասկացել է, որ դա լավ բառ չի (նա ռուսախոս եւ հազիվ է արտահայտվում հայերեն, չնայած մերժեց դատավորի՝ թարգմանիչ տրամադրելու առաջարկը):
Թամարա Նավոյանը, որը գլխավոր մասնագետ է, նույնպես տեսել էր, թե ինչպես Հմայակ Հովհաննիսյանը աջով հրել է տուժողին, վերջինն էլ հավասարակշռությունը կորցրել է եւ ընկել ցած: Այս վկան ասաց, որ ինքը ցնցված է եղել, երբ Հմայակ Հովհաննիսյանը լրատվամիջոցներով ասել է, թե հենց էնպես են իրենց փող տալիս եւ որ իրենց համեմատել է ՀՀՇ-ի հետ. «Հիշում եք, մեքենա էին շուռ տալիս, քաշքշում էին, իսկ մենք այդպիսին չենք եղել»:
Մեկ այլ գլխավոր մասնագետ՝ Սիլվա Հովսեփյանը հայտնեց, որ իրենք հավաքվել են նշված օրը, քանի որ Հմայակ Հովհաննիսյանը հարցազրույց էր տվել թերթերից մեկին եւ վիրավորական արտահայտություններ արել իրենց տնօրենի, կոլեկտիվի հասցեին: Նա ասաց, որ իրենք փորձել են հակաասուլիս կազմակերպել եւ պատրաստվել են գնալ «Հենարան» ակումբ՝ ասուլիսի: Այնուհետեւ նկարագրեց, թե ինչպես է հայտնվել Հմայակ Հովհաննիսյանը, որը հրել է իրենց ընկերության նախագահին, թե ինչպես է «դուռը կպել ձեռքին եւ ոչ թե ձեռքը կպել դռանը», թե ինչպես Ջուլհակյանը, որը պատրաստ չէր Հմայակի հրելուն, ընկել եւ մատները վնասել:
Կարդացեք նաև
Այս վկան հայտնեց նաեւ, թե ինչպես է դեպքի նախօրեին իրենց տնօրենը թերթերից մեկի հարցազրույցը կարդալուց հետո ինսուլտ տարել: Նա հիվանդանոցում եղել էր Սենիկ Ջուլհակյանի հետ ասուլիսից հետո՝ նրա ստացած վնասվածքից հետո:
Առհասարակ, այսօրվա դատական քննությունն անցավ Հմայակ Հովհաննիսյանին մեկ անգամ դիտողություն անելով, նրա պաշտպանը 3 անգամ դիմեց դատարանին՝ զսպեք մեղադրողին արտահայտությամբ, մեղադրողն իր հերթին դատարանին հորդորեց զսպել Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանին, իսկ դատավոր Գագիկ Պողոսյանն էլ, երբ Հմայակ Հովհաննիսյանը մի քանի անգամ վկաներին հարցրեց, թե՝ « դուք տեղյա՞կ եք, որ ես եղել եմ ԱԺ պատգամավորության թեկնածու, դուք տեղյա՞կ եք, որ այդ տարածքում միասնական շտաբն էր գործում», խոստացավ դատական նիստից հետո խոսափող տրամադրել Հմայակ Հովհաննիսյանին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ