Լրահոս
Օրվա լրահոսը

Սակավամարդ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ կարեւորը քանակը չէ, որակն է (Տեսանյութ)

Մարտ 06,2013 12:51

Քիչ առաջ Դիլիջանում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը բնակիչների հետ: Դեռ ճանապարհին էինք, Դիլիջանից բնակիչներն ահազանգեցին, որ հավաքվածներին ցրում են, թույլ չեն տալիս տաքսիները կանգնեն հանդիպման վայրում, ոստիկանական մեքենաները շրջում են եւ հորդորում են «ցրվել»: Արդյունքում հանդիպումը սակավամարդ էր:

Կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում այդ ահուսարսափի մթնոլորտի համար «ամոթանք» տվեց նախ Դիլիջանի քաղաքապետին. «Այդ աթոռը ոչ կենսաթոշակի ժամանակ է իրենց տակ լինելու, ոչ էլ պաշտոնից հեռանալու դեպքում: Որեւէ ձեւով նրան պատիվ չի բերում նման արարքը: Բոլորդ գիտեք, որ ՀՀ նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Հայաստանում իրականացրեց բարու եւ բարեւի հեղափոխություն»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ես չգիտեմ քանի հոգի հավաքվեցին, ցրեցին, չցրեցի՜ն, կարեւոր չէ»:

Մինչ պարոն Հովհաննիսյանը ելույթ էր ունենում, Զարուհի Փոստանջյանը ոստիկաններից պահանջում էր ասել, թե ինչու են նկարում հանրահավաքի մասնակիցների դեմքերը: «Թող նկարի, Զարուհի, էդ իր պարտականության մեջ է: Ավելի լավ է ինձ նկարի, քան թե ժողովրդին: Ոստիկան, ծառայությունդ բարի, ի՛նձ նկարի»,- միջամտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ Դիլիջանն անգամ պաշտոնական տվյալներով 45 տոկոս ձայն է տվել իրեն. «Պաշտոնական, պատկերացրեք, թե իրականը որն է եղել: 65 է եղել, բայց հիմա մենք թվաբանության համար չենք եկել: Դրա համար մեր ժողովրդի ուժը չի չափվում գլխաքանակով: Յուրաքանչյուր այսօր ներկա ներկայացնում է 1000 հոգի որակյալ քաղաքացիներ, ովքեր փետրվարի 18-ին չվախեցան: Բոլորը գիտեն, որ դիլիջանցիք չվախեցան: Հիմա մեկը համալսարանում է, մեկը շուկայում, մեկը խանութ ա պահում, երեխու համար հաց է վաստակում, անպայման չի, որ այստեղ լինի կամ Երեւանում: Քանակով չի չափվում, տղե՛րք: Մեր հաղթանակն ամեն տեղ է՝ ընտանիքում, բնակավայրում, որտեղ հայ մարդը կա: Մեր հաղթանակը հենց դրանում է»:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց. «Դիլիջանը դառնալու է համաշխարհային կենտրոն ոչ միայն զբոսաշրջային, այլ նաեւ վերադարձի կենտրոն: Իմ մեղրամիսն անցել է Դիլիջանում՝ Հաղարծինում: Եվ քանի մեղրամիս է գալու Դիլիջան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031