Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր ձկնաբուծարանները փակվում են

Մարտ 06,2013 14:05

2012 թվականը ձկնաբույծների համար ճգնաժամային էր եւ դրա հետեւանքներն այս տարի էլ շարունակվում են: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը: Ձկնաբուծության ոլորտի ճգնաժամը, ըստ պարոն Աթոյանի, այն է, որ 2012 թվականին Ռուսաստանն արգելեց հայկական 4 ձկնաբուծական ընկերությունների արտադրանք արտահանել, քանի որ աղիքային ցուպիկ էին հայտնաբերել: Բացի այդ, պարոն Աթոյանի ներկայացմամբ՝  նախորդ տարի 57 ձկնաբուծական ընկերություններ փակվել են, շատ ընկերություններ չեն կարողանում կատարել վարկային պարտավորությունները:

Պարոն Աթոյանի խոսքերով, իշխան ձկան մեծածախ գինը 2011-ին եղել է 1500 դրամ, նախորդ տարի՝ 1200, իսկ այս տարի՝ 1450:

Միջազգային շուկայում կերն էլ թանկացել է, եւ, ըստ պարոն Աթոյանի, փորձում են  կառավարության հետ պայմանավորվածություն  ձեռք բերել, որ գոնե փոքր ձկնարտադրող ընկերությունների համար կերը ինքնարժեքով տրամադրվի:

Արթուր Աթոյանի ներկայացմամբ՝ իշխան ձկան մեկ կիլիոգրամը խանութներում եռակի թանկ է վաճառվում, իսկ հարցին, թե ինչու չեն դիմում  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, պարոն Աթոյանն ասաց. «Մենք չենք ցանկանում ուրիշի վրա քար գցել:Դա իրենց բիզնեսն է»:

«Հայ ձկնաբույծների միավորման» նախագահը նաեւ նշեց, որ չնայած ճգնաժամին, նախորդ տարի հայկական ձկնատեսակների արտահանումն ավելացել է. 2011-ին 800 տոննա է արտահանվել, իսկ 2012-ին՝ 1530:Այդուհանդերձ, հայկական ձուկը Ռուսաստանում շատ ավելի թանկ է, համեմատած այդ երկիր ներմուծած նորվեգական ձկնատեսակների հետ. «Պետք է դիմենք կառավարություն եւ հասկանանք, թե ինչի հաշվին է կարելի ինքնարժեքն իջեցնել»:

Հարցին, արդյոք փոքր ձկնաբուծարանների փակվելով ոլորտը դեպի մենաշնորհ չի՞ գնում, պարոն Աթոյանն ասաց, որ նման միտում կա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031