Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ ասեք՝ «ժողովուրդ»

Մարտ 06,2013 14:04

Երբ միեւնույն տեքստում՝ գրավոր թե բանավոր, չափից դուրս հաճախ է կրկնվում «ժողովուրդ» բառը, դա, ինձ թվում է՝ լավ նշան չէ: Սկսած «էս ժողովրդի վիճակը» դարձվածքով էմոցիոնալ բացականչությունից, վերջացրած «ամբողջ ժողովուրդը այս հրապարակում է», «ժողովուրդը դատապարտում է», «ժողովուրդը ողջունում է», «ժողովուրդն այլեւս չի խաբվի» եւ այլն: Եթե խոսքն ամբողջ հայ ժողովրդի, հայկական էթնոսի մասին է, այն 10 միլիոն մարդկանց մասին, որոնք այսպես թե այնպես իրենց նույնականացնում են այդ էթնոսի հետ, ապա նրանցից մոտ 2/3-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն: Մի մասն էլ քաղաքացիներ են, բայց իրենց բախտը փորձում են մեր երկրից դուրս՝ հայրենիքի նկատմամբ սիրո կամ դառնության զգացմունքների այս կամ այն փոխհարաբերությամբ: Թե ինչ է այն 10 միլիոն մարդը մտածում Հայաստանի այս կամ քաղաքական գործչի կամ ուժի մասին՝ անհնարին է ասել: Բնական է ենթադրել, որ մեծ մասը ոչ մի բան չի մտածում, անգամ նրանց անունները չգիտի: Ավելին՝ մենք այս 20 տարում վատ ենք աշխատել այդ 2/3-ի հետ ու չենք էլ հասկանում, թե ինչ են այդ մարդիկ իրականում ուզում:

Ըստ երեւույթին, խոսքը ՀՀ քաղաքացիների կամ ընտրողների մասին է: Ի դեպ, մենք ունենք մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, որոնք, ապրելով արտերկրում, զրկված են ընտրելու իրավունքից, եւ այդ ակնհայտ խտրականությունը մեր օրենսդրության ճչացող թերություններից մեկն է: Սակայն Հայաստանում ապրող քաղաքացիների, ընտրողների նկատմամբ էլ վերաբերմունքը պետք է լինի հարգալից ու անհատական: Երբ մարդիկ, էմոցիոնալ բարձր աստիճանի տակ, հայտարարում են, որ «ամբողջ հայ ժողովուրդը ընտրել է Րաֆֆիին», դա, ինձ թվում է, ոչ կոռեկտ ընդհանրացում է, որովհետեւ մեկը ես, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, ընտրել եմ Բագրատյանին: Արդյոք ես դրանով զրկվո՞ւմ եմ ժողովրդի մասնիկ լինելուց:

Բազմիցս կրկնվող «ժողովրդի պայքար» արտահայտությունը նույնպես հարաբերական կատեգորիա է: Վերջերս կարդացի, որ եթե ընդունելի է համարվում պայքարի միայն մեկ ձեւ, ապա նման պայքարը դատապարտված է: Միանգամայն սթափ դատողություն է: Խոսքը, բնականաբար, նաեւ ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին է: «Ժողովուրդ» բառը կուսակցական տոմս չի, վկայական չի, որը դրված է առանձին անհատների գրպանում, եւ այդ անհատներն իրենց իրավունք են վերապահում մտածելու, թե իրենք «ժողովրդի կողքին են», «ժողովրդի հետ են», իսկ նրանք, ովքեր այդ վկայականը չունեն, ժողովրդի կողքին չեն: Շանտաժի այդ ձեւը ավելի հաճախ էր կիրառվում 2008-ի շարժման կողմից: Հիմա, բարեբախտաբար, դրա շատ թեթեւ «ռեցիդիվներն» են: Օրինակ՝ դասադո՞ւլ եք անում՝ շատ լավ է: Այդ ընթացքում քայլում եք փողոցնելով, կոչ եք անում միանա՞լ ձեզ (այսինքն՝ դարձյալ, հավանաբար, «ժողովրդին»)՝ հրաշալի է: Կանգնել բուհերի դռների մոտ, պախարակել նրանց, ովքեր դասադուլ չեն ուզում անել՝ դա արդեն չեղավ: Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանց կարծիքը նույնքան պաշտպանված է, որքան ձերը: Ընդդիմության այսօրվա առաջնորդի անվիճելի առավելությունը հենց այն է, որ նա անկեղծորեն այդպես է մտածում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Aram says:

    Ժողովուրդի և ազգի սահմանումը մոտ 170 տարի առաջ տվել է փիլիսոփայության դոկտոր Կ. Մարքսը: Իրոք, երբ ասում ենք հայ ժողովուրդ, գիտականորեն պետք է հասկանալ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի 10մլն հայերին, երբ նկատի ունենք ՀՀ բնակչությունը, պետք է օգտագործել ազգ կամ հայ ազգ եզրը և նկատի ունենալ բոլոր հայաստանցիներին անխտիր, անկախ էթնոսից:
    Համաձայն եմ Խմբագրի դիտարկմանը, ոչ բոլորը կարող են խոսել ազգի անունից: Քոչարյանը 1998-2008 թթ.. զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը չէր կարող խոսել ազգի անունից թեպետ ի պաշտոնե կարծես դրա իրավունքը ուներ, որովհետև նա ոչ լեգիտիմ էր, Լ. Տեր-Պետրոսյանը իրավունք ուներ խոսելու ժողովրդի անունից 1991-1996թթ որովհետև լեգիտիմ նախագահ էր և 2008թ. որովհետև նրա հետևերդները մի քանի անգամ գերազանցում էին Ս. Սարգսյանի հետևորդներին, չասեք ով է հաշվել, ուղղակի մեկ անգամ ևս դիտեք այն տեսագրությունը, երբ Ս. Սարգսյանին աջակցելու համար ստիպողաբար Հանրապետության հրապարակ բերված ՀՀ քաղաքացիները միացան Ազատության հրապարակում նույն Ս. Սարգսյանի դեմ պայքարողներին:
    Ես ու կինս էլ ենք ընտրել Հ. Բագրատյանին, դուստրս, որ առաջին անգամ էր ընտրում` Անդրեաս Ղուկասյանին, բայց ես կարող եմ ասել, ԱԶԳԸ ընտրել է Ր. Հավհաննիսյանին, որովհետև իմ շրջապատի` հարազատների, աշխատակիցների, հարևանների հետ շփումներից վստահաբար կարող եմ ասել, որ Ս. Սարգսյանը հավաքած ձայներով զիջում է ոչ միայն Ր. Հովհաննիսյանին ու Հ. Բագրատյանին, այլև չմասնակցածներին ու քվեաթերթիկները փչացնողներին:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Իրականում ժողովուրդ հասկացությունն այդքան էլ բարդ չէ, ինչպես փորձ է արվել ներկայացնել հոդվածում, և որպեսզի պարզ լինի, թե ինչ նկատի ունեմ, փորձեմ տարբերակել, թե ըստ իս ով ժողովուրդ չէ, և ով է ժողովուրդ:
    Ժողովուրդ չեն.
    1.Հայրենիքի հանդեպ իրենց մեծ՝ բայց ըստ էության անորոշ ծառայությունները մշտապես մատնակոխ անող անձինք, որոնք իրականում իշխանության հովանավորությունը վայելող կեղեքիչներ են:
    2.Իշխանությունների նկատմամբ քծնանքով և ճշմարիտ քննադատության նկատմամբ թույնով արտահայտվողները, և դրա շնորհիվ շնորհիվ կերակրատաշտը հոտոտելու իրավունք ստացողները:
    3.Բազմաբնույթ ՛՛չեբուրաշկաները՛՛, խարիզմատիկ սանրվածքով ու հագուկապով, կրակոտ անցյալով, ու թեև ստորին՝ բայց և ՛՛յուղոտ՛՛ պաշտոն ունեցողները:
    4. Առաջին կետում նշված չժողովրդի անվերապահ հեղինակությունն ընդունած ու ցանկացած ստորության պատրաստ թափթփուկների մի լայն սպեկտր՝ սկսած գրագետ սրիկաներից մինչև տգետ ու հանցամետ հաստագլուխներ:
    5. Իշխանության բուրգի գագաթից մինչև ստորոտ ձգվող այն պաշտոնյաները և նրանց ազդեցության ոլորտում գտնվողները, որոնց միակ մտահոգությունն այն է, որ հնարավորինս բյուջեից շատ մսխեն և իրենց վերարտադրման համար ջանք ու եռանդ չխնայեն՝ միջոցների առաջ խտրականություն չդնելով:
    Եթե ամբողջ ազգից տարանջատենք վերը նշածս մեր ազգակիցներին, կմնա այն, որն իմ կարծիքով կոչվում է ԺՈՂՈՎՈՒՐԴ:
    Ամենակարևորը. սկսած 2008թ., և չնայած արտագաղթի աղետալի ազդեցությանը, ԺՈՂՈՎՐԴԻ ՛՛պարունակությունն՛՛ ավելանում է:

  3. Galust says:

    Հավասարակշռված հոդված է:
    Մարդկանց մեծ խմբեր մարգինալանում են ընտրություններց առաջ և հետո:
    Ըստ էության ժողովուրդը դրական քաղաքական փորձ չի ձեռք բերում, քանզի իր ընտրությունը փոփողության չի հանգեցնում արդեն 17 տարի:
    Ի դեպ, ես էլ եմ ընտրել Բագրատյանին:

  4. Gibindus says:

    Շատ էլ ճիշտ ա ասում ախպերս: Մի բառ որ հոդվածի մեջ հա կրկնվում ա… Հլա մի րոպե: Հա էլի`ժողովուդ բառը 15 անգամ կրկնվում է հոդվածի մեջ: Ես էլ ասում եմ էս ի՞նչ է, վատ եմ զգում կարդալուց: Վատ նշանից է`ոչ մի ուրիշ կարծիք լինել չի կարող:

  5. Avetyan says:

    Մի մոռացեք, որ ցանկացաց ժողովրդի կարելի է հեշտությամբ վերածել ամբոխի, եթե նրան հավաքես մի հրապարակի մեջ եթե անգամ ժողովուրդը ունի օբյեկտիվ պատճառներ բողոքելու: Եվ ամբոխի վերածելու հայտնի ձևերն են ՛՛ժողովրդի անունից՝՝, ՛՛հանուն ժողովրդի՝՝, ՛՛ծառայել ժողովրդին՝՝, ՛՛իշխանությունը վերադարձնել ժողովրդին՝՝ լոզունգները: Հիշենք ֆրանսիական բոլշևիկյան և մնացած բոլոր հեղափոխությունը: Եվ այդ ամբոխի վերածված ժողովուրդը հեշտությամբ օգտագործվել ու շպրտվել է դուրս:

    • Մարգար Մախսուդյան says:

      ”…եթե նրան հավաքես մի հրապարակի մեջ”, ինչպես նշում եք, ու գլխին սկսես լոլո կարդալ սուտ առաջընթացների ու անապահով ապահովագրության մասին, ապա նա շուտով դեն կնետի վերևից պարտադրված կարգախոսներն ու կգնա միանալու այն հանրահավաքին, որին վստահում է, և այդ է պատճառը, որ ՀՀԿ ՛՛հաղթական ՛՛ հանրահավաքը տեղի չունեցավ, չնայած, որ օրեր շարունակ, ինչպես և այսօր Ազատության հրապարակն ազատ է:

      • Avetyan says:

        Բերեք մի հանրահավաքի օրինակ, որտեղ ժողովուրդը վստահել է և հուսախախաբ չի եղել!!! Ժողովրդի ցավերից խոսելով են խաբում ամբոխին, բայց լուծում են ուրիշ հարցեր ու ՛՛իմաստուն՝՝ ժողովորդը երբ հասկանում է որ խաբնված է ….շատ ուշ է լինում: Կուզեյի մի օրինակով գոնե ինձ հակառակը ապացուցեյիք: Ժողովուրդը ի վիճակի է անգամ նույն մարդուց խաբնվել 2 անգամ- օրինակ Լևոնից, որը կեղծիքներ սփռեց, դեմոկրատիա կոչեցյալը դեռ չծնված-ոչնչացրեց, տնտեսությունը փոշիացրեց, ու մի քանի տարի հետո դարձավ ժողովրդին կեղծիքներից փրկող, դեմոկրատիայի պաշտպան ու տնտեսություն վերականգնող: Ու ՛՛ամբոխները խելագառված՝՝ նորից հավատացին նրան:

  6. Maxim says:

    Մենք ապրում ենք 21-րդ դարում: Նորմալ երկրում, երբ յուրաքանչյուրը իր այսօրվա և վաղվա
    գործը գիտի, ոչ մեկը կոչով ժողովուրդ չի հավաքվի և ամբոխի չի վերածի: Ուրեմն շատ լուրջ պատ-
    ճառ կա, ուրիշ բան թե՛ ով է խոսում ժողովրդի անունից: Այս դրությամբ Ռաֆֆիից ավելի արժանին
    չեմ տեսնում, տա աստված, որ ժողովուրդը չսխալվի, քանի որ ժողովուրդ ասելով,՝ ես էլ նրա մի
    մասնիկն եմ:

    • Avetyan says:

      Ընդունում եմ – ժողովուրդը առանց պատճառի չի հավաքվի: Բայց բանը նրանումն է, և փորձը ցույց է տալիս, որ պատահական մարդիկ չեն հայտնվում հարդակում- նրանց թիկունքում միշտ կա ինչ որ մի մութ ուժ: Եթե դուք վստահում եք Րաֆֆուն դա ձեր իրավունքն է, տա աստված չհիասթափվեք, բայց հաշվի առեք որ կան մարդիկ որոնք նրան չեն վստահում և նրա հետևից չեն գնում ու պետք չի նրանց համարել շահամոլներ հատկապես ՛՛ծախվածներ՝՝, ինչպես Րաֆֆու կողմնակիցներից կարելի է հաճախակի լսել նման պիտակավորումներ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031