Լրահոս
Օրվա լրահոսը

Ես առաջարկում եմ վերացնել ընդունելության քննությունները

Մարտ 06,2013 14:21

Հայաստանի ներկայիս կրթական համակարգը ինտեգրվում է եվրոպական կրթական համակարգին՝ պահպանելով նաեւ ազգային առանձնահատկությունները: Սա լա՞վ է, թե՞ վատ: Պատասխանը միանշանակ չի կարող լինել, քանզի արդյունքն է կարեւոր: Եթե կրթություն ստացած երիտասարդը մրցունակ է դառնում ոչ միայն Հայաստանի աշխատաշուկայում, այլեւ արտերկրում, ապա, միանշանակ, լավ է, հակառակ պարագայում՝ ոչ:

Քննարկելու, քննադատելու, մտորելու հարցերը քիչ չեն, քիչ չեն նաեւ դրական գործընթացները, որոնք անցնող տարիների ընթացքում իրականացվել են: Այդուհանդերձ, բոլորովին նպատակ չունեմ ձեռքբերումների եւ բացթողումների մասին խոսելու, այլ մի խնդրի, որը կարող է լինել ձեռքբերում, եթե լուծենք, կամ կարող է դառնալ բացթողում, եթե հաշվի չառնենք:

Այսպես. հայ ընտանիքների իրականության մեջ ընդունված է երեխային ուսման տալը, որ, ժողովրդական լեզվով ասած, «մարդ դառնա»: Այդ վեհ նպատակի համար ծնողները «իրենց բերաններից կտրում են», որպեսզի երեխան որեւէ բուհում, որեւէ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսում ստանա՝ հետագայում իր կյանքը դասավորելու համար: Իհարկե, ոչ մի պարագայում չի կարելի մեղադրել նաեւ այն ծնողներին, ովքեր սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ չեն կարողանում իրենց երեխաներին ուսման տալ: Ու այդ երեխաների մեջ քիչ չեն շնորհալիները, որոնք հրաշալի կադրեր կարող են լինել մեր երկրի համար:

«Օրինաց երկիր» խմբակցության հեղինակած Մրցակցային կրթության ներդրմամբ այս խնդիրը մեղմվեց: Այժմ գերազանց առաջադիմությամբ երեխան կարող է սովորել անվճար: Սա արդարացի մոտեցում է՝ «սովորիր գերազանց, եւ պետությունը կվճարի քո փոխարեն»: Այս եւ նման այլ բարեփոխումների համար մեր կուսակցությունը երկար պայքարեց, աշխատեց: Եվ ես այժմ, որպես մայր, որպես մանկավարժ, վերջապես որպես ՀՀ քաղաքացի, ինձ լավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ փող չունեցող, բայց շնորհալի ուսանողը կարող է սովորել անվճար հիմունքներով:

Կրթության ոլորտում համարձակ բարեփոխումները հաճախ դրական արձագանքի չեն արժանանում: Շատերին թվում է, թե նորարարությունը կտրում է արմատներից, անպայման ինչ-որ մեկի շահերից է բխում կամ դեմ է ինչ-որ մեկին: Սակայն ժամանակի մեջ է ամեն բան օբյեկտիվ գնահատական ստանում: Երբ մի առիթով ասացի, որ մեր նախընտրական ծրագրում կետ ենք ներառելու, որ բուհ ընդունվելու համար պահանջվող ընդունելության քննությունները հանվեն, դա զրուցակիցներիս առնվազն անիրականանալի թվաց, եթե չասեմ՝ փոքր-ինչ տարօրինակ: Նրանք կիսազարմացած նկատեցին, որ նման բան չի կարող լինել, քանի որ ընդունելության քննությունները շատ չինովնիկների համար փող աշխատելու հիանալի հնարավորություն են եղել: Հետեւաբար, նախաձեռնության կյանքի կոչումը լուրջ դիմադրության կհանդիպի: Ճշմարտության էլեմենտներ այդ կարծիքներում, իհարկե, կան: Ոչ ոք չի ժխտում, որ բուհեր են ընդունվում նաեւ խնամի, ծանոթ, բարեկամով կամ փողով: Եվ այստեղ ինչ անի այն խելացի ուսանողը, ով մրցակցությունից դուրս է մնում որեւէ ֆակուլտետում սահմանափակ տեղերի պատճառով, քանի որ այնտեղ «խցկվում» են երիտասարդներ՝ նշածս մեթոդներով: Այս խնդիրը մեզանում լրջանում է, քանզի ժամանակակից աշխարհում դիպլոմ ունենալու խնդիրը հրամայական պահանջ է, որի լուծման համար բազմաթիվ ծնողներ ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Արդյունքում, ինչպես միշտ, տուժում է չունեւոր խավը, որը նման պայմաններում դառնում է անմրցունակ:

Հանուն արդարության պետք է նշեմ, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող շատ խնդիրներ կրթության ոլորտում վերացել են, սակայն ընդունելության քննությունների հետ կապված հարցերը վերանայման կարիք ունեն:

Ի՞նչ ենք մենք առաջարկում: Մենք առաջարկում ենք վերացնել ընդունելության քննությունները: Վերջին ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառեց այս գաղափարը եւ այժմ հետեւողականորեն աշխատում է այս ծրագրի կյանքի կոչման համար: Կառավարության ծրագրում մեր առաջարկությունը՝ «վերացնել ընդունելության քննությունները» վերափոխվեց «պարզեցնել ընդունելության քննությունները» արտահայտության, ինչը կիսատ քայլ է:

Վերջապես, կա հարուստ միջազգային փորձ Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ բազմաթիվ այլ երկրներում, որտեղ երեխան բուհ է ընդունվում միանգամից դպրոցից՝ առանց ավելորդ քննություն-քաշքշուկների: Անցնում է լեզվի իմացության ստուգում, ընդհանուր զարգացվածության թեստավորում եւ այլն: Այսինքն՝ բուհերի դռները բաց են բոլորի առջեւ՝ անկախ նրանց սոցիալական վիճակից եւ ծագումից:

Ի՞նչ խնդիրներ մենք կարող ենք լուծել: Նախ՝

1) բարձրագույն կրթություն ստանալու մեկնարկային հնարավորություն կունենան անխտիր բոլորը,

2) կնվազեն կամ կվերանան կոռուպցիոն ռիսկերը,

3) կբարձրանա դպրոցի դերը մեր կրթական համակարգում,

4) աշակերտները չեն անտեսի դպրոցը՝ ապավինելով կրկնուսույցներին՝ լրացուցիչ ֆինանսական բեռ դնելով ծնողների ուսերին:

Թվարկածս խնդիրները լուծելի են եւ իրատեսական, եւ, ինչպես ասում են, հազար քայլանոց գործողությունը սկսվում է առաջին քայլից:

«Օրինաց երկիր» կուսակցությունը երբեք չի վախեցել համարձակ բարեփոխումներից: Իհարկե, դրանք հաճախ լինում են ցավոտ եւ հանդիպում են ընդդիմացողների, սակայն կարծում եմ՝ պետք է վճռականություն ցուցաբերել ցանկացած բարեփոխում ավարտին հասցնելու համար:

Անկախ Հայաստանի պատմության մեջ ՕԵԿ-ը մեծ դերակատարություն ունի կրթական համակարգը օրենքի դաշտ բերելու գործում: Մենք հեղինակ եւ համահեղինակ ենք Հայաստանում կրթության ոլորտի գրեթե ամբողջ օրենսդրության: Բուհական ընդունելության քննությունների համակարգի բարեփոխումների հարցում մենք նույնպես վճռական ենք, եւ համոզված եմ, որ այդ բարեփոխումները հանդիսանալու են մեր բարձրագույն կրթական համակարգի հետագա զարգացման հիմնասյունը, որը պետք է համարձակ կերպով իրականացնենք, առավել եւս, երբ Հայաստանում միջին մասնագիտական, արհեստագործական հաստատություններում արդեն իսկ ընդունելությունը կազմակերպվում է առանց ընդունելության քննությունների:

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ

ԱԺ պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gyumri says:

    դուք ել երես ունեք բան առաջարկելու? մենք ել առաջարկում ենք որ դուք ել երբեք չառաջարկեք, դուք մենակ ՕԵԿ-ի աճուրդային գինը առաջարկեք տեսնենք քանիսով եք ծախվում գնենք մի քիչ ել ընդիմություն մնացեք, կամ ել կարող է Ալիեվիը լավ գին տա դառնաք ադրբեջանցի, այսինքն ձեր համար ինչ կապ ունի ինչ եք փողի չափը շատ լինի;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031