Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ձերբակալեցին Վարդան Սեդրակյանին. իշխանությունը հասարակության ուշադրությո՞ւնն է շեղում

Մարտ 06,2013 13:13

Երեկ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ԱԱԾ միջնորդությունը, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին երկամսյա կալանքի վերցրեց:

Aravot.am-ը տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ զրույցում փորձեց պարզել` ինչպե՞ս են գնահատում ՀՀ նախագահի նախկին թեկնածուի կալանավորման փաստը:

ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու՝ Արամ Հարությունյանը նշեց, թե 99 տոկոսով համոզված է, որ Վ. Սեդրակյանն այդ մահափորձի հետ կապ չունի ու մանրամասնեց. «Մոտիվացիա չեմ տեսնում, որ պիտի Վարդան Սեդրակյանը նման բան աներ: Վարդանի դեպքում դա տրամաբանական չեմ պատկերացնում: Իրենք Հայրիկյանի հետ մինչև այդ ծանոթ էլ չեն եղել, համենայնդեպս անհասկանալի է: Չեմ կարծում, որ Սեդրակյանը դրա հետ կապ ունի, նույնիկ համոզված եմ դրանում: Այն երկու անձինք էլ, որոնց կապում էին Վարդանի հետ, մի տեսակ շիվարած էին, կիլլերի տեսք չունեին: Մյուս կողմից էլ Վարդանը ողջ քարոզարշավի ընթացքում ասում էր` հաղթած եմ, նրա քարոզչությունը միտված էր այն բանին, որ ինքը 81 տոկոս հավաքում է, ուստի Վարդանին ձեռնտու էլ չէր նման բանը»:

Ա. Հարությունյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այժմ Հայրիկյանն անուշադրության ու մոռացության է մատնվել, հետո էլ նկատեց. « Նա վրդովվել է, նշանակում է՝ վիրավորված է, որ այդպիսի որակումներ է տալիս: Անհասկանալի է այն, որ մահափորձից հետո իշխանությունը Հայրիկյանին մեծարեց, 24 ժամ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, իսկ հիմա նա մոռացության ու անուշադրության է մատնված: Եթե մարդու հետ մահափորձ է եղել, նա նման վերաբերմունքի արժանի չէ»:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ առաջարկեց մի քիչ սպասել, հետո գնահատականներ տալ: Իրավապաշտպանը փոխանցեց հետևյալը. «Այժմ կասկածներ կան, ուրիշ ոչինչ: Եթե նա առնչություն ունի այդ գործին, նախ ցավալի է ու եթե առնչություն ունի, ուրեմն պիտի կալանավորվի: Նախաքննությունը բացի ձերբակալությունների մասին հայտարարություններից, ուրիշ հայտարարություն դեռ չի արել: Ուստի հատուկ կարծիք հայտնելը դեռ շուտ է: Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարվածին, դա դատապարտելի ու ցավալի է: Իսկ քանի դեռ հանցագործությունը մինչև վերջ չի բացահայտվել, կարող են լինել բազում մոտիվներ»:

«ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեր հարցին ի պատասխան նշեց, թե «երկրում ավելի կարևոր գործընթացներ են կատարվում, քան Վարդան Սեդրակյանի կալանավորումը»: Հարցրինք` լուրջ չի՞ վերաբերվում Սեդրակյանի կալանավորման փաստին: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. « Լուրջ եմ վերաբերվում, չեմ կարծում, որ ԱԱԾ-ն անլուրջ գործողություններով է զբաղվում: Դրա մասին չէ խոսքը, բայց ուզում եմ ասել, որ ավելի հիմնարար գործընթացներ են երկրում ընթանում, քան կալանավորումը: Սա կարող է նույնիսկ հասարակության ուշադրությունը շեղելու հերթական պրոցեսը լինել, ինչը ցանկացած պարագայում ինձ համար արդեն երկրորդական է: Այսօր արդեն մեր քաղաքացին ընտրել է չորրորդ նախագահին` Րաֆֆի Հովհաննիսյանին, և պայքարում է, որ իր իրավունքները, այդ թվում ընտրականը, պաշտպանվի: Ժոդովրդական այս պայքարն ավելի հիմնարար է, քան այն՝ Վարդան Սեդրակյանին կալանավորե՞լ են, թե՞ ոչ: Ինչպես Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը, որով այդ պահին փորձում էին հասարակության ուշադրությունը շեղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահության ալիքից, որը բարեբախտաբար արդյունք չունեցավ, սա էլ կարող է լինել այդ դրսևորումներից մեկը: Բնականաբար չեմ կարծում, թե ընդդիմությունն է կալանավորել Վարդան Սեդրակյանին, թեև հնարավոր է, որ ԱԱԾ-ն լրիվ փաստերը ունենա և առանց քաղաքական հանգամանքի ձերբակալի: Բայց հաստատ մեկը մյուսին չի խանգարի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031