Ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանը դեռ սեփականատեր
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն այն կարծիքին է, որ նախընտրական շրջանում իշխանությունները «արխային» կարգավիճակում էին՝ համոզված, որ «դաշտը հակառակորդներից մաքրել են»: Ավելին. «Դեռ մտածում էին՝ ինչպե՞ս անել երկրորդ տեղին մի քիչ էլ տոկոսներ ավելացնել, որպեսզի երեւա, թե ընտրությունները մրցակցային էին: Անգամ ուշադրություն չդարձրին, թե մարդկանց տրամադրություններն ինչպիսի՞ն են եւ ո՞նց են արտահայտվելու»: Այնուհանդերձ, ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ Արամ Սարգսյանը մի տարբերություն մատնանշում է. «Եթե ժամանակին, իրոք, մեծ գումարներ բաժանեցին, ասֆալտ գցեցին, տանիք ու վերելակ վերանորոգեցին եւ այլն, միաժամանակ՝ ժողովրդի վրա ճնշում կար, այս անգամ բավականին խաղաղ էր: Ժողովուրդն էլ մտածեց՝ ոչ փող տվեցին, ոչ էս կամ էն արեցին, ոչ էլ ճնշում են՝ ես գնամ իմ ասածն անեմ: Սա նախադեպ է, եւ ես համոզված ասում եմ, որ հաջորդ ընտրությունները, այդ թվում նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները, այլ պատկեր են ունենալու»: Արամ Սարգսյանն իշխանությունների «ուղեղի ոչ ճիշտ» աշխատանքի արդյունք է համարում այն որոշումներն ու հայտարարությունները, որ ոչ աշխատավարձերը, ոչ էլ թոշակները չեն բարձրանալու, միաժամանակ տաքսու վարորդների, ատամնաբույժների հետ կապված հարկային վճարների ավելացումը եւ նմանօրինակ քայլերը: «Տրամադրությունները թեժացան, դրան գումարվեցին նախկին ահռելի դժգոհությունները, այդ թվում նաեւ Ծածկած շուկայի, ԱԳՆ-ի շենքի վաճառքի հետ կապված պատմությունները, որոնք նեգատիվ մթնոլորտ են ստեղծում: Այս ֆոնին պարզ էր, որ մարդիկ քայլերի կգնան: Իհարկե, անսպասելի էր: Եղավ 37 տոկոս, ու եթե դրան ավելացնենք մյուս թեկնածուների եւ 50 հազար «դեմ» քվեարկած ձայները՝ մոտ 42 տոկոս է կազմում: Ու սա բողոք արտահայտելու մի ձեւ էր, որպեսզի իշխանությունները հասկանան ու զգաստանան»,- ասում է մեր զրուցակիցը: Ի դեպ, Ծածկած շուկայի մասով Սարգսյանը պնդում է, որ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խախտել է պայմանագրային բոլոր պահանջները՝ չպահպանելով ոչ միայն շինության արտաքին տեսքը, այլ նաեւ ներքին տեսքը: Շինության ներսում, բացի նրանից, որ կամարները քանդված են, այլ շինություն է կառուցվել, որը տանիքից բարձր է: Դրա համար երկու անգամ մշակույթի նախարարությունը եւ քաղաքապետարանը զգուշացրել են, սակայն ոչ մի տեղաշարժ: Այժմ նոր նախագիծ է ներկայացվել մշակույթի նախարարություն, բայց Արամ Սարգսյանը հարցնում է. «Ինչո՞ւ դատախազությունը չի արձագանքել, որին դիմել է մտավորականության մի ստվար խումբ: Դիմել են նաեւ նախագահին ու վարչապետին: Ընտրություններից առաջ չէին մտածել, հիմա մտածեք՝ ի՞նչն է տրամադրություն ստեղծում: Եթե այսօր նախագահը հանձնարարի, որպեսզի կատարեն օրենքի պահանջները՝ չի՞ լինի: Ինչո՞ւ ընդառաջ չեն գնում: Ո՞նց է իշխանությունը պատկերացնում ժողովրդի հետ անմիջական կապը: Սպասում է փողոց դուրս գան, նո՞ր արձագանքեն: Այս երկրում անձեռնմխելիներ չպիտի լինեն, որպեսզի մարդիկ հավատան իշխանության արդար լինելուն»: Արամ Սարգսյանը գտնում է, որ Սամվել Ալեքսանյանն առնվազն արդեն պետք է զրկված լիներ սեփականության իրավունքից:
Արամ Սարգսյանը կիսում է այն տեսակետը, որ նմանօրինակ զարգացումները անսպասելի էին նաեւ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի համար, ու դա է վկայում ընտրական գործընթացներին հետեւելու նրանց բացթողումները՝ ոչ բավարար վստահված անձինք, ոչ մի հատուկ կարծիք, ստորագրություններ արձանագրությունների տակ: Այս ֆոնին վերլուծելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ դիմելու քայլը՝ Արամ Սարգսյանն առանձնապես հույսեր չի տածում, մանավանդ որ տխուր նախադեպեր կան, մասնավորաբար՝ 2003 թվականի իրադարձությունները, երբ «Արդարություն» դաշինքը ՍԴ-ում վիճարկեց ընտրությունների արդյունքները՝ ահռելի փաստաթղթային բազայով հանդերձ հանդիպեց իշխանության դիմադրությանը: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը հուսով է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ-ում իրավական տեսանկյունից կարող է հիմնավորել իր ասածները: Եթե ոչ, ապա մեր զրուցակցի կարծիքով՝ «այս ամբողջը ջուրը կտանի», ու Հայաստանում կունենանք նոր քաղաքական իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե Հովհաննիսյանը որքանով կհաջողի ժողովրդի ընդդիմադիր հատվածը պահպանել՝ իբրեւ «կուռ միասնություն»:
Նախընտրական շրջանում ՀԴԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որ կաջակցի Սերժ Սարգսյանին այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս ընդառաջ կգնա իրենց առաջարկած նախապայմաններին, որոնք ենթադրում են քայլեր ստվերային-օլիգարխիկ-մենաշնորհային համակարգի դեմ, մշակել հատուկ պետական ծրագրեր՝ կանխելու համար արտագաղթը, ամբողջական ագրոարդյունաբերական համալիրի ստեղծում՝ պետության հովանավորությամբ եւ այլն: ՀԴԿ-ն նաեւ հետաքրքրվել էր, թե ո՞ւր են ուղղորդվել այն գումարները, որոնց արդյունքում իր գործունեության հինգ տարիների ընթացքում կառավարությունը կրկնապատկել է ՀՀ-ի պետական պարտքը, արդյոք դրա հաշվին նոր ձեռնարկություններ չէի՞նք կարող ունենալ: Նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ՀԴԿ-ականները կամք են մաղթել Սերժ Սարգսյանին՝ վերոհիշյալ քայլերն իրականացնելու համար՝ նկատելով, որ հակառակ պարագայում կուսակցությունը հանդես կգա ամենակոշտ ընդդիմադիր դիրքերից: Սերժ Սարգսյանին աջակցելու պատճառներից մեկն էլ Դեմկուսի համար Հայաստանի ազգային անվտանգության մասով նրա մոտեցումներն են, քանի որ հենց դրանով է պայմանավորված Հայաստանի՝ իբրեւ պետություն լինել-չլինելը: Որոշակի վերապահումներով, բայց ընդհանուր առմամբ Դեմկուսում համամիտ են ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ-ի համագործակցությանը եւ ի դեմս այդ կառույցների են տեսնում ՀՀ-ի ազգային անվտանգության երաշխավորներին: Այժմ արտաքին քաղաքական վեկտորի մեջ փոփոխություն մտցնելով՝ Արամ Սարգսյանը կարծում է, որ մեզ անհեթեթ իրավիճակի մեջ կդնենք, քանի որ ոչ բարեկամներն են մեզ հասկանալու, ոչ էլ ոչ բարեկամները: Անհուսալի գործընկերոջ համբավ ձեռք կբերենք: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չհայտարարեր, որ պատրաստվում է վերանայել մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, հետո նոր ասեր՝ չէ, իմ ժամանակ շատ ավելի լավ կլինի… դեռ թամբին չես նստել՝ փորձում ես հարաբերություններդ փչացնել. դա սխալ է: Ինքը հետո փորձեց սխալն ուղղել, բայց մենք հո գիտենք, որ էությունն այդպիսին է»,- ասում է Արամ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Այս ամենի հանրագումարում եւ ստեղծված ներքաղաքական իրավիճակում Դեմկուսում գտնում են, որ գաղափարական տեսանկյունից անհամատեղելի են «Ժառանգության» հետ եւ պատրաստվում են առաջնորդվել սեփական ծրագրով՝ ամեն կերպ իշխանություններին մղելու առավել սթափության եւ քաղաքական ուժերի հետ համատեղ ուժերով երկիրը զարգացման ուղի դուրս բերելու: ՀԴԿ-ն դեռ անցյալ տարի է առաջարկել նախագահին՝ 10-15 հոգանոց փորձագիտական խորհուրդ ստեղծել այն հայերից, ովքեր արտերկրներում, տարբեր ոլորտներում հասել են որոշակի հաջողությունների եւ ովքեր կօգնեն ճիշտ ծրագրեր կազմել՝ Հայաստանը զարգացման ուղի դուրս բերելու համար: Արամ Սարգսյանը համոզված է, որ իրենց որդեգրած ուղղությունն է ճիշտ, եւ կողմ են, թե ոչ՝ վաղ թե ուշ գալու են այդ համոզման: Առայժմ, ցավոք, ոչ մի կողմից նման քայլ նա չի տեսնում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ