Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ հետեւանք է տարադրամային ակտիվությունը

Մարտ 06,2013 13:07

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած ամսվա վերջին ամերիկյան արժույթի նկատմամբ ներկայացված պահանջարկի համեմատաբար սահուն աճն անսպասելիորեն ակտիվացավ այս շաբաթվա սկզբին։ Արդեն առաջին բորսայական գործարքի ընթացքում գրանցվեց դոլարի առք ու վաճառքի կտրուկ ավելացում։ Այն կազմեց ավելի քան 16 մլն դոլար, ինչը մեկօրյա գործարքների համար ոչ սովորական երեւույթ է։

Փետրվարի վերջին արժութային շուկայում դոլարի նկատմամբ ձեւավորվեց պահանջարկի ավելացում։ Վաճառքը հասավ 125 միլիոնի։ Սա էապես գերազանցեց նախորդ շաբաթվա ցուցանիշները, երբ բանկերը գնեցին ընդամենը 67,1 միլիոն եւ վաճառեցին ավելի քան 74 մլն դոլար։
Սովորաբար նման մեծածավալ առք ու վաճառք ներբանկային շուկայում հազվադեպ է լինում։ Ընդ որում, դա ուղեկցվեց նաեւ արժութային բորսայում գործարքների ավելացմամբ։
Անցած շաբաթվա ընթացքում բորսայում վաճառվեց գրեթե 13 մլն դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցեց նախորդ շաբաթվա ծավալը։ Միայն մարտի 4-ին ավելի շատ դոլար գնվեց եւ վաճառվեց, քան անցած ամբողջ շաբաթվա ընթացքում։ Սա հիմք տվեց ասելու, որ գործարքներին միջամտել է Կենտրոնական բանկը։
Որ Կենտրոնական բանկը արժութային ներարկում է կատարել շուկայում, գրեթե միանշանակ է։ Դրանով, ըստ էության, բավարարվել է ներկայացված բարձր պահանջարկը եւ փորձ է արվել կասեցնել ազգային արժույթի արժեզրկումը։ Իսկ դրա հավանականությունը, նման բարձր պահանջարկի պայմաններում, անշուշտ միշտ էլ գոյություն ունի։ Պատահական չէ, որ այդ օրվա գործարքները մեկնարկեցին շատ ավելի բարձր գնով, քան նախորդ բորսայական առեւտրի ժամանակ դոլարի նկատմամբ ձեւավորված փոխարժեքն էր։
Կատարված մեծածավալ ներարկման շնորհիվ հաջողվեց զսպել դրամի արժեզրկումը։ Եթե գործարքների սկզբում ամերիկյան արժույթը վաճառվում էր 411,5 դրամով, ապա ավարտին դոլարի գինը կազմեց 410,75 դրամ։
Բորսայական վերջին զարգացումներից հետո փոխանակման կետերում ամերիկյան արժույթը գնվում եւ վաճառվում է 408-412 դրամով։ Շուկայի անորոշությամբ պայմանավորված՝ առք ու վաճառքի փոխարժեքների միջեւ պահպանվում է մեծ տարբերություն, ինչը վկայում է, որ սպասումներն այստեղ չեն հանդարտվել։ Ամեն դեպքում, կատարված մեծածավալ ներարկման շնորհիվ այս պահին շուկան գտնվում է քիչ թե շատ հավասարակշռված վիճակում։
Որպես այդպիսին, այս տարվա ընթացքում սա Կենտրոնական բանկի կողմից արժութային բորսային միջամտելու առաջին փորձն էր։ Մինչ այդ ԿԲ-ն գերազանցապես չեզոքություն էր պահպանում, չնայած սովորաբար տարեսկզբին այդպիսին չի լինում։
Մասնավորապես, ասենք, անցած տարվա միայն հունվար-փետրվարին Կենտրոնական բանկը բորսայում իրացրեց 30 մլն դոլար՝ ազգային արժույթի արժեզրկման տեմպը մեղմելու համար։ Ընդ որում, այդ քաղաքականությունը պահպանվեց տարվա ամբողջ առաջին կեսի ընթացքում, եւ արդեն վեց ամիսներին ԿԲ-ն սեփական պահուստային պաշարներից վաճառեց ավելի քան 130 մլն դոլար։
Իհարկե, տարվա երկրորդ կիսամյակն առանձնացավ հակառակ վարքագծով։ Այդ ընթացքում ԿԲ-ն ոչ միայն որեւէ անգամ տարադրամ չվաճառեց, այլեւ հասցրեց կիսով չափ վերականգնել կորուստները։ Տարվա երկրորդ կիսամյակում այն շուկայից ներքաշեց ավելի քան 65 մլն դոլար, որից միայն 21 միլիոնը՝ դեկտեմբերի վերջին։
Այս տարեսկզբի երկու ամիսներին արժութային բորսայում Կենտրոնական բանկը բացարձակ չեզոքություն է պահպանել։ Նման պայմաններում փոխարժեքները դրսեւորել են համեմատաբար կայուն վարքագիծ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դոլարն արժեւորվել է 5 դրամով, թեեւ, դրանով հանդերձ, հիմնականում վերականգնվել է հունվարի վերջին ձեւավորված փոխարժեքը։
Մինչ ամերիկյան արժույթը վերջին մեկ ամսվա ընթացքում արժեւորվել է, եվրոյի շուկայում տեղի է ունեցել հակառակ երեւույթը. փետրվարի սկզբին եվրոպական արժույթը հայկական շուկայում գնվում եւ վաճառվում էր շուրջ 549 դրամ միջին փոխարժեքով։ Այժմ այն տատանվում է 533 դրամի սահմաններում։
Այս ցուցանիշները վկայում են, որ շուկայում տարադրամի նկատմամբ ձեւավորված պահանջարկի ավելացումը հիմնականում վերաբերում է ամերիկյան արժույթին։ Երկարատեւ հատվածում դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով։ Բայց առաջնայինն անշուշտ պետք է համարել զուտ տնտեսականը։ Գոնե այս պահին հիմքեր չկան կարծելու, որ շուկայում տեղի է ունեցել դոլարի առաջարկի նվազում։ Ուղղակի ակտիվացել է պահանջարկը, ինչն այս սեզոնի համար բնական է։
Այլ հարց է, երբ պահանջարկը կտրուկ աճում է մեկ օրվա ընթացքում։ Այնպես, ինչպես մարտի 4-ի բորսայական առեւտրի ընթացքում։ Այլ գործոններից բացի, սա կարող էր պայմանավորված լինել նաեւ արտաքին ֆինանսական հատվածում տեղի ունեցող փոփոխություններով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Միացյալ Նահանգների բյուջեի սեկվեստրին, որն ամերիկյան արժույթի նկատմամբ արժեւորման սպասումներ է ձեւավորում։
Ենթադրվում է, որ ներքին ֆինանսական շուկայում առաջիկայում ամերիկյան արժույթի պահանջարկի ավելացումն ուղեկցվելու է առաջարկի համալրմամբ։ Սովորաբար դա նկատվում է հատկապես մարտի վերջից եւ շարունակվում է մինչեւ ապրիլի կեսերը, երբ Հայաստանում ակտիվանում են իրանական զբոսաշրջային հոսքերը։
Ճիշտ է, անցած տարի այդ հոսքերը զգալիորեն պակասեցին՝ պայմանավորված առաջին հերթին իրանական տնտեսության վիճակով եւ բնակչության եկամուտների կրճատմամբ։

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031