Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը բացահայտվեց

Մարտ 06,2013 12:29

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է նույն ձեւով շրջել մարզից մարզ, մի քանի օրը մեկ Ազատության հրապարակում հանրահավաքներ անել, եւ այդպես՝ այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունների նյարդերը տեղի տան, ժողովրդական լեզվով ասած՝ «նադայել ըլնեն», եւ Սերժ Սարգսյանը սպիտակ դրոշ պարզի։ Այլ կերպ ասած՝ առաջիկայում մեզ «նյարդերի պատերազմ» է սպասում։ Գաղափարը հետեւյալն է. համաժոդովրդական շարժումը պիտի աստիճանաբար հզորանա, ինչ-որ պահից սկսած՝ իշխանությունները պիտի տեսնեն, որ այլեւս ի վիճակի չեն ղեկավարել երկիրը, եւ պիտի կամ նոր ընտրություններ անցկացվեն, կամ պարզապես իշխանությունը հանձնվի Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ընդ որում՝ այդ ամենը պիտի արվի բարությամբ, առանց բռնության եւ բռնության կոչերի։

Տեսականորեն սա իսկապես հնարավոր է, մանավանդ որ իշխանություններին իսկապես ահավոր նյարդայնացնում է նույնիսկ այս հանդարտ շարժումը։ Բայց արդյոք գործնականում այս մարտավարությունը հաջողություն կունենա՞։ Ամբողջ խնդիրն այն է, որ ընդամենը մի քանի օր անց ՍԴ-ն հրապարակելու է իր որոշումը (թե ինչպիսին կլինի այն՝ հասկանալի է), եւ դրանից հետո ընտրությունների թեման պաշտոնապես համարվելու է փակված։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները մի հզոր հակաքայլ են ունենալու, չեն արտոնելու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները եւ վերջ։ Այդ դեպքում ցանկացած հանրահավաք կհռչակվի «ապօրինի», եւ ոստիկանությունը պարզապես կցրի այն։ Ի վերջո՝ եթե ցուցարարները խաղաղասեր են ու բարի, դա դեռ չի նշանակում, թե ոստիկանությունն էլ է հրաժարվելու բռնություններից։ 2008թ. մարտի լույս 1-ի գիշերը նույնպես Ազատության հրապարակի ցուցարարները հանգիստ քնած էին իրենց վրաններում, ու բոլորս հիշում ենք, թե ինչով ավարտվեց դա։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ այդ ռեսուրսը չունի, նրա այսօրվա հանրահավաքներին մասնակցում է 20-30 անգամ ավելի քիչ մարդ, քան 2008- ին։

Իշխանություններին նյարդայնացնելն, իհարկե, ճիշտ մարտավարություն է, բայց խոսքն այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ նյարդայնացնելը կարող է միայն օժանդակ դեր խաղալ «բուն օպերացիայի» համար։ Օրինակ՝ երբ Պանիկովսկին անընդհատ վազում էր Կորեյկոյի հետեւից ու միալար ձայնով ասում «տո՛ւր ինձ միլիոն, տո՛ւր ինձ միլիոն», դա նպատակ ուներ նյարդայնացնել «կլիենտին», բայց որեւէ մեկը չէր ակնկալում, որ Կորեյկոն գրպանից կհանի ու Պանիկովսկուն կտա այդ միլիոնը։ Բուն «օպերացիան» շատ ավելի բարդ էր, խելացի մտածված, եւ ի վերջո հաջողությամբ պսակվեց։ Իսկ ինչո՞ւ ենք բերում այս օրինակը։ Որովհետեւ հիմա ահա մեզ ասում են, որ իշխանափոխության բուն ծրագիրը հենց դա է՝ պետք է նյարդայնացնել Սերժ Սարգսյանին, եւ նա ի վերջո չի դիմանա ու կհանձնի իշխանությունը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031