Միջնորդները փորձում են փրկել ԼՂ բանակցային գործընթացի շարունակականությունը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կիրակի օրը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել, որ Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլեւ, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առնչություն չունեցող հաղորդագրություններ: «Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները եւ հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը համանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերը՝ ուղղված ԼՂ-ի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Նալբանդյանի, ինչպես նաեւ մարտի 2-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հաղորդագրություն տարածեցին։ «Համանախագահները վերահաստատեցին իրենց մտահոգությունները դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական թռիչքների եւ շփման գծում վերջին բռնությունների կապակցությամբ։ Նրանք քննարկեցին նաեւ հրադադարի ամրապնդմանն ուղղված գաղափարներ»,- ասված է միջնորդների հաղորդագրությունում։ Համանախագահները հայտնեցին նաեւ, որ առաջիկա շաբաթներին այցելելու են տարածաշրջան՝ «հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն միտված հաջորդ քայլերը նախագահների հետ քննարկելու նպատակով»։
Կարդացեք նաև
Մարտի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորեց Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Օբաման ուղերձում մասնավորապես նշել էր. «Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատեւ խաղաղություն եւ անվտանգություն: Ցանկանում ենք նաեւ շարունակել մեր աշխատանքը՝ առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար եւ Ձեր ժառանգության ստեղծմանը՝ որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները եւ առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի եւ ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար»:
Պաշտոնական Վաշինգտոնը փաստորեն Ս. Սարգսյանին շնորհավորելիս մատնանշելով մի շարք առաջնահերթություններ՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նրանից ակնկալում է «բովանդակալից քայլ» դեպի հակամարտության կարգավորում: Այլ կերպ ասած՝ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երկիրը Մադրիդյան սկզբունքների հիմքով ստատուս-քվոյի փոփոխության մասին է ակնարկում: Եվ սա այն դեպքում, երբ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջան արտահանձնումից եւ նրան պետական մակարդակով հերոսացնելուց հետո ակնհայտորեն բանակցային գործընթացը, մեղմ ասած, հայտնվել է խորը անորոշության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ս. Սարգսյանին վերընտրվելու առիթով շնորհավորական ուղերձ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով նույնպես անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ նշելով. «Ես նաեւ մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային լուծում, եւ խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ եւս ՄԽ-ի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս-քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»: Իսկ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում ասվում էր. «Ընտրություններից հետո վերահաստատում եմ նաեւ վճռականությունս գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության: ՄԽ-ի համանախագահ եւ Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական՝ օժանդակելու չափազանց երկար տեւած ԼՂ հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորմանը»:
Նմանատիպ հայտարարություններ, ուղերձներ, իհարկե, այս տարիների ընթացքում բազմիցս են հրապարակվել, եւ պնդել, թե այս ուղերձների հիմքով ինչ-որ շրջադարձային քայլեր կարելի է ակնկալել մոտ ապագայում, իհարկե, չափազանցություն կլինի: Հավանաբար, միջնորդները փորձում են փրկել բանակցային գործընթացը եւ ապահովել Մինսկի խմբի ֆորմատով բանակցությունների շարունակականությունը, ինչը իսկապես վտանգի տակ է։
Ի դեպ, մեկ հատկանշական փաստ եւս. տարիներ շարունակ Ադրբեջանից հնչել են դժգոհություններ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության արդյունավետության առնչությամբ, նույնիսկ դրա գոյության նպատակահարմարության հարցն է հաճախ բարձրացվել։ Երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը մի հայտարարություն արեց, որը թերեւս չի վրիպի միջազգային կառույցների, դիվանագետների ու փորձագետների ուշադրությունից: Նա ասաց, որ ՄԽ-ի համանախագահող երկրները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, «իրենց աշխարհաքաղաքական նեղ շահերից ելնելով՝ հակաժողովրդավարական, ամոթալի քայլ կատարեցին՝ ճանաչելով ապօրինի, ոչ լեգիտիմ նախագահին»։ «Դեռ ուշ չէ վերանայման համար, եւ ես պատրաստ եմ Օբամայից մինչեւ Վլադիմիրովիչ, մինչեւ Օլանդ, հանդիպել նրանց հետ եւ թույլ տալ, որ իրենք ունենան այդ մեծությունը՝ վերանայելու համար այդ հսկա սխալը, որ կատարել են: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել՝ այլեւս անկարելի է ճանաչել Մինսկի խմբի գործառույթներն ու նրանց հնացած, ավելորդ ու ուժը կորցրած հայտնի սկզբունքները»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ