Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի ռեաբիլիտացիան «կանյաչնիում»

Մարտ 06,2013 12:17

Հետընտրական հայաստանյան քաղաքական զարգացումները բավական արագ են ընթանում։ Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում դեռ չի հասցրել մթնոլորտը թեժացնել, հետընտրական քաղաքական գործընթացը կուլմինացիայի հասցնել՝ քաղաքական մյուս ուժերն արդեն դուրս են գալիս հարկադիր պարապուրդից:

«Մենք Հայաստանի իրականության մասին գիտենք ոչ թե կառավարության հայտարարություններից ու որոշումներից, այլ մարդկանց հետ ամեն օր շփվելով, հանդիպելով, նրանցից լսելով, թե որ ոլորտում ինչ է կատարվում», – ԲՀԿ քաղխորհրդի` երեկ կայացած նիստում հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նկատել է, որ ամեն օր մի նոր սոցիալական խավ բողոքի է դուրս գալիս․ «Մի օր տաքսիստները, մի օր ատամնաբույժները, մի օր կրպակատերերը, մի օր փոքր բիզնեսի ներկայացուցիչները, մի օր երիտասարդները: Բոլոր ոլորտներում կան լուրջ պրոբլեմներ: Հիշեք, մենք` ես ու դուք, ԲՀԿ-Ն միշտ այս մարդկանց կողքին պետք է լինենք: Նրանք, ովքեր անձնական խնդիրներ լուծելու համար են եկել ԲՀԿ, այլ ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելու, կարող են գնալ, դուռը բաց է»:

Իսկ ilur.am-ի աղբյուրների տեղեկություններով, Ծառուկյանը բավական կոշտ ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին: «Վերջին տարիներին մենք միասին երկար եւ դժվար ճանապարհ ենք անցել: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ժողովրդին ներկայացրել ենք ծրագրեր, խոստումներ: Եվ ժողովուրդը մեզնից ունի լուրջ ակնկալիքներ: Ես ուզում եմ բոլորդ հստակ իմանաք. Ժողովրդին տրված մեր խոստումներից ու մեր ծրագրերից մեկ քայլ անգամ մենք հետ չենք կանգնելու: Ինձ եւ իմ թիմին ոչ պաշտոններ են պետք, ոչ էլ ինչ-որ արտոնություններ: Ժողովրդի վիճակը ծանր է: Մենք բոլորս դա տեսնում ենք` ամեն օր, ամեն քայլի: Մարդիկ հուսալքությունից գնում են մեր երկրից»,- ասել է Ծառուկյանը:

Նա նաեւ հիշեցրել է, որ երբ ինքը նախընտրական փուլում հայտարարել է, որ պատրաստ է շատ բան կորցնել, բայց ժողովրդի վստահությունը երբեք չի կորցնի «ինչ-որ մարդկանց թվաց, թե դա պատահական խոսք էր»: «Ես այսօր ձեր առաջ, իմ թիմի առաջ ուզում եմ դա կրկնել: Մարդը չի կարող մտածել միայն իր բարեկեցության մասին, չտեսնել ուրիշների պրոբլեմները, չփորձել լուծումներ գտնել: Ուրիշ բան ինձնից մի սպասեք. Ես իմ որոշումը վաղուց եմ կայացրել: Բացի մեր պետության շահից, մեր ժողովրդի շահից ուրիշ նպատակ ես չունեմ»,- ասել է Գ․ Ծառուկյանը:

Հայաստանյան մամուլը երեկվանից վերլուծում է ԲՀԿ-ի ակտիվացումը՝ դեկտեմբերյան պասիվացումից հետո, երբ հայտնի դարձավ, որ իրեն իշխանությանը «այլընտրանք» համարող քաղաքական այս ուժը չի մասնակցելու նախագահական ընտրություններին եւ չի սատարելու որեւէ թեկնածուի:

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գագիկ Ծառուկյանի՝ օրերս կայացած հանդիպման ֆոնին ԲՀԿ-ն կարծես աշխուժացման փորձեր է անում: Թեեւ տեղեկություններ կային այն մասին, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում պետք է քննարկվեր Երեւանի ավագանում մասնակցության եւ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու պատվին արժանանալիք անձի հարցը, սակայն Aravot.am-ի տեղեկություններով կուսակցությունը նախատեսում է այդ հարցին անդրադառնալ շաբաթվա վերջին տեղի ունենալիք քաղխորհրդի նիստերի ժամանակ:

Փաստորեն Ծառուկյանը քաղխորհրդի նիստում չի խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երեք ժամ տեւած հանդիպման մասին:

Փաստացի, հետընտրական զարգացումները, մասնավորապես Ր․Հովհաննիսյանի քայլերը բավական արագ հնարավորություն ստեղծեցին, որպեսզի քաղաքական դաշտում ընդդիմության «տեղին» հավակնողները դրսեւորվեն: ԲՀԿ-ն, որը մինչեւ դեկտեմբերյան որոշումը դեռ ընկալվում էր ազդեցիկ քաղաքական ուժ՝ դուրս մնալով նախագահական ընտրապայքարից այնուամենայնիվ իր վարկանիշին որոշակի հարված հասցրեց։

Սակայն հիմա, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը ակտիվանալու փորձեր կանեն անշուշտ: Իհարկե ԲՀԿ-ի դեպքում սկզբունքորեն բացառված չէ, որ նախագահական ընտրություններում ընդդեմ Սերժ Սարգսյանի հանդես չեկած ԲՀԿ-ն օրինակ Երեւանի քաղաքապետի ընտրություններում լուրջ ներգրավվածություն ունենա, ինչու չէ՝ նաեւ կառավարության կազմում ԲՀԿ-ականներ հայտնվեն:

Առաջիկա շաբաթներին վստահաբար ԲՀԿ-ն կշարունակի իր երբեմնի գործելաոճը՝ քաղխորհրդի նիստեր «կանյաչնիում», Ծառուկյանի «սուր» եւ «կոշտ» քննադատական ելույթներ, ինչպես նաեւ շարունակական հավաստիացումներ, որ ԲՀԿ-ն միշտ եղել է եւ կլինի ժողովրդի կողքին, եւ ոչինչ ավելին․․․

Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումները քաղաքական ուժերի հետ հնարավոր է, որ տեղի են ունենում «Ժառանգության» առաջնորդի կողմից անկեղծ մղումներով՝ քաղաքական դաշտը կոնսոլիդացնելու նպատակով: Բայց գիտակցո՞ւմ է արդյոք Րաֆֆի Հովհաննսիյանը, որ դրանով իսկ պարարտ հող է ստեղծում նոր քաղաքական վերադասավորումների համար, որտեղ իր ազդեցությունն ու դերակատարումը կարող է օր-օրի նվազել՝ ի հաշիվ մյուս քաղաքական ուժերի․․․

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    ԲՀԿ-ն կարող է 5 տարի առաջ մահացած ՕԵԿ-ին լավագույս փոխարինել, ոչ ավելին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031