Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը պարտվել է իր թիմում

Մարտ 06,2013 12:11

Արգամիչի տեղակալները՝ մրցակցության մեջ

 

Եվ այսպես՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը գրանցված է Փափազյան 29 հասցեում, ընտրություններին մասնակցել է 5/21 ընտրատեղամասում, որտեղ եւ իրենց թեկնածուն պարտություն է կրել. Ս. Սարգսյանը ստացել է 309 ձայն, Ր. Հովհաննիսյանը՝ 417:

Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պետի մյուս տեղակալը՝ նրա փեսա Միքայել Մինասյանը, բնակվում է Բայրոնի 3 հասցեում, այս էլիտար շենքերում են բնակվում պետական բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ու մեծահարուստներ։ Նա ընտրություններին մասնակցել է Կենտրոնի 10/27 տեղամասում, որտեղ Ս. Սարգսյանը ստացել է 262, Ր. Հովհաննիսյանը՝ 250 ձայն, այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը ձայների չնչին տարբերությամբ է կարողացել առավելության հասնել։

Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պետի մյուս տեղակալն էլ ՀՀ վերահսկիչ պալատի փոխնախագահ Լեւոն Յոլյանն է. նա գրանցված է Ե. Կողբացու 42 հասցեում եւ քվեարկել է 10/25 ընտրատեղամասում։ Այստեղ եւս ձայների տարբերությունը բավական քիչ է. Ս. Սարգսյանը ստացել է 363, իսկ Ր. Հովհաննիսյանը՝ 343 քվե։ Նույն տեղամասում է ընտրություններին մասնակցել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Ի դեպ, նա ծնունդով Շիրակի մարզի Ամասիա գյուղից է. այստեղ իշխանություններին հաջողվել է մասնակցության բարձր ցուցանիշ ապահովել. 1506 ընտրողից ընտրություններին մասնակցել է 1011-ը, որից 707-ն ընտրել է Ս. Սարգսյանին, 259-ը՝ Ր. Հովհաննիսյանին։

 

Նախարարներն ու օլիգարխները՝ տխուր վիճակում

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Ս. Սարգսյանին իր Մետաքս թաղամասի 9/6 տեղամասում 612 ձայն է ապահովել, Ր. Հովհաննիսյանը ստացել է 427 քվե։

Փոխարենը Ս. Սարգսյանը պարտվել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի 3/34 ընտրատեղամասում. Սարգսյանը ստացել Է 338, Հովհաննիսյանը՝ 382 ձայն։

ՀՀԿ թեկնածուն պարտվել է նաեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի թաղամասում. 9/24 ընտրատեղամասում նա ստացել է 265, իսկ Ր. Հովհաննիսյանը՝ 293 ձայն։

Ս. Սարգսյանը պարտվել է նաեւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայրենի Կապան քաղաքում, այստեղ՝ 38/14 տեղամասում, որտեղ գրանցված է Մովսիսյանը, Ս. Սարգսյանը ստացել է 364, Ր. Հովհաննիսյանը՝ 648 ձայն։

Նման պատկեր է նաեւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ նույն Դերոյի 6/9 ընտրատեղամասում, այստեղ Սարգսյանը ստացել է 407, իսկ Հովհաննիսյանը՝ 444 ձայն։ Նշենք, որ այս ընտրատարածքի համար ոչ պաշտոնապես պատասխանատու է եղել Դումանյանն իր որդիների հետ միասին։

Ս. Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածին քաղաքում եւ կոնկրետ այն տեղամասում, որտեղ նա քվեարկում է. 19/10 ընտրատեղամասում Ս. Սարգսյանը ստացել է 298, իսկ Ր. Հովհաննիսյանը՝ 535 ձայն։

Ս. Սարգսյանը պարտվել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի 1/12 ընտրատեղամասում, Սարգսյանը ստացել է 419, իսկ Հովհաննիսյանը՝ 447 ձայն։

 

Փոխնախագահներով պարտվել են

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի 6/1 ընտրատեղամասում, որտեղ պատասխանատու է եղել Գրիգորիչն իր որդու՝ Արման Սահակյանի հետ, Ս. Սարգսյանը կրկին պարտություն է կրել. նա ստացել է 379, իսկ Հովհաննիսյանը՝ 517 ձայն։

Ս. Սարգսյանը պարտվել է ՀՀԿ մյուս փոխնախագահի՝ Ռազմիկ Զոհրաբյանի 7/6 ընտրատեղամասում, նա ստացել է 410, իսկ Ր. Հովհաննիսյանը՝ 489 ձայն։ ՀՀԿ գաղափարական գծով փոխնախագահ Մուշեղ Լալայանի 12/35 ընտրատեղամասում եւս ՀՀԿ առաջնորդը պարտվել է. նա ստացել է 261, Հովհաննիսյանը՝ 421 քվե։

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Էրեբունիում տեղակայված 13/31 ընտրատեղամասում եւս Ս. Սարգսյանի արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն եղել, նա այստեղ էլ է պարտվել՝ ստանալով 451, իսկ Հովհաննիսյանը՝ 477 ձայն։

Ս. Սարգսյանը պարտվել է անգամ Ալավերդի քաղաքի այն տեղամասում, որտեղ քվեարկում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. 31/43 տեղամասում Շարմազանովի նախագահը ստացել է 306, իսկ ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 331 ձայն։

 

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031